«Կարմիր խաչի աջակցությամբ և ուղեկցությամբ բուժառուներ կտեղափոխվեն Հայաստան». Արցախի ԱՆ խոսնակ
Ապրիլի 23-ին ադրբեջանական կողմն Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում, փակել է և իրականացնում է հսկիչ անցակետեր տեղադրելու աշխատանքներ։ Արդյունքում՝ Արցախի Հանրապետության Լիսագոր, Եղցահող, Մեծ Շեն և Հին Շեն գյուղերը գտնվում են տոտալ շրջափակման մեջ, կտրվել է կապը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի հետ։ Մաքսակետեր դնելուց հետո, Ադրբեջանը մեծ ցուցանակ է փակցրել տարածքում, հայտարարելով, թե «այցելուները գտնվում են Ադրբեջանի տարածքում»։
Ապրիլի 23-ից հետո Արցախի Հանրապետության բուժհաստատություններում ստեղծվել էր դժվար կացություն՝ հատկապես 4 ամսից ավելի շրջափակման պայմաններում, քանի որ հիվանդներին դժվարությամբ էին տեղափոխում Հայաստան։ Համացանցում նույնիսկ լուրեր շրջանառվեցին, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որպեսզի Կարմիր խաչի մեքենաները և ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն հասցնեն Արցախ, այդ թվում՝ դեղորայք։
168.am-ի հետ զրույցում Արցախի առողջապահության նախարարի խոսնակ Անգելինա Իսախանյանն ասաց, որ այսօր Կարմիր խաչի աջակցությամբ և միջնորդությամբ Արցախից կրկին բուժառուներ կտեղափոխվեն Երևանի բուժհաստատություններ։
«Մենք աշխատանքների մասին պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացնում ենք, այսօր Կարմիր խաչի աջակցությամբ և ուղեկցությամբ կրկին բուժառուներ կտեղափոխվեն Հայաստան»,- նշեց Անգելինա Իսախանյանը։
Ինչ վերաբերում է դեղորայքին, Անգելինա Իսախանյանը փոխանցեց, որ նման պաշտոնական տեղեկատվություն Արցախի ԱՆ-ի կողմից չի հաստատվել։
«Նշեմ նաև, որ Արցախում պլանային վիրահատությունները մասնակիորեն վերսկսել ենք»,- եզրափակեց Արցախի ԱՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այսօր արդեն 136-րդ օրն է՝ ինչ Արցախը գտնվում է տոտալ շրջափակման մեջ։