Սերժ Սարգսյա՞նն էր ճիշտ, թե՞ Փաշինյանը. ո՞ւմ համար է այսօր վստահելի Օնիկ Գասպարյանը

Ինչպես հայտնի է՝ մարտի 16-ին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը գնացել էր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:

Մոտ 6 ժամ տևած փակ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, բացի ընդհանուր գծերով ներկայացնելուց, թե ինչ թեմաներ են շոշափվել, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ով ամիսներ առաջ Օնիկ Գասպարյանին մեղադրում էր «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու և սխալ թիրախներ ընտրելու մեջ, դիֆերամբներ է ձոնել, որ՝ «եթե նա իր պատկերացումներով ավելի շուտ նշանակված լիներ ԳՇ պետ, մենք բանակում բարեփոխումների բավականին մեծ ճանապարհ անցած կլինեինք, ավելին, Օնիկ Գասպարյանը նույնիսկ մեր պարտությունից հետո հսկայական անելիք ուներ Զինված ուժերում»:

168.am-ը «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու և սխալ թիրախներ ընտրելու մեղադրանքից մինչև դիֆերամբներ մեկ քայլ է» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է սրա հնարավոր պատճառներին, տողատակերին, ինչո՞ւ չէ՝ հետին նպատակներին:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի ճեպազրույցից հետո, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ենթադրություն էր արել՝ «քննիչ հանձնաժողովի նիստում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը չի կրկնել վարչապետի հրաժարականի պահանջը, ինչից Անդրանիկ Քոչարյանի ոգևորությունը կարող էր մեծանալ»:

Կարդացեք նաև

Հնարավոր է՝ այդպես է, և Թովմասյանի ենթադրությունը գուցե ինչ-ինչ հիմքեր ունի, հաշվի առնելով և՛ Թովմասյանի պատգամավորական կարգավիճակը, և՛ այն, որ Օնիկ Գասպարյանը Թովմասյանի լրատվամիջոցի միջոցով էր իր հայտարարությունները կամ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին իր պատասխանները տարածում:

Բայց հնարավոր է, որ այս ամենը կանխատեսում-ենթադրություն է, ուստի դավադրության տեսություններից զերծ կմնանք, հատկապես, երբ գեներալ Գասպարյանն ինքը լռում է, իհարկե, թույլ տալով, որ իրեն կասկածելու հիմքեր ստեղծվեն:

Այս օրերին մի դիպուկ բնորոշում-գնահատական է շրջանառվում՝ պատերազմը Նիկոլ Փաշինյանը և Օնիկ Գասպարյանը միասին են պարտվել: Ոչ թե բանակը, այլ Օնիկ Գասպարյանը և Նիկոլ Փաշինյանը:

Ի պաշտոնե, այդպես է, և եթե նույնիսկ ընդունենք, որ Օնիկ Գասպարյանը պակաս պատասխանատվություն ունի պատերազմում պարտության համար, ապա առնվազն նա լեգիտիմացրել է Նիկոլ Փաշինյանի պարտության թեզերը: Այս մասին մեկ անգամ չէ, որ գրել ենք:

Չմոռանանք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Օնիկ Գասպարյանին պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ»:

Վստահություն, որը ժամանակավոր կամ ոչ ժամանակավոր անհետացավ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտնի հայտարարությունից հետո:

Մյուս կողմից, եթե հիշենք Տավուշի մարզում 2021 թվականին արած Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, որտեղ նա ասում էր, թե 2020 թվականի նոյեմբերի 20-ին Օնիկ Գասպարյանն իրեն ասել է՝ հրաժարական տուր, և, որ հետո պարզել է, որ պատերազմի ժամանակ իրեն որոշ բաներ ճիշտ չեն զեկուցվել, կարելի է մտածել, որ Օնիկ Գասպարյան-Նիկոլ Փաշինյան վստահության խնդիրն ավելի շուտ է առաջացել՝ մի պահից Գասպարյանը չի վստահել, մեկ այլ պահից՝ Նիկոլ Փաշինյանը:

«Երբ որ ես միջնորդել եմ Օնիկին նշանակել Գլխավոր շտաբի պետ, երբ որ խոսակցություն եմ ունեցել իրա հետ, ես իրան մենակ մի բան եմ ասել, ասել եմ՝ Օնիկ, գիտե՞ս, ես մենակ մի բանից եմ էս պատմության մեջ վախենում։

Ասել է՝ ինչի՞ց, ասել եմ՝ իմ կարծիքով՝ դու նախկին իշխանությունների հետ ահագին ամուր կապեր ունես, ինքն էլ ասել է՝ չէ, խնդիր չունես, մի անհանգստացի, և ես նշանակել եմ։ Եվ ես ուզում եմ՝ դուք իմանաք, որ նույնիսկ իմ քաղաքական մերձավորները կնեղանան և նեղացել են, բայց ես Օնիկին վստահել եմ իմ հարազատ ախպոր նման։ Ես իրա ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել։

Նույնիսկ երբ որ նշանակված էր, հուլիսյան մարտերի ժամանակ ԱԱԾ-ն ինձ մի դրվագի մասին ասեց, որ սենց մի դրվագ է եղել, ինքը քեզ սխալ է զեկուցել, ես ասեցի՝ բացառված է, չեմ հավատում, որ ինքն ինձ սխալ բան զեկուցած լինի։ Խոսեցինք իրար հետ, ասեց՝ բացառված է, ես քեզ սխալ բան չեմ զեկուցի, ես էլ ասեցի՝ ես քեզ եմ հավատում, ես քեզ եմ հավատալու։

Եվ այդպես եղել է մինչև պատերազմն ավարտվելուց հետո։ Պատերազմի ընթացքում էլի եղել են դրվագներ, երբ որ Արցախից, նույնիսկ մեր գործընկերներն եկել են, ասել՝ էս դրվագը սենց ա, ես զանգել եմ, ասել՝ Օնիկ ջան, սենց բան են ասում։ Վերջը, մենք եկել ենք էն եզրակացության, որ պատերազմի հետ կապված դրվագներով ես պետք է լսեմ մենակ իրա ասածը, և ես համաձայնել եմ, քանի որ ինքն ա Զինված ուժերի անմիջական ղեկավարը։ Ինչի՞ է էս խոսակցությունը բացվել։ Երկու պատճառով։ Մեկը նոյեմբերի 20-ի իրադարձությունների պատճառով։

Նոյեմբերի 20-ին Օնիկ Գասպարյանը գնում է Սյունիքի մարզ, հանդիպում է ունենում որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսային խոսակցություն է ունենում Սերժ Սարգսյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ էդ հեռախոսային խոսակցության մեջ իմ մասին ասում են ամենավերջին բառերը։ Հետո պայմանավորվում են, որ իրար հետ պետք ա հանդիպեն, հետո էդ իրիկունն Օնիկն ասում է՝ ուզում եմ գամ մոտդ։ Ասում եմ՝ արի։ Մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը։ Ինքը, կարճ ասած, ինձ ասում է՝ որոշում կայացրու և հրաժարական տուր։ Ես իրան հետևյալն եմ պատասխանում, ասում եմ՝ Օնիկ ջան, քանի՞ օր չես քնել, ինքն ասում է՝ երևի մի 4-5 օր չեմ քնել, ասում եմ՝ քեզ խնդրում եմ, գնա, քնի, հանգստացի, հա՞, արի էս խոսակցությունը մոռանանք, գնա, քնի, հանգստացի։ Հետո կանչում եմ իրան, ասում եմ՝ Օնիկ, տես, ես քեզ անվերապահորեն վստահել եմ, ուզում եմ էլի անվերապահորեն վստահեմ՝ հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ, այդ թվում՝ իմանալով, որ մենք իրար գիտենք «արմատներից»: Ես կմոռանամ էդ պատմությունը, որ դու եկել, ասել ես, որ պետք ա հրաժարական տաս և այլն և այլն։ Ես կմոռանամ էդ պատմությունը։ Ես ուզում եմ քեզ էլի լիարժեք վստահել։ Որից հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություններ կան Գլխավոր շտաբի նկատմամբ։ Եվ որից հետո ի հայտ են գալիս դրվագներ, որ ես համոզվում եմ, որ իրոք, շատ բաներ ինձ ճիշտ չեն զեկուցվել, և էդ ճիշտ չզեկուցվելու արդյունքում ի հայտ են գալիս պրոբլեմներ։ Եվ ի վերջո, էլի խոսակցություն է բացվում, որ ակնարկներ կան, որ Գլխավոր շտաբը կարող է իմ հրաժարականը պահանջի։ Ես իրան ասում եմ՝ Օնիկ ջան, դու ինձ չգիտեմ՝ ինչքանով ես ճանաչում, չես ճանաչում, բայց տենց բաներն ինձ հետ չեն անցնելու։ Ես էլի ասում եմ՝ ես պատրաստ եմ մոռանալ, դուրս արի էդ տրամաբանությունից: Եվ, ի վերջո, ինձ համար ակնհայտ է դառնում, որ Գլխավոր շտաբը քայլ-քայլ անցնում է ընդդիմության շարքերը»,- մանրամասնել էր Փաշինյանը՝ հավելելով, որ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին Ազգային հերոսի կոչման է արժանացրել՝ հավատալով Օնիկ Գասպարյանի հավաստիացումներին:

Ավելի ուշ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2021 թվականին նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ հաստատել էր Օնիկ Գասպարյանի հետ նոյեմբերին ունեցած զրույցի փաստը:

