Մոսկվան իսկապես խիստ ջղային է. Կա պահանջների ցանկ, որի մասին հրապարակայնորեն չի խոսվում. Ալեքսանդր Իսկանդարյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է:
Հաղորդման ընթացքում քննարկվել են ԽՍՀՄ փլուզումը և դրա հետևանքները, որոնք մինչ օրս շարունակում են ազդեցություն պահպանել հետխորհրդային տարածքի քաղաքական գործընթացների վրա, ինչպես նաև Ռուսաստանի հարաբերությունների ձևափոխումը նախկին խորհրդային հանրապետությունների հետ և ժամանակակից ռուսական արտաքին քաղաքական դոկտրինի ձևավորումը:

Առանձնակի ուշադրություն է դարձվել հայ-ռուսական հարաբերություններին, դրանց ներկա վիճակին և հետագա զարգացման հնարավոր սցենարներին: Քննարկվել են Հայաստանի անդամակցության հարցերը ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչպես նաև Երևանի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխության հետ կապված հնարավոր ռիսկերն ու հնարավորությունները:
Կենտրոնական թեմաներից մեկն է դարձել Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների ապագան՝ անդամակցության գործընթացի հնարավոր սկիզբը, համապատասխան հանրաքվեի անցկացման հեռանկարները, Բրյուսելի և Մոսկվայի արձագանքը, ինչպես նաև եվրոպական ուղեգծի հնարավոր հետևանքները Հայաստանի տնտեսության և արտաքին քաղաքականության համար:
Քննարկվել են նաև ռազմավարական ենթակառուցվածքների հարցերը, մասնավորապես՝ Հայկական երկաթուղու կառավարման հնարավոր փոխանցումը երրորդ երկրին, և թե որքանով են նման քայլերը համատեղելի հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ձևափոխման անհրաժեշտության մասին հայտարարությունների հետ:
Առանձին դիտարկվել են Հայաստանի ներկայիս իշխանությունների նկատմամբ Մոսկվայի հնարավոր սպասումներն ու պահանջները, ներառյալ այն հարցերը, որոնք պաշտոնապես միշտ չէ, որ դուրս են բերվում հրապարակային հարթություն, ինչպես նաև քաղաքական և տնտեսական ճնշման գործիքակազմը, որը Ռուսաստանը պոտենցիալ կերպով կարող է օգտագործել Երևանի հետ հարաբերություններում:
Հայկ Դերզյան

