Հարություն Ավետիսյանը երրորդ տեղն է գրավել պատանիների Եվրոպայի առաջնությունում
Կոսովոյում ընթացող առաջնության 85 կգ քաշային պատանիների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Ավետիսյանը բրոնզ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
«Ավետիսյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` բարձրացնելով 133, 138 և 141 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում մեր ծանրորդը գլխավերևում պահեց 160 և 168 կգ: Այս ձևում նա երրորդն էր»,-նշված է հաղորդագրության մեջ:
Երկամարտի 309 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը դարձել էր Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության չեմպիոն, իսկ Արթուր Պետրոսյանն (60 կգ) ու Հայկ Մովսիսյանը (70 կգ)՝ փոխչեմպիոն։