«Կարող եմ հաստատել փաստը, որ, այո՛, պատերազմից հետո, եթե չեմ սխալվում` նոյեմբերի 20-ի կողմերը, Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է: Այդ ընթացքում, իհարկե, կոշտ-կոպիտ խոսքեր եղել են, ես նույնիսկ չեմ հիշում` հայհոյել ենք, թե չենք հայհոյել։ Բա ի՞նչ անեինք, գովաբանեի՞նք, ասեինք` ապրե՞ք, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք, որ 5000 զոհ եք տվել, ասեինք` մալադե՞ց: Անկեղծորեն պիտի ասեմ, որ Օնիկ Գասպարյանը մեր զինվորականների լավագույն հատվածին էր պատկանում: Ես տևական ժամանակ ճանաչել եմ Օնիկ Գասպարյանին, որտեղ ինքն աշխատել է, իր պարտականությունները շատ նորմալ կատարել է: Բայց չե՞ք կարծում, որ ծիծաղելի է՝ Նիկոլ Փաշինյանից այդքան պաշտոններ և կոչումներ ստացած անձը զանգահարում է ինձ և իր անհամաձայնությունն է հայտնում ինքն իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած մարդու հանդեպ։ Բայց դա չի կարևորը, այլ այն, թե ինչպիսի փոխհարաբերություններ են նրանք ունեցել հենց ռազմական գործողությունների ժամանակ. արդյունքում եղել է այն, որ մենք գնացել ենք կանխամտածված պարտության: Հիմա այդ ընթացքում Օնիկ Գասպարյանը կատարել է Փաշինյանի ցուցումները, թե ինքնուրույն է որոշումներ կայացրել` դա դեռ կերևա, երբ մենք հետաքննություն անցկացնենք: Երբ Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, ասել է՝ ես Սյունիքում եմ, և այստեղ դժվար իրավիճակ է, հարցնում եմ՝ ի՞նչ դժվար իրավիճակ է, ասում է՝ կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք: Ես էլ ասել եմ՝ մի արատավորիր քո գեներալի պագոնները, որևէ կերպ պետք չէ նպաստել այլ որոշումներ կայացնելու կամ այլ գործողություններ կատարելուն, որոնք նշված չեն կապիտուլյանտի ստորագրած փաստաթղթում»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, 2021 թվականի հունիսին Օնիկ Գասպարյանն ինքն էր ակնարկել, որ ինքն իշխանություններին առաջարկներ է արել՝ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում (այդ թվում՝ Աղդամի փոխարեն՝  Հադրութի վերադարձման հարցը):

Այսինքն, պատերազմի ընթացքում Օնիկ Գասպարյանն ինչ-ինչ անհամաձայնություններ է ունեցել, այլ հարց է՝ որքանով է իր առաջարկներն անցկացրել, և թե որքանով է այդ մասին խոսում, այդ թվում՝ քննչական մարմիններում, և որքանով է խոսել Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում:

Ի դեպ, 2021 թվականի փետրվարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում շեշտել էր.

 «Ես Օնիկ Գասպարյանին չեմ արդարացնում, անկեղծ եմ ասում, բայց ես չեմ կարծում, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր պատասխանատուն է: Ասեմ նաև, որ ես չեմ պաշտպանում Օնիկ Գասպարյանին, Միքայել Արզումանյանին, բայց ես չեմ կարծում, որ Օնիկ Գասպարյանը, Միքայել Արզումանյանը ներգրավված լինեն ենթադրյալ ինչ-որ դավադիր գործողությունների մեջ, բայց որպեսզի նրանք կարողանային իրենց ասածին հետամուտ լինեն, հստակ կանգնեին, նրանք առնվազն պետք է ունենային արդեն բավականաչափ փորձառություն, որը նրանց հնարավորություն կտար ասելու՝ վերջ, ես չենթարկվելու կոչ չեմ անում…»:

Հետաքրքիր է՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը նույն կարծիքին է։

Ակնհայտ է, որ ՀՀ գործող իշխանությունները տարբեր հնարքներով անում են այնպես, որ հասարակությունը ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին կասկածի ինչ-ինչ գործարքների մեջ: Ինչ-որ առումով դա հաջողվում է: Իսկ իրականության մասին կիմանանք, երբ Օնիկ Գասպարյանը թույլատրելիի սահմաններում խաթարի իր լռությունը՝ ոչ միայն Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողովի առաջ:

Իսկ մինչ այդ մնում է հուսալ, որ Օնիկ Գասպարյանը, միայն ի պաշտոնե, Նիկոլ Փաշինյանի հետ պատերազմ է պարտվել, և ոչ թե գործարքի գնացել:

Այսինքն, Սերժ Սարգսյանը ճիշտ է, փաշինյանական շրջանակներից ստեղծվող կասկածները՝ անհիմն:

Այլ կերպ ասած՝ այսօր ո՞ւմ համար է Օնիկ Գասպարյանը վստահելի կամ «հետախուզության լավ ընկեր»՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի:

Ի դեպ, Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրում չկա այն պատճառը, որում Փաշինյանը մեղադրում էր նրան:

Տեսանյութեր

Լրահոս