«Երեխաս այսօր միայն սև հաց է կերել, ստամոքսը չի ընդունում, ճառագայթի տակ է եղել». Արցախում ադրբեջանական շրջափակումը սպառնում է երեխաների կյանքին

168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Արցախում ադրբեջանական շրջափակման պայմաններում ապրող 9-ամյա աղջնակին, որ ունի երիկամների քաղցկեղ, զրկված է նորմալ բուժվելու և սնվելու բոլոր հնարավորություններից։

44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութից տեղահանված Անուշ Անդրյանի բազմանդամ ընտանիքի համար սա երկրորդ մեծ փորձությունն է, որ փորձում են հաղթահարել։ Նախ, պատերազմի ժամանակ կորցրեց տունը, իսկ հիմա էլ ստիպված է 6 երեխաների ու ամուսնու հետ պայքարել ադրբեջանական շրջափակման դեմ, դրան զուգահեռ՝ սնունդ հայթայթել քաղցկեղով հիվանդ աղջկա համար։

Անուշն այս պահին ամուսնու և 6 երեխաների հետ, որոնցից միայն մեծն է չափահաս, բնակվում է Ստեփանակերտում՝ հյուրատանը։

Այսօր 168.am հետ զրույցում Անուշ Անդրյանն ասաց, որ մեզ հետ ավելի վաղ ունեցած զրույցից հետո աղջկա առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չի եղել, հակառակը՝ սկսել է մշտապես բողոքել ստամոքսի ցավերից։

Կարդացեք նաև

«Որևէ բան էլ չենք կարողացել անել, ամեն ինչ նույնը մնացել է, ավելին՝ վատթարացել է։ Երեխայիս այս պահին սնունդ է պետք, որը չկա, դեղորայք չկա, բժիշկն ասել է, որ լավ պիտի սնվի։ Երեխաս այսօր միայն սև հաց է կերել, ստամոքսը չի ընդունում, ճառագայթի տակ է եղել։

Երևան եթե տանեմ, թույլ են տալիս, որ մենակ ես ու երեխան գնանք, բայց մյուս երեխաներիս այստեղ ո՞վ պահի, այն էլ այս դժվար շրջանում, ամուսինս ամեն օր պոստերում է։

Երեկ Կառավարություն էի գնացել, ասում է՝ տար Երևան երեխային՝ բժիշկների հսկողության տակ, հարցնում եմ՝ բա իմ փոքր երեխաների՞ն ինչ անեմ, ո՞ւմ հույսին թողնեմ։

Ռուսաստանի Կարմիր խաչի տրամադրած օգնությունից դեռ որևէ բան չենք ստացել, չգիտեմ էլ՝ ստանալո՞ւ ենք, թե՞ չէ»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ տեսնելով, որ 9-ամյա աղջկա ստամոքսի ցավերն ամենօրյա բնույթ են կրում, դիմել է Կառավարությանը, 10 կգ սպիտակ ալյուր է վերցրել, որ հաց պատրաստի միայն աղջկա համար, սակայն դրանից, միևնույն է, վիճակը չի փոխվել, քանի որ ցամաք հաց է միայն կերել։

«Ստեփանակերտում էլ երեխային բժշկի չեմ տարել, չկա հնարավորություն, մեկ է, որ տանեմ, ասելու են՝ տեղափոխի Երևան։

Երեխաներիցս ոչ մեկը դպրոց չի գնում, ո՛չ կարողանում են, ո՛չ էլ կոշիկ ու շոր ունեն։

Երևանում իրեն բուժող բժիշկներն ասում են՝ մինչև չգա այստեղ, ԿՏ չանենք, չենք իմանա՝ առողջական վիճակի մեջ ինչ փոփոխություններ կան, թե ինչ է լինելու այս ամենի վերջը, չեմ կարող ասել։

Մեծ տղաս էլ ջերմությամբ պառկած է, դեղ չենք կարողանում գտնել։

Ոտքով քանի կիլոմետր գնացել եմ զիբիլի «կանտորից» մի պուտ հող եմ բերել, որպեսզի լվանամ ու աղ սարքեմ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վիճակ է»,- եզրափակեց Անուշ Անդրյանը։

Տեսանյութեր

Լրահոս