«Արի տեսնեմ՝ ինչպես ես կանգնելու արժանապատիվ հայերի դիմաց». Խորեն Մարդոյանը՝ Զարեհ Սինանյանին
Կանադահայ գործիչ, գործարար Խորեն Մարդոյանը վտանգավոր է համարում Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացին, այդ հարցում Սփյուռքի ներդրած ջանքերին առնչվող հայտարարությունները:
«Հայոց ցեղասպանության ճանաչման և Արցախյան հարցը Սփյուռքի համար այն կարմիր գծերն են, որոնց տրորումը Սփյուռքը երբեք չի հանդուրժելու»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց սփյուռքահայ գործիչը:
Հիշեցնենք՝ օրերս լրագրողների հետ ճեպազրույցում Զարեհ Սինանյանը մասնավորապես նշել էր. «Ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է», «նախորդ 30 տարիների ռեսուրսը, որն օգտագործվել է ցեղասպանության ճանաչման համար, որևէ ռազմավարական արդյունք չի տվել»:
Խորեն Մարդոյանի կարծիքով՝ Զարեհ Սինանյանը ցայսօր չի հասկացել, թե ինչ պետական պաշտոն է զբաղեցնում, և որոնք են այդ պաշտոնի գործառույթները:
«Մենք այս հայտարարությունները պետք է դիտարկենք ոչ թե Զարեհ Սինանյանի կողմից արված հայտարարություններ, այլ պետք է դիտարկենք այն մերձեցման համատեքստում, որն այսօր Հայաստանի իշխանությունները տանում են դեպի մեր թշնամի պետության՝ Թուրքիայի հետ, և «խաղաղություն» կոչված այն քաղաքականության համատեքստում, որը տարվում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ:
Թուրքիան շատ լավ գիտակցում է, որ հայկական Սփյուռքն անկոտրում է, հզոր է,- հավելեց նա՝ նկատելով, որ Սփյուռքի գործերով հանձնակատարը պարզապես անընդունելի է արժանապատիվ Սփյուռքի կողմից,- Իսկ «Ցեղասպանության ճանաչման գործընթացն» ավարտվել է արտահայտությունից հետո Զարեհ Սինանյանն ինքն իրեն դրեց շատ ավելի վատ վիճակի մեջ:
Ինքն ասում է՝ ես հարց չունեմ Սփյուռքի հետ հանդիպելու, ես էլ ասում եմ՝ հրավիրում եմ Կանադա. արի տեսնեմ՝ ինչպես ես դեմ առ դեմ կանգնելու արժանապատիվ հայերին»:
Մանրամասները՝ տեսանյութում