Ապրիլյան պատերազմից չքաղված դասերը…
Հիշեցնելով Ապրիլյան պատերազմը
5 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որին ընդունված է ասել «քառօրյա պատերազմ»:
Դասական իմաստով սա գուցե հեռու է պատերազմ համարվելուց՝ ելնելով գործողությունների բնույթից և մասշտաբից, բայց տեղի ունեցածը չի կարելի նաև հեշտությամբ մարտական գործողություն որակել և վերջին պատերազմը համարել Արցախյան երկրորդ պատերազմը:
2016-ի ապրիլին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ էր դրել իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են՝ «Սմերչ», «Կասիրգա», «Ուրագան», «Գրադլար», «ТОС-1А» («Սոլցեպյոկ»), իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր, «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ, МИ-24G հարվածային ուղղաթիռներ և այլն:
Ադրբեջանը գործողության մեջ էր դրել նաև իր էլիտար 052 (ՅԱՇՄԱ) հատուկ նշանակության բրիգադի ստորաբաժանումները: Սակայն նման ուժերի և միջոցների ներգրավման պարագայում անգամ հակառակորդին չհաջողվեց հասնել իր առջև դրված խնդրի կատարմանը, իսկ որ այն զուտ մի քանի դիրք գրավելը չէր, ապացուցում էր նաև ապրիլի 2-ին ՊԲ կողմից խոցված ադրբեջանական ուղղաթիռի ընկնելու վայրից առգրավված գույքը.
– թռիչքային քարտեզներ
– օդաչուի պլանշետը
– գիշերային տեսանելիության սարքավորման շահագործման կարգը
– ուղղաթիռի օդաչուներից մեկի անձնական նոթատետրը
– УКВ ACR500-A 30-420 մՀց տիպի ռադիոկայան
– АРК-У2 տիպի ռադիոկողմնացույց
– САРПП-12 տիպի չվերթի տվյալները ձայնագրող սարք՝ ձայներիզներով
– սաղավարտին ամրացված գիշերային տեսանելիության սարքի մաս
– 8 արկ ունեցող 20 մմ թնդանոթի 10 միավոր
– օպտիկա-էլեկտրոնային համակարգի մոդուլ՝ գիրոկայունացվող հարթակով
Առգրավված գույքի (թռիչքային փաստաթղթեր) տվյալների վերլուծության համաձայն, մասնավորապես, պարզ էր դարձել, որ 2016թ. մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում խոցված ՄԻ-24G ուղղաթիռն էսկադրիլիայի կազմում «Կալա» օդանավակայանից իրականացրել էր թռիչք դեպի «Ժդանովսկ» օդանավակայան՝ «Քյուրդամիր» օդանավակայանում տարանցիկ վայրէջք կատարելով:
Թռիչքային քարտեզի վրա ուրվագծված երթուղին և դրված թիրախները վկայում էին, որ անձնակազմին խնդիր էր առաջադրվել ԼՂՀ տարածքի խորքում՝ շփման գծից 3-10 կմ խորության վրա գտնվող թիրախներին հարվածներ հասցնել, մարտի մեջ օդուժ մտցնելու ժամկետները կրճատելու համար պատրաստված էր անգամ ցատկահրապարակ: Ավելին, Լյալյա-Իլյագի լեռան շրջանում ցանցի միջոցով ցուցադրված էր ռազմական ավիացիայի մի խումբ ուղղաթիռների հետ օդային կարգավորիչի աշխատանքի հնարավոր ուղղությունը:
Չորսօրյա ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանական բանակը գրավել է 19 դիրք, մակերեսային միավորով արտահայտված՝ մոտ 400 հա:
Ադրբեջանի մարդկային կորուստների թիվը, տարբեր հաշվարկներով, առնվազն 1000 էր: Բացի այս, ադրբեջանական բանակը կորցրել էր 24 տանկ, 4 միավոր հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ), 1 «Գրադ» ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, 1 ինժեներասակրավորային տեխնիկա, 2 միավոր «МИ-24» տիպի մարտական ուղղաթիռ, 14 հատ տարբեր տեսակի (հարվածային և հետախուզական) անօդաչու թռչող սարք, տասնյակ ավտոմոբիլային տեխնիկա և այլն:
Ինչ վերաբերում է հայկական կողմի կորուստներին, ապրիլի 2-5-ը հայկական կողմը տվել է 75 զոհ (63 զինծառայող, 12 պահեստազորային), ունեցել 121 վիրավոր, շարքից դուրս է եկել 14 տանկ (որից 6-ը վերականգնվել է և նորից վերադարձվել շարք) և մի քանի ավտոմոբիլային տեխնիկա:
Ապրիլի 6-30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է ևս 13 զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային:
Հարկ է նշել, որ կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելով, Ադրբեջանն ինքն էր ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ խնդրել մարտական գործողությունների դադարեցում։
Սրան «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի շրջանակում անդրադարձել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը:
Ապրիլյան պատերազմից չքաղված դասերը
«Եռաբլուր» պանթեոնում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնին «իրավունքի ուժով» վերադարձած Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշել է.
«Ապրիլյանից դասեր եթե քաղած չլինեինք, այս 44-օրյա հերոսամարտը, ինձ թվում է, այլ ելք կունենար և այլ ժամկետներում»:
Եթե ելնենք այս տրամաբանությունից, ապա պատերազմի 4-րդ օրը պատերազմը դադարեցնելու առաջարկ արած ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը Ապրիլյան պատերազմից դասեր չի քաղել, մինչդեռ այն ընդունելու դեպքում չէինք կորցնի Հադրութը և Շուշին:
Ավելի վաղ «Հրապարակի» հետ զրույցում Դավթյանը վերջին պատերազմի արդյունքներին անդրադառնալիս ասել էր.
«Եկեք մյուս կողմից հարցին նայենք՝ Ադրբեջանն իր առջև դրված խնդիրները կատարե՞ց, քանի հայը կա Ղարաբաղում, ուրեմն Ադրբեջանը խնդիրներ ունի։ Սա է խնդիրը։ Այո, ինքը որոշակի հաջողությունների հասավ, մենք ունեցանք անհաջողություններ։ Շատ ներողություն, եթե մենք պարտվել ենք, ինչո՞ւ հիմա Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը չէ»:
Հիշեցնենք, որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը գոհ չէր մնացել ԳՇ պետ Արտակ Դավթյանից. նրա պատասխանները լսելուց հետո հանձնաժողովում այն կարծիքին են հանգել, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պատասխաններն ավելի ընդգրկուն են եղել, իսկ Դավթյանն ավելի թռուցիկ է խոսել: Ապրիլյանի հանձնաժողովը ղեկավարած Անդրանիկ Քոչարյանը նույնիսկ հայտարարել էր, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում հետաքրքիր բացահայտումներ կան Արտակ Դավթյանի մասին, որ նա թերացել է և պետք է պատասխանատվության ենթարկվի:
Այսօր լրագրողների հետ զրույցում Արտակ Դավթյանը չի մեկնաբանել Քոչարյանի այս պնդումը, սակայն ավելի վաղ 168.am-ի հետ հարցազրույցում հայտարարել էր՝ եթե Անդրանիկ Քոչարյանն այդքան հզոր ռազմական գործիչ է, ինչո՞ւ չհայտնվեց պատերազմական թեժ կետերից մեկում, կամ, լավ, գոնե առաջնագծից 10-15 կմ հեռավորությունից չղեկավարեց մեր զորքի շարժը և իր ռազմական գիտելիքներով և փորձառությամբ չկանխեց նահանջը կամ պարտությունը։
«Թող լիներ առաջնագծում, հետևեր, թե ինչպես են ընթանում գործընթացները, ուղղորդեր՝ հաշվի առնելով Ապրիլյան պատերազմի դասերը․ չէ՞ որ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահն է։
Հիմա էլ խոսում է թերացումների մասի՞ն։ Ապրիլյանի 4 օրն ուսումնասիրեց մեկ տարի, և ուսումնասիրությունների ավարտից մի քանի ամիս անց էլ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները դեռ հրապարակված չեն։ Հետաքրքիր է՝ իսկ ինչքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի պարոն Քոչարյանին 44 օրվա պատերազմը վերլուծելու համար։ Խորհուրդ կտամ, որ մեծ-մեծ խոսելու փոխարեն՝ պարոն Քոչարյանը ներկայացնի, թե անձամբ ինչ օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել, որոնք կբարձրացնեին ԶՈւ մարտունակությունը, կնպաստեին մեր երկրի անվտանգության ամրապնդմանը։ Ես նման նախաձեռնություն չեմ հիշում, չկա։ Հիմա հարց եմ տալիս՝ պարո՛ն Քոչարյան, ինչո՞ւ ոչինչ չեք արել Ապրիլյան պատերազմում արձանագրված բացթողումները շտկելու համար։ Թե՞ խոսելն ու խանգարելն ավելի հեշտ է, քան գործուն քայլեր անելը։ Ես առաջարկում եմ, որ հրապարակվեն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին տված իմ պատասխանները (տեսաձայնագրությունը՝ առանց մոնտաժի)»,- ասել էր ԳՇ պետը:
