Պետք է հիշեցնեմ, որ ՀՀ-ն այդ պիղծ հայտարարության մեջ կողմ է հանդիսանում` ի տարբերություն ՌԴ-ի, որը միջնորդ է. Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանը, Լաչին (Բերձոր)-Ստեփանակերտ ճանապարհին ստուգիչ անցագրային կետ տեղակայելով, արցախահայության շուրջ ավելի է սեղմում օղակը:

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրավիճակը համարում են ՌԴ թերացումը՝ կոչ անելով Ռուսաստանի Դաշնությանը կատարել նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած պարտավորությունը: Իրավիճակի առնչությամբ կոչեր են հնչեցրել ԱՄՆ-ը, Ֆրանսիան, նաև՝ ՌԴ-ն:

168.amիրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է միջազգային հանրությունը բացառապես բավարարվում հորդորներով. արդյոք չկա՞ միջազգային որևէ իրավական մեխանիզմ, որն այս պահին կարող է կանգնեցնել Ադրբեջանին:

Ի պատասխան՝ Լարիսա Ալավերդյանը նկատեց. «Միջազգային հանրություն կոչվածը չունի ինքնուրույն նախաձեռնություններով հանդես գալու սովորություն. այստեղ նախաձեռնողականությունն ամբողջովին հայկական կողմի և կոնկրետ ՀՀ վրա է: ՀՀ-ից հնչող կրավորական հայտարարությունները, դիրքորոշումը, փաստորեն, մի ուղերձ է միջազգային հանրությանը, որ չնախաձեռնի որևէ բան:

Կարդացեք նաև

Պետք է լինի շահագրգիռ կողմը, ընդ որում, այնպիսի ակտիվ գործունեությամբ, որ տեղ չթողնի միջազգային հանրությանը՝ չձեռնարկել համապատասխան քայլեր: Մենք պետք է ազնվորեն խոստովանենք, որ հայկական կողմը՝ օրվա վարչակազմը, չի անում նման բաներ, հակառակը՝ իր բոլոր ուղերձները կարծես թե խոսում են այն մասին, որ ՀՀ-ն ոչ միայն համաձայն է, այլև ընդառաջում է Ադրբեջանին իր բոլոր հանցագործություններում: Եվ այդ առումով ես իմ հարցերը չէի հղի միջազգային հանրությանը»:

Այս համատեքստում իրավապաշտպանը հիշեցրեց, որ միջազգային խոշոր խաղացողներն ավելի վաղ նշել են իրենց դիրքորոշումը տարածաշրջանային առկա իրողությունների համատեքստում:

«ԱՄՆ-ը, օրինակ, պարզ արտահայտվել է՝ ասելով, որ Ադրբեջանի դեմ որևէ պատժամիջոց չեն ձեռնարկելու, Եվրոպան էլ ավելի վաղ հստակեցրել է՝ չի ուղարկելու ռազմական ուժեր: Մնում է՝ մենք կարողանայինք ճիշտ քաղաքականություն վարել ՌԴ-ի հետ, մինչդեռ ՀՀ-ն փորձում է ամեն ինչ անել՝ ցույց տալու, որ ինքն ընդհանրապես կապ չունի, և միայն այդ հարցում ՌԴ-ն է պատասխանատու. ես պետք է հիշեցնեմ, որ ՀՀ-ն այս եռակողմ պիղծ հայտարարության մեջ կողմ է հանդիսանում` ի տարբերություն ՌԴ-ի, որը միջնորդ է»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը:

Մեր զրուցակիցը ցավով արձանագրեց՝ մենք այսօր չենք կարող ավելի պահանջատեր լինել միջազգային հանրությունից, քան մեր պետության վարչակարգից, մեր դիմադրությունը կազմակերպող ուժերից:

«Մենք պետք է հասկանանք՝ միայն մեր հավաքական ուժն է, որ կարող է կտրուկ վերջ դնել այն աղետալի ճանապարհի, որի վրա ոչ թե կանգնած է այսօրվա վարչակազմը, այլ, որի համար եկել է այդ վարչակազմը: Իրենց բերել են պղտոր գլոբալիստական ուժերը և ուղղորդել են ժողովրդին, որպեսզի ստացվի, թե ժողովուրդն է իրենց ընտրել:

Իրենք եկել են լուծելու մեկ խնդիր, որը բաղկացած է երկու մասից՝ օր առաջ և հնարավորինս ամբողջովին Արցախը բռնակցել Ադրբեջանին և, դրանով իսկ, Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդ Ադրբեջանի կցորդը»,- ամփոփեց Լարիսա Ալավերդյանը:

Տեսանյութեր

Լրահոս