Փաշինյանն Ալիևին երկար սպասեցնել չտվեց․ մեկ ամիս առաջ ներկայացված վերջնագիրն իրագործվեց նախօրեի ասուլիսում

Նիկոլ Փաշինյանը նախօրեի ասուլիսում ըստ էության բավարարեց Իլհամ Ալիևի ապրիլի կեսերին շրջանառության մեջ դրած պահանջը։ Ապրիլի 18-ին հրապարակվեց Իլհամ Ալիևի հարցազրույցը՝ թշնամական սուր հռետորաբանությամբ, սպառնալիքներով, վիրավորական խոսքերով, որոնք ուղղված էին ոչ միայն ՀՀ ներկայիս, այլև նախկին իշխանություններին և ողջ հայությանը:

Ի դեպ, այդ հարցազրույցում Ալիևը Հայաստանն անվանում է թշնամական երկիր, իսկ հայերին՝ թշնամիներ: Ալիևը խոսել էր խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին և անգամ շեշտել՝ Բաքուն հզորացնում է բանակը, որպեսզի պատրաստ լինի ցանկացած իրավիճակի, ու ինչպես հետպատերազմյան իր բոլոր հարցազրույցներում, առանձնահատուկ թշնամական բառապաշարով ներկայացնում է, թե ինչպես է Ադրբեջանը հաղթել 44-օրյա պատերազմում.

«Մենք ջախջախեցինք թշնամու գլուխը և մեծ հաղթանակ տարանք Ղարաբաղյան երկրորդ պատերազմում։ Սակայն Հայաստանում կրկին ակտիվանում են ռևանշիստական ուժերը, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի»:

Ալիևը Հայաստանից պահանջել էր հստակ հայտարարել՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»: «Հայաստանը, որն ասում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», այսօր պետք է կրկնի մեր ասածը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Որովհետև եթե «Ա»-ն ասել է, «Բ»-ն էլ պետք է ասի»,- նշել էր Ալիևը՝ ըստ էության վերջնագիր ներկայացնելով փաշինյանական իշխանությանը։

Կարդացեք նաև

Այնուհետև Ադրբեջանի նախագահն ըստ էության Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով բանակցություններին զուգահեռ՝ մայիսի 3-ին Շուշիում կայացած «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» 4-րդ միջազգային համաժողովում, որը նվիրված էր Հեյդար Ալիևի 100-ամյակին, կրկին մի շարք վերջնագրեր էր ուղղել ՀՀ իշխանություններին։

Նա նշել էր, թե կարևոր է, որ Հայաստանն ինքն այժմ ավելի բաց է, քան Արևմուտքում Հայաստանի որոշ բարեկամներ՝ խոսելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստացի ճանաչման մասին։

Հիշեցնելով, որ «Հայաստանը Պրահայի հայտարարությունը ստորագրել է անցյալ տարվա հոկտեմբերին, իսկ նույն ամսին՝ Սոչիի հռչակագիրը, որտեղ իր համաձայնությունն է հայտնել 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի ընդունմանը՝ որպես հարաբերությունների կարգավորման հիմք», Իլհամ Ալիևն ասել էր․

«Ալմա Աթայի հռչակագրում փաստացի ուրվագծված ու ճանաչված են նախկին ԽՍՀՄ հանրապետությունների վարչական ու պաշտոնական սահմանները։ Սա նշանակում է, որ նրանք արդեն համաձայնել են, որ Ղարաբաղն Ադրբեջան է»։ Ադրբեջանի նախագահը նաև ասել է, որ հայերը «պարզապես պետք է ունենան վերջին խոսքը»։

««Ա» ասացին, հիմա «Բ» պիտի ասեին, իմ ասածն էլ ասեն, որ Ղարաբաղն Ադրբեջան է, սպասում եմ։ Հուսով եմ, որ այդ ժամանակը կգա»,- ընդգծել էր Ալիևը։

Եվ փաստորեն, Փաշինյանը երկար սպասեցնել չտվեց, Ալիևը երազած ժամանակն ավելի շուտ եկավ, քան, թերևս, Ալիևը կպատկերացներ։ Նախօրեին Նիկոլ Փաշինյանն ուղիղ, առանց այլևայլությունների հայտարարեց, որ իր կողմից ճանաչված Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, զուգահեռաբար իբրև թե որպես մեղմացուցիչ հանգամանք՝ նշելով, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ ֆորմատով, ինչն Ադրբեջանը մերժում է և այդ մասին հրապարակայնորեն հայտարարել է բազմիցս:

Հարցին՝ Հայաստանի այսօրվա կառավարությունն ասո՞ւմ է, որ Արցախն Ադրբեջանի մաս է, Փաշինյանը պատասխանեց. «Հայաստանի այսօրվա կառավարությունն ինչ ասի-չասի, ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ՀՀ-ն պատրաստ է ճանաչել, և մեր ընկալմամբ՝ Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը: Եթե ճիշտ ենք հասկանում այս հարցում Ադրբեջանի հետ իրար, ապա ՀՀ-ն, այո, ճանաչում է Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը այն ըմբռնմամբ, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը։ ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ֆորմատում, և մենք կարևոր ենք համարում այդ բանակցությունների միջազգային երաշխիքների ստեղծումը: Նկատի ունենք, օրինակ, որ կարող է ԼՂ իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ ԼՂ հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը: Մենք կարևոր ենք համարում, որ լինեն երաշխիքներ, որ այդ քաղաքականությունը չի շարունակվելու»։

Սակայն այդ, այսպես կոչված, միֆական միջազգային երաշխիքների մասին իշխանական խոսույթի ֆոնին՝ հիշեցնենք Ալիևի նույն ապրիլտասնության հարցազրույցում տեղ գտած մտքերը։ Ալիևն ասել էր․ «Ղարաբաղում հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ հեռանան»:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի քննարկելու իր ներքին գործերը ոչ մի երկրի հետ, «իսկ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է»։ Ադրբեջանի ղեկավարը նշել էր, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է ընտրություն կատարեն.

«Այստեղ լիակատար ազատություն կա, ամեն ինչ որոշվում է ժողովրդավարական գործընթացների հիման վրա։ Այս հարցը նույնպես պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա»։

Տեսանյութեր

Լրահոս