Վերադառնալով Ապրիլյան գործողություններից դասեր քաղելուն, նշենք, որ շատ ավելին են փաստերը, որ ոչ մի դաս էլ չենք քաղել: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, գործող իշխանություններին, որոնք Ապրիլյան պատերազմը քաղաքական շահարկման առարկա և նախկին իշխանություններին «հարվածելու» գործիք դարձրեցին:
Եվ այսպես, Ապրիլյանից չքաղած դասերը կամ դրան հաջորդած կոպտագույն սխալները.
1. Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով` Սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով, և սրա արդյունքում գեներալ-գնդապետն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Այսինքն, Փաշինյանը հասավ ՀՀ ներկայացուցչի հետկանչմանը մի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից, որի անդամ երկրների մեծ մասը ադրբեջանամետ են, դրա համար, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով պետք է փոխանցվեր Հայաստանի ներկայացուցչին, այն տարբեր պատճառաբանություններով ձգձգվում էր:
2. 2019 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվեց Ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողով, որտեղ ընդգրկվեցին ռազմական գործից հեռու մարդիկ: Մինչդեռ թերացումների ու դասերի վերաբերյալ առկա էր ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ «Հույժ գաղտնի» զեկույցը, վերլուծությունը: Եվ եթե հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն կար, ապա այն պետք է ստեղծվեր ռազմական ոլորտի մասնագետներից, գործիչներից և անկախ փորձագետներից կազմված, որպեսզի չբախվեինք նաև այն ոչ պակաս կարևոր խնդրին, երբ նախկին ղեկավարները, Արցախի հերոսները ստիպված եղան պատասխանել քայլելով և կասկածելի կենսագրություն ունեցող անձանց հարցերին:
3. Քաղաքական ճաշակի տրամաբանության մեջ ՀՀ իշխանությունները հասան ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի ազատմանը՝ 2018թ. դեկտեմբերի 14-ին: Առհասարակ, ՀՀ ներկա իշխանությունների թեթև ձեռքով, Արցախի ներկա իշխանությունների լուռ համաձայնությամբ՝ ամեն ինչ արվեց, որ փորձառու գեներալները, բանակի կայացման, զարգացման, դիրքերի վերազինման գործում լուրջ ավանդ ունեցած գեներալները հեռու մնան բանակից, ինչի պտուղները քաղեցինք վերջին պատերազմում:
4. 2016թ. Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողողովների արդյունքում ձեռք բերվեցին և վերահաստատվեցին մի շարք պայմանավորվածություններ՝ նախևառաջ բացառապես խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորում, 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի հարգում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնում։
Այսինքն, 2016թ․ Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների և կրած պարտության հետևանքով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությունը էական փոփոխությունների ենթարկվեց, և ռազմաճակատում ունեցած հաղթանակը արդյունավետ ձևով կապիտալիզացվեց հայկական դիվանագիտության կողմից:
Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները ենթադրում էին սահմանին ստատուս-քվոյի ամրապնդում, ռազմական գործողությունների բացառում և նախահարձակ կողմին հստակորեն տարբերակելու հնարավորություն։ Այլ կերպ՝ այս պայմանավորվածությունների արդյունքում Ադրբեջանը զրկվելու էր ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով բանակցային գործընթացի վրա ազդելու բոլոր հնարավորություններից, փոխարենը՝ մեծ հնարավորություններ էր ստեղծվելու Արցախի Հանրապետության փաստացի գոյությունն ամրապնդելու համար։ Թերևս, հենց դա էր պատճառը, որ Ադրբեջանի նախագահը սկսեց բողոքել, որ իրեն պարտադրում են ճանաչել ԼՂ անկախությունը։
2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մի կողմ թողնվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, փոխվեց ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Մինչդեռ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների պնդման դեպքում Ադրբեջանը միջազգային հանրության կողմից ընկալվում էր ապակառուցողական, որը հետ է կանգնում նախկին պայմանավորվածություններից և սեփական ստորագրությունից:
2018-ի սեպտեմբերին Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դուշանբեում ունեցած հանդիպումից հետո սկսեց խոսել օպերատիվ կապի միջոց ունենալու մասին, սակայն պարզվեց՝ արցախյան վերջին պատերազմի ժամանակ Փաշինյան-Ալիև օպերատիվ կապը չի գործել, կամ գուցե գործել է, սակայն այլ նպատակներով…
5. Փաշինյանի իշխանությունները գրչի մեկ հարվածով ջնջեցին 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարար ժամանակ մշակված բանակի արդիականացման 2018-2025 թթ. նոր յոթնամյա ծրագիրը, որի վրա աշխատել էր նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը:
Յոթնամյա ծրագիրն առաջին համապարփակ փաստաթուղթն էր, որը հստակ ձևակերպում էր նպատակները, դրանց հասնելու քայլերն ու ուղիները՝ ինչ պետք է ունենանք զինանոցում, ինչ միջոցներ է պետք հատկացնել և ինչ հերթականությամբ։ Այսինքն, գործ ունեինք բանակի զարգացման զորային բաղադրիչի ճանապարհային քարտեզի հետ: Նշվում էր նաև, որ բանակում բարեփոխումներն իրականացնելու համար անհրաժեշտ են բանակի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր, որոնք պիտի ամրագրվեին տարեկան, ամսական ծրագրերով և ամենօրյա աշխատանքով, նախևառաջ՝ զորքերում, երկրորդը՝ պիտի կազմակերպվեին համապատասխան գնումներ, որովհետև նյութական բազան շատ կարևոր է։
Նպատակը՝ ԶՈՒ կառավարման համակարգի արդյունավետության կտրուկ բարձրացում, հրամանատրման նոր սկզբունքների ներդրում, զինանոցի հագեցում գերժամանակակից և պատերազմական պայմաններին համապատասխանող զենքով և զինամթերքով, անձնակազմի ուսուցում և ներդաշնակեցում` դրված խնդիրները նոր միջոցներով լուծելու համար։
6. Հետհեղափոխական 3 տարվա ընթացքումբանակում բարեփոխումները, ըստ էության, կառուցվեցին «սնունդ» օպերացիայի վրա, բացասական իմաստով զինվորի համար «տնային» հարմարավետության տրամաբանության վրա: Պատերազմի մեջ գտնվող երկրում շեշտը պիտի դրվեր զինվորի մարտական պատրաստվածության, ժամանակակից սպառազինության տիրապետման, անհրաժեշտ հանդերձանք և սպառազինություն ունենալու, լավ կահավորված հենակետում, դիրքում ծառայություն, մարտական հերթապահություն իրականացնելու վրա: Մինչդեռ բանակը Փաշինյանը «հարմարեցրեց» սեփական կնոջ՝ Աննա Հակոբյանի քմահաճույքներին, և բանակի «կառավարումը» նրա ձեռքը հանձնեց, ինչից չխորշեցինք անգամ պատերազմի օրերին, և եղավ այն, որ մենք չունեցանք Ապրիլյան պատերազմի արդյունքը, կազմաքանդեցինք 2016-ին եղած ՊԲ-ն, խզեցինք 5 տարի առաջ ունեցած ՊԲ-ՀՀ ԶՈՒ կապը:
7. Ապրիլյանից հետո և Արցախյան վերջին պատերազմից առաջ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ 2016-ին Արցախի օդն անպաշտպան էր, և, որ Փաշինյանի իշխանությունը հասել է ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի օդային տարածքի պաշտպանված լինելուն:
«Շատ ավելի անպաշտպան էինք, չեմ ուզում փակագծեր բացել, Ստեփանակերտն անպաշտպան էր, Ստեփանակերտի օդն անպաշտպան էր 16 թվականին: Չեմ ուզում ամբողջը մանրամասնել, այսօր ուզում եմ վստահ հայտարարել՝ ոչ միայն Ստեփանակերտի օդն է պաշտպանված, այլ Արցախի օդն է պաշտպանված ամբողջությամբ: Այդ նույն հակաօդային պաշտպանության բնագավառում բավական մեծ տեղ է հատկացվել հենց այդ նույն իրենց նշած հին կամ անպիտան, չաշխատող սարքավորումներին, որոնք արդեն իսկ իրենց դերը խաղացել են՝ նույն անօդաչու սարքերի, բացի դրանից նոր, նորագույն հակաօդային միջոցներ են ձեռք բերվել ու այսօր օգտագործում ենք Արցախի օդը պաշտպանելու առումով: Գիտեք՝ ամենախոցելին մեզ համար օդն էր, և այդ վտանգը կար 92-94 թվականների, հազիվ էինք պաշտպանում, չնայած Ստեփանակերտը միշտ բաց էր, և հակառակորդն օգտվում էր այդ հնարավորությունից և հաճախակի էր հարվածում Ստեփանակերտին, ոչ միայն Ստեփանակերտին, Ղափանին, Գորիսին և այլն: Այսօր մենք ունենք շատ ավելի անվտանգ, ավելի ճիշտ՝ ապահով օդ, այսինքն՝ հակաօդային հնարավորություններն այնպիսին են, որ համոզված կարող եմ հայտարարել, որ այդ խնդիրը չի լինի: Նույն ժամանակակից ձեռք բերված հակաօդային և, ինչո՞ւ չէ, նաև այն ավիացիան, որն ունի այսօր Հայաստանի Հանրապետությունը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը:
Արցախյան վերջին պատերազմը ցույց տվեց, որ մենք ոչ մի դաս էլ չենք քաղել, և ոչ Արցախի օդն է պաշտպանված, ոչ էլ ՀՀ-ի, քանի որ դրանից հետո բացարձակ ռեալ չենք գնահատել աշխարհաքաղաքական և տարածաշրջանային անվտանգային մարտահրավերները, Ադրբեջանին Թուրքիայի ավելացող աջակցությունը, Թուրքիայի՝ տարածաշրջանային հավակնությունները:
Այս համատեքստում, թերևս, տեղին է հիշեցնել, որ 2020-ի մարտին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ այսուհետ Թուրքիայի Զինված ուժերի փորձի ուսումնասիրությունը կներառվի ադրբեջանական բանակի պատրաստվածության պլանում, կշարունակվի փորձի փոխանակումը երկկողմ ռազմական համագործակցության շրջանակներում, ