Ռոբերտ Քոչարյանի ակնարկը Օնիկ Գասպարյանին
Իր աջակիցների հետ հանդիպման ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը:
«Մենք պետք է հասկանանք՝ Գլխավոր շտաբի գեներալիտետի այդ հայտարարության տակ էլ ինչ կա, որովհետև այդ հայտարարությունը, երբ կարդում ես, զգում ես, որ բոլորը լիքը ասելիք ունեն։ Եվ պետք է իսկապես հասկանանք, թե ինչ եղավ: Իմ տպավորությունն այն է, որ սա պլանավորած պարտություն էր։ Պետք է հասկանանք, թե ինչն էր մոտիվացիան, ով էր պլանավորողն ու ով էր այդ պլանավորած պարտությունն իրականացնողը»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանը կարծիք էր հայտնել, թե գեներալիտետն իրեն չափազանց զուսպ է պահում Գլխավոր շտաբի շուրջ առկա պատմությունում՝ ենթադրելով, որ «գեներալները չեն ցանկանում, որ իրենց անգամ աննշան գործողությունն ընկալվի՝ որպես ռազմական հեղաշրջման փորձ»:
«Պետք չէ վախենալ «ռազմական հեղաշրջում» բառակապակցությունից։ Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ռազմական հեղաշրջումը թույլ է տվել պահպանել պետականությունը և ապահովել տնտեսության զարգացումը։ Օրինակ, նախորդ դարի 60-ական թվականների Հարավային Կորեայի դեպքը, կամ էլ Եգիպտոսի` մեր օրերում կատարվածը»,- նշել էր նա՝ հավելելով, թե չէր ցանկանա, որ իր խոսքերն ընկալվեն՝ որպես ինչ-որ մեկին որևէ տեղ ներքաշելու փորձ, դա զուտ վերլուծական հիմնավորում է։
Գեներալիտետը, իհարկե, ոչ մի հեղաշրջում էլ չարեց, ծրագրված էլ չէր, Օնիկ Գասպարյանը չէր ուզում, որ երկրորդ Մարտի 1 լինի: Եվ գեներալներն ընդամենը ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի միջոցով մի քանի անգամ կրկնեցին, թե մնում են իրենց դիրքորոշմանը և գուցե դեռ այդ դիրքորոշմանն են, որն արտահայտել են փետրվարի 25-ի հայտարարության մեջ՝ «գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին, և ՀՀ վարչապետը, կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:
Գեներալներն ու բարձրաստիճան զինվորականներն իրենց հայտարարության մեջ նաև նշել էին, թե «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժել են գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»:
Իսկ այդ սահմանները, կարմիր գծերը ՀՀ իշխանությունները շարունակել են հատել՝ ոչ միայն ՊՆ-ի դիմաց անհետ կորածների հարազատների միջոցով ակցիաներ կազմակերպելով, տարբեր զորամասերում միջադեպեր հրահրելով, այլև կոնկրետ ռազմական դրվագներ նշելով՝ պատերազմի պարտության ամբողջ մեղքը բարդելով բանակի, գեներալների և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի վրա, ով իշխանությունների հետ թեթև բանավեճի մեջ մտավ միայն՝ պատերազմի 4-րդ օրը մարտական գործողությունները կանգնեցնելու իր առաջարկը կասկածի տակ դնելուն ի պատասխան:
ՀՀ երկրորդ նախագահը վստահ է՝ գեներալները և, մասնավորապես, Օնիկ Գասպարյանը, ելնելով պատերազմի ժամանակ իր զբաղեցրած պաշտոնից, ասելու շատ բան ունի, որի մասին պիտի խոսի՝ հաստատի, որ պարտությունը պլանավորած էր, գաղտնազերծի պատճառը, պլանավորողին և կատարողին:
Այսինքն, ապացուցի, որ ինքն այդ պլանավորված ռազմաքաղաքաղական գործարքի հետ կապ չունի և անհամաձայնություններ է ունեցել Փաշինյանի հետ, մյուս կողմից` ՀՀ երկրորդ նախագահը շեշտում է Օնիկ Գասպարյանի դերակատարումն ու պատասխանատվության շրջանակը:
Ինքը՝ Օնիկ Գասպարյանը, հայտարարել էր, որ պատասխանատու է ԶՈՒ-ի հաջողությունների և անհաջողությունների համար, և, որ իրենք էլ հարցեր ունեն ՀՀ քաղաքական ղեկավարությանը:
«Չկա մեկը, ով կարող է ԶՈՒ ղեկավար կազմին մեղադրել պատասխանատվությունից խուսափելու և մեղքն այլ անձանց վրա բարդելու մեջ: Մենք շահագրգռված ենք բազմակողմանի վերլուծությունների արդյունքում (քննիչ հանձնաժողովներ, քրեական գործեր) օբյեկտիվորեն ի հայտ բերել անհաջողությունների պատճառները և պատասխանատուներին ու նաև պատրաստ ենք պատասխանատվություն կրել մեր գործունեության համար, բայց նաև ունենք բազմաթիվ հարցեր ՀՀ քաղաքական ղեկավարությանը: Պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է ներառում, այլ նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտներ: Մի մոռացեք, որ պատերազմները վարում են պետությունները, և պատրաստվեք պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար»,- հայտարարել էր ԳՇ նախկին պետը:
Այսօր էլ Օնիկ Գասպարյանը մեզ հետ զրույցում հաստատեց․ «Ես ինքս կողմնակից եմ բազմակողմանի քննարկմանը»:
Ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում Օնիկ Գասպարյանը նշել էր՝ ամեն բան իր ժամանակին կբացահայտվի, հետո, թե՝ «ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:
Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանը ևս այս համոզմանն է. նա պատերազմի հետ կապված բավականին հարցերի պատասխաններ չունի, թե ինչու այսպես եղավ, և կարծում է՝ այդ պատասխանները ստանալու ենք հունիսի 21-ից հետո:
Օնիկ Գասպարյանի ղեկավարման օրոք ԳՇ-ում սկսված 44-օրյա պատերազմի արդյունքների վերլուծությունը ևս դեռ չի ներկայացվել ԱԽ նիստում։ Ասում են՝ դեռ պատրաստ չէ ամբողջությամբ: