Ադրբեջանը, ընդհանուր առմամբ, ՀՀ-ի և Արցախի սահմանների ուղղությամբ մեծ սպառազինություն և զորքեր ունի կուտակած. Շիրազ Խաչատրյան
Ադրբեջանական «էկոակտիվիստները» երեկ հայտարարություն էին տարածել, որ 2023 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 18:00-ից, ժամանակավորապես կդադարեցվի բողոքի ակցիան: Սակայն, ավելի ուշ պարզ դարձավ, որ Ադրբեջանի կառավարության քաղաքացիական հագուստով, այսպես ասած, գործակալներին փոխարինել են ուժային մարմինների աշխատակիցները:
Ինչ խնդիր էր Ադրբեջանի իշխանությունն ի սկզբանե առաջադրել «էկոակտիվիստներին», և որքանով այն նրանց միջոցով լուծվեց, և ինչ սպասել հետագայում:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրույցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:
– Ի սկզբանե և մինչև օրս, և դեռևս առաջիկա տարիներին թշնամու խնդիրը մեկն է՝ ամբողջովին պարալիզացնել Արցախը, հումանիտար ճգնաժամ առաջացնել, համակարգված քաղաքականությամբ, քայլերով տեղահանել արցախցիներին, էլ չասեմ՝ ցեղասպանության իրական սպառնալիքի մասին։ «Էկոակտիվիստ» կոչեցյալներն իրենց խնդիրը լիարժեք կատարել են, և այժմ դերակատարությունը հանձնել են արդեն ադրբեջանական կանոնավոր բանակին։ Եթե «էկոակտիվիստների» շրջափակման ժամանակ Ալիևն ուղղակի ծաղրում էր միջազգային հանրությանը և հայտարարում, թե իրենք ճանապարհ չեն փակել, ով ուզում է, կարող է անցուդարձ կատարել այդ ճանապարհով, այժմ ադրբեջանական կողմն արդեն պաշտոնական մակարդակով փակել է Լաչինի միջանցքը՝ հայկական կողմին նոր առաջարկներ ներկայացնելով, իսկ ռուս խաղաղապահների հետ անընդհատ բանակցություններ են վարում՝ ճանապարհին անցակետի գործառույթ մտցնելու ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը շատ համակարգված է գործում, և եթե հայկական կամ ռուսական կողմն այս ուղղությամբ անգործություն ցուցաբերեն, ապա միանշանակ ժամանակը և իրողությունները կաշխատեն Բաքվի օգտին։
Ինչ վերաբերում է հետագա հնարավոր գործողություններին Ադրբեջանի կողմից, պետք է ասեմ, որ Ադրբեջանն Արցախի հետ շփման գծի տարբեր հատվածներում ցանկացած իրավիճակ կարողանում է օգտագործել իր օգտին, նախ՝ քարոզչական մակարդակով, ապա՝ ինչ-ինչ սադրիչ գործողություններով փորձում է իր այս կամ այն պլաններն իրագործել։ Օրինակ, ապրիլի 22-ին ադրբեջանական տեղեկատվական մակարդակով հայտարարվեց, որ ադրբեջանական զինվորական մեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով 3 ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել: Դա առիթ հանդիսացավ, որ հաջորդ օրվանից «էկոակտիվիստների» «փափուկ» ակցիան փոխարինեն ավելի կոշտ գործողություններով։ Երեկ էլ արդեն ադրբեջանական տելեգրամյան ալիքներով և լրատվական որոշ կայքերով նշում էին, որ Թարթառի հատվածում ևս ականի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 3 ադրբեջանցի է զոհվել։
Պարզ է՝ ադրբեջանական պաշտոնական հռետորաբանությունն ավելի կկոշտանա, ինչն էլ իր ուղիղ ազդեցությունը կունենա սահմանային այս կամ այն իրավիճակի վրա։ Իսկ ընդհանուր առմամբ, մեկ անգամ չէ, որ ադրբեջանական կողմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո Արցախի շփման գծի տարբեր հատվածներում ռազմական լուծումների է գնացել, և, ցավոք սրտի, ամեն անգամ էլ մի բան ստացել է։ Այնպես որ՝ երբ ադրբեջանական կողմն ամեն անգամ որևէ տեղեկատվական աղմուկ է բարձրացնում, դրան հետևում է ինչ-որ գործողություն, նոր սահմանային սրացումներ։
– Արցախում որոշել են անցնել կիսանախագահական կառավարման համակարգի, ներքաղաքական ինչ-ինչ զարգացումներ կան, ինչ-որ բևեռների մասին խոսակցություններ են շրջանառվում։ Այս ամենն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ադրբեջանական քայլերի վրա, կամ գուցե հակառակը: Ի դեպ, արդյո՞ք, ինչպես ՊԲ նախկին հրամանատար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանն է վստահեցնում, հնարավոր է 100 օրում Արցախը հանել գերությունից, ներկայում ստեղծված իրավիճակից, իհարկե, եթե համապատասխան լծակներ կամ պետնախարարի լիազորություն հենց իրեն վերապահվի:
– Այո, մոտ հինգ ամիս շրջափակմանը, հումանիտար ծանր իրավիճակին, անվտանգային տարբեր խնդիրներին զուգահեռ՝ Արցախի ներքաղաքական կյանքում բավականին ուշագրավ վերադասավորումներ են տեղի ունենում։ Մի շարք գործիչների իրական մոտիվացիաները նույնիսկ ինձ համար էլ են անհասկանալի։ Մի բան կարող եմ ասել՝ եթե առաջ պաշտոնական Բաքուն չէր խառնվում, չէր արձագանքում Արցախի ներքաղաքական վերադասավորումներին, ապա այժմ Ադրբեջանը, ինչպես վերևում նշեցի, ցանկացած առիթ (սահմանադրական փոփոխություններ, ընտրություններ և այլն) փորձելու է օգտագործել, միջազգային ընկալումների շրջանակներում լեգիտիմացնելով իր հնարավոր գործողությունները։
Մնացյալ ֆանտաստիկայի ժանրի ասելիքներին, պոպուլիստական հայտարարություններին իմաստ չեմ գտնում արձագանքելու։ Սնապարծությունն ու ամբարտավությունն էլ չափ ու սահման պետք է ունենա։ Մեկ-մեկ էմոցիոնալ դիտանկյունից նայելով, ուզում ես ասել՝ տվեք այդ մարդուն 100 օր, թող մեզ բոլորիս փրկի, բայց զուգահեռ գիտակցում ես խոսքի փուչ լինելու ողջ էությունը։ Հայրենասեր, հայրենիք փրկող, գործից հասկացող մարդը կողքից քմծիծաղով չէր հետևի, թե ոնց ենք պարտվում մարտի դաշտում, ոնց է այսօր կործանվում Արցախը, իսկ ինքը «սուպերմենի» կոստյում հագած՝ սպասում է, թե երբ են գալու իրեն խնդրեն։ Սա աբսուրդ է ուղղակի։
– Մեկ անգամ չէ, որ նշել եք՝ Սյունիքը գեոպոլիտիկ մեծ խաղացողների ուշադրության առանցքում է, խոսել եք Սյունիքի շուրջ աշխարհաղաքական զարգացումներից և թուրք-ադրբեջանական հետաքրքրություններից, ամեն դեպքում, հաշվի առնելով Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած զարգացումները, ի՞նչ սպասել այս հատվածում:
– Ընդհանուր առմամբ, ադրբեջանական կողմը ՀՀ-ի և Արցախի սահմանների ուղղությամբ մեծ սպառազինություն և զորքեր ունի կուտակած, ինչն էլ արդեն իսկ մշտապես պահպանում է թշնամու կողմից տարբեր ավանտյուրաների, մարտական գործողությունների գնալու ռիսկերը։ Մանավանդ, երբ Սյունիքի արևելյան սահմանագծի ամբողջ հատվածով Ադրբեջանը գրեթե բոլոր բարենպաստ մարտավարական և ռազմավարական բարձունքներում տեղակայվել է և հնարավոր գեոպոլիտիկ հարմար միջավայրի պայմաններում կարող է նոր արկածախնդրությունների գնալ։
– Երեկ Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում՝ նրանց ներկայությունը Ադրբեջանի զինված ուժերի համար զսպող գործոն դիտարկելով: Հիմնավո՞ր է սա, այդպե՞ս է:
– Երբ ԵՄ դիտորդական առաքելության զեկույցները հասանելի չեն մեր ռազմաքաղաքական ղեկավարության համար, բայց հասանելի են Բաքվի համար, երբ Ադրբեջանը նախապես տեղեկացված է լինում մեր զինված ուժերի ուղեկցությամբ դիտորդների շարժի մասին (փաստացի ադրբեջանական կողմին է փոխանցվում նաև մեր ԶՈւ տեղաշարժերի վերաբերյալ ինֆորմացիա), ապա այդ մասով բավականին մտահոգիչ գնահատականներ պետք է հնչեցնել, մնացյալ չերևացող համագործակցության մասով ոչինչ չեմ կարող ասել։
– Ի դեպ, Էդվարդ Ասրյանն օտարերկրյա դիվանագետին ներկայացնելով 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները, ասել է՝ Ադրբեջանը ցանկանում էր գրավել Ջերմուկը: Ի՞նչ խնդիր է Ջերմուկով լուծել և լուծում Ադրբեջանը:
– Ես անձամբ չեմ կարծում, որ թշնամին կոնկրետ այդ, կամ մեկ այլ հայկական բնակավայր գրավելու խնդիր է ունեցել, Ադրբեջանն ավելի շատ դիրքային խնդիրներ է լուծել՝ մարտավարական և ռազմավարական առավելություն ստանալու համար, հեռանկարում նոր բնակավայրերի և տարբեր կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողություն ունենալու համար։ Եթե, օրինակ, տեսականորեն Ջերմուկի գրավման դեպքում թշնամին կարող էր ինչ-որ դժվարություններ ունենալ, ապա Ներքին Հանդի, Վարդենիսի որոշ գյուղերի դեպքում իրավիճակի բերումով պատկերը լրիվ այլ կարող էր լինել։ Ադրբեջանական կողմն իր առաջադրանքը կատարել է, իսկ բնակավայրեր գրավելու դեպքում սցենարներն այլ են՝ խորքում դեսանտի իջեցման իրականացումից սկսած՝ մինչև տարբեր տիպի զորքերի անմիջական ներգրավում, էլ չեմ ասում հրետանու, ավիացիայի կիրառման և այլնի մասին։
– Ադրբեջանը վերջին շրջանում վերաակտիվացրել է պահանջները Տավուշի ուղղությամբ, սա, ըստ էության, միակ ուղղությունն է, որտեղ ունենք դիրքային լուրջ առավելություններ:
– Ադրբեջանի կողմից իջեցված օրակարգերը ժամանակ առ ժամանակ փոփոխվում են, մեկ առաջնային դառնում է Արցախի հետ կապված հարցերը, մեկ առաջ են բերում, այսպես ասած՝ «միջանցքի» հետ կապված խնդիրը, մեկ բարձրաձայնում, այսպես կոչված, անկլավների թեման։ Բոլոր խնդիրներն էլ փոխկապակցված են։ Պետք է հետևել ադրբեջանական տեղեկատվական հռետորաբանությանը, նաև իրենց զորքերի շարժերին։ Այո, Տավուշի ուղղությամբ մեր դիրքերն ամուր են, բայց կահավորվածության, հագեցվածության, ենթակառուցվածքների առումով նմանատիպ հարյուրավոր դիրքեր ունեինք նաև Արցախում, սակայն 44-օրյայի ժամանակ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ։ Այսինքն, պետք է պատրաստ լինես հարձակմանը։
Երբ, օրինակ, պատերազմը սկսելուց ամիսներ առաջ, իսկ վերջին երկու օրվա ընթացքում՝ 100 տոկոսանոց ինֆորմացիա ես ստանում ադրբեջանական հարձակման մասին, բայց զորքերդ խաղաղ պայմաններից պատերազմական դրության չես բերում, ունենում ես դիրքային, տարածքային ու մարդկային հսկայական կորուստներ։ Ասածս այն է, որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունից շատ բան է կախված, թե ինչպես դիամագրավել թշնամուն՝ օգտագործելով դիրքային և ռազմական առավելություններդ:
Բայց երբ հանցավոր անգործություն ես ցուցաբերում, ինչպես եղել է բազմաթիվ անգամ, ապա ոչ մի ամուր դիրք էլ, ցավոք սրտի, անառիկ պահել չի հաջողվի: