50 հազար աշխատակցի կրճատելու ծրագրերի պատճառով Volkswagen-ի աշխատակիցները սուլել են ընկերության ղեկավարին
Volkswagen-ի լայնամասշտաբ վերակազմավորման ծրագրերի պատճառով գերմանական ավտոարտադրողի ղեկավար Օլիվեր Բլումը բախվել է աշխատակիցների բողոքի ալիքին։ Այս ամենը կարող է հանգեցնել տասնյակ հազարավոր աշխատատեղերի կրճատման և գործարանների փակման։
Երեքշաբթի օրը Վոլֆսբուրգում Volkswagen-ի կենտրոնակայանում ավելի քան 10 հազար աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ բանվորները սուլել են Բլումին, գոռացել բողոքի կարգախոսներ և պահել «Մեր աշխատատեղերը ձեր հաշվապահական ճշգրտումները չեն» գրությամբ պաստառներ։
Ելույթ ունենալով աշխատակիցների առջև՝ Բլումը կոչ է արել միավորել ուժերը և հայտարարել, որ արմատական վերակառուցումն անհրաժեշտ է Եվրոպայի խոշորագույն ավտոարտադրողի ապագայի համար։
«Ապագայի մեր ծրագիրը մեր ընկերության պատմության մեջ ամենախոշոր վերափոխման ծրագիրն է։ Այն կյանքի կոչելու համար այժմ բոլորը պետք է միավորեն իրենց ջանքերը», — ասել է նա։
Բլումն առաջին անգամ է հրապարակավ ելույթ ունեցել անձնակազմի մասշտաբային կրճատման և ձեռնարկությունների հնարավոր փակման ծրագրերի մանրամասների հայտնի դառնալուց հետո։ Նրա խոսքով՝ վերակազմավորման նպատակներից մեկը ընկերության բոլոր արտադրական հարթակների զարգացման հեռանկարները պահպանելն է։
«Մեր նպատակն է առաջիկա 6–12 ամիսների ընթացքում կայուն զարգացման հեռանկարներ ստեղծել մեր բոլոր ձեռնարկությունների համար», — հայտարարել է Volkswagen-ի ղեկավարը։
Ենթադրվում է, որ հնարավոր կրճատումները կարող են ազդել շուրջ 50 հազար աշխատակցի վրա, ընդ որում՝ դրանցից մոտ կեսը բաժին է ընկնելու Գերմանիային։ Մնացած աշխատատեղերը կարող են կրճատվել այլ երկրներում, որտեղ Volkswagen Group-ը միավորում է շուրջ 170 ընկերություն։
Միևնույն ժամանակ Բլումն ընդգծել է, որ 50 հազար ազատման ցուցանիշը դրված նպատակ չէ, այլ ընդամենը «տեսական հաշվարկ»՝ հիմնված ընկերության ծախսերի վրա։ Նրա խոսքով՝ Volkswagen-ի ծախսերը մոտ 30%-ով բարձր են համադրելի ավտոարտադրողների միջին ցուցանիշից։
Ղեկավարությունը նախատեսում է հնարավորինս խուսափել պարտադիր աշխատանման ազատումներից և շեշտը դնել կամավոր միջոցների վրա՝ վաղաժամկետ կենսաթոշակի անցնում, աշխատակիցների հետ համաձայնագրեր, հաստիքների բնականոն կրճատում և նոր աշխատողների ընդունման սահմանափակում։
Գործարանների փակումը Բլումն անվանել է «վերջին և ամենաթանկարժեք միջոցը»։ Ձեռնարկությունների պահպանման տարբերակների թվում նա նշել է, որ պատրաստվում է արտադրության մի մասն ուղղել ռազմական արդյունաբերությանը, ինչպես նաև Գերմանիայում չինական շուկայի համար էլեկտրամոբիլների թողարկմանը։
Միևնույն ժամանակ, Օսնաբրյուկում գտնվող Volkswagen-ի գործարանում ավտոմեքենաների արտադրությունը նախատեսվում է դադարեցնել հաջորդ տարվա ընթացքում։ Էմդենում, Ցվիկաուում, Նեկարզուլմում և Հանովերում գտնվող ձեռնարկություններում 2030 թվականից հետո ավտոարտադրություն այլևս չի իրականացվի։
Volkswagen-ի արտադրական խորհրդի ղեկավար Դանիելա Կավալլոն հայտարարել է, որ գործարանների փակման դեմ բողոքները չափազանց մեծ են։
«Ընկերության վարչության և, մասնավորապես, գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումի նկատմամբ մեր վստահությունը խաթարվել է։ Ոչ այնքան, որ հնարավոր չլինի վերականգնել, բայց վնասն արդեն հասցված է», — ասել է նա։
Կավալլոն նաև մեղադրել է Բլումին ընկերության ապագայի հարցում ոչ բավարար հստակության համար։
«Հնարավոր չէ աշխատել մի գլխավոր տնօրենի հետ, ով իր աշխատակիցներին չի ասում, թե ինչ է կատարվում», — հայտարարել է արտադրական խորհրդի ղեկավարը։
Volkswagen-ը գնալով ավելի մեծ ճնշում է զգում չինական ավտոարտադրողների կողմից եվրոպական շուկայում, բախվում է Չինաստանում վաճառքների նվազմանը և ամերիկյան բարձր մաքսատուրքերի հետևանքներին։ Ընկերությունը արդեն մի քանի տարի է ինչ տառապում է շահույթի անկումից և Եվրոպայում գերարտադրությունից։
Անցյալ շաբաթ Բլումը Volkswagen-ի վիճակն անվանել էր «ավելի քան օրհասական»։ Նրա խոսքով՝ ծախսերի կրճատման նախորդ միջոցառումները, ներառյալ անցյալ տարի գերմանական գործարանների ծախսերի միջինում 20% նվազեցումը, այդքան էլ բավարար չեն եղել։
Volkswagen-ի ղեկավարը կարծում է, որ ընկերությունը մնում է չափազանց խոշոր, դանդաղաշարժ և բարդ։ Առաջիկա օրերին նա պետք է ևս ութ հանդիպում անցկացնի Բրաունշվեյգում, Էմդենում, Ցվիկաուում, Քեմնիցում, Դրեզդենում, Կասել-Բաունատալում, Զալցգիտերում և Հանովերում գտնվող ընկերության ձեռնարկությունների արտադրական խորհուրդների հետ։

