Ռուսաստանը կարող է մինչև 2026 թվականի վերջ երկարաձգել դիզելի արտահանման արգելքը․ Reuters
Ռուսաստանը ծրագրում է մինչև սեպտեմբերի վերջ երկարաձգել դիզելային վառելիքի արտահանման արգելքը։ Որոշումն ընդունվել է ներքին շուկայում պահպանվող դեֆիցիտի և ուկրաինական անօդաչու թռչող սարքերի պարբերական հարվածներից հետո մի շարք նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) աշխատանքի դադարեցման պատճառով։ Այս մասին, հղում անելով ոլորտային աղբյուրներին, հայտնում է Reuters գործակալությունը։
Գործակալության զրուցակիցներից մեկի փոխանցմամբ՝ Մոսկվայում քննարկում են նաև սահմանափակումները մինչև 2026 թվականի վերջ երկարաձգելու հնարավորությունը։
Ներքին շուկան կայունացնելու նպատակով Ռուսաստանն ի սկզբանե դիզելային վառելիքի արտահանումն արգելել է հուլիսի 8-ից 31-ն ընկած ժամանակահատվածում։ Ավելի ուշ արտադրողների համար սահմանված սահմանափակումները երկարաձգվել են մինչև օգոստոսի 31-ը։ Ընդ որում, արտադրությամբ չզբաղվող ընկերությունների կողմից դիզելի, ինչպես նաև բենզինի արտահանումն արգելված է մինչև հունվարի 31-ը, իսկ ավիացիոն վառելիքինը՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի վերջ։
Օգոստոսին Ռուսաստանի որոշ տարածաշրջաններում վառելիքի պակասուրդը վերստին ի հայտ եկավ՝ հուլիսի վերջին իրավիճակի կարճատև բարելավումից հետո։ Միևնույն ժամանակ, ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ կառավարությունը սահմանափակումները չեղարկելու որոշում դեռևս չի կայացրել, և վստահեցրել է, թե «ներքին շուկայում դիզելային վառելիքի դեֆիցիտ չկա»։
Իրավիճակն ավելի են բարդացնում ռուսական ՆՎԳ-ների ուղղությամբ հասցվող հարվածները։ Օգոստոսի 25-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումից հետո Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթավերամշակման գործարանը դադարեցրել է իր աշխատանքը։ Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբն իր հերթին հաստատել է Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի ՆՎԳ-ին հասցված հարվածը։ Վերջինիս նախագծային հզորությունը կազմում է տարեկան 6,25 միլիոն տոննա վերամշակված նավթ։
Reuters-ի տվյալներով՝ հուլիսին ռուսական նավթային օբյեկտներին ուկրաինական հարվածները հանգեցրել են նավթավերամշակման ծավալների կրճատմանը։ Այն հասել է օրական մինչև 3,6 միլիոն բարելի, ինչը նվազագույն ցուցանիշ է 2002 թվականի մայիսից ի վեր։ Գործակալության աղբյուրներից մեկը նշել է, որ դիզելի արտահանման արգելքի ժամկետը կարող է վերանայվել, եթե ռուսական ՆՎԳ-ները արտապլանային նորոգումներից հետո վերականգնեն արտադրության ծավալները։

