Իրանն ու Օմանը շրջանակային համաձայնության են հասել Հորմուզով նավարկության վերաբերյալ

Իրանն ու Օմանը հայտարարել են, որ շրջանակային պայմանավորվածություն են ձեռք բերել Հորմուզի նեղուցով անտվանգ նավարկությունը վերսկսելու վերաբերյալ։

Նախօրեին հրապարակված համատեղ հայտարարության մեջ երկու երկրները նշել են, որ հաստատված ծրագիրը ներառում է համատեղ ժամանակավոր նավարկելի ուղու ստեղծում և համաշխարհային մատակարարումների համար առանցքային այս նեղուցում ականազերծման գործընթացի իրականացում։

«Առաջարկվող շրջանակը ներառում է Հորմուզի նեղուցով ժամանակավոր համատեղ գործողության կազմակերպում․․․ նեղուցով համատեղ միջանցքը կյանքի կոչելու համար։ Դրա նպատակն է մեկ միասնական միջանցքի կառավարումը նեղուցի մշտական և ապագա վերահսկողության համար, ինչպես նաև տեղեկատվության փոխանակումը, երթևեկության կառավարման և անվտանգության հետ կապված ծառայությունների մատուցման մեխանիզմների ապահովումը», – հայտարարում են Թեհրանն ու Մասկատը։

Օմանի արտաքին գործերի նախարար Բադր Ալբուսաիդին երեկ Թեհրանում էր, որտեղ հանդիպել էր իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիին։

Հաղորդվում է, որ կողմերն ընդգծել են Պարսից ծոցի ափամերձ հարևաններին ընթացիկ քննարկումների մաս դարձնելու կարևորությունը։

Օմանն ու Իրանը շաբաթներ շարունակ Հորմուզի նեղուցով անվտանգ առևտրային նավարկության վերականգնման ուղղությամբ բանակցություններ են վարում։ Այս ամիս Թեհրանը հայտարարեց, որ կողմերը փոխըմբռնման են եկել առաջարկվող նավարկելի երթուղու աշխարհագրական կոորդինատների շուրջ:

Բանակցությունները կենտրոնացել են անվտանգ տարանցման ապահովման վրա՝ միաժամանակ հաշվի առնելով Իրանի մտահոգությունները ռազմավարական նեղուցում ինքնիշխանության և անվտանգության վերաբերյալ, որի նկատմամբ վերահսկողությունը առանցքային տարաձայնությունների թեմա է Իրան-ԱՄՆ հակամարտությունում:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարեց, որ իրեն տեղեկացրել են Հորմուզի նեղուցն ամբողջությամբ ականազերծված լինելու մասին՝ պնդելով, թե «Իրանը նախազգուշացվել է՝ նոր ականներ տեղադրող ցանկացած նավ անհապաղ և համակարգված կերպով ոչնչացվելու է»։

Իրանի ԱԳ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հերքել է, թե Հորմուզն ականազերծվել է՝ վերահաստատելով, որ նեղուցի ամբողջ երթևեկությունը փակ է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները, ի թիվս այլնի, չի վերացրել Իրանի տնտեսական շրջափակումը և վերջ չի դրել պատերազմին բոլոր ճակատներում, ներառյալ՝ Լիբանանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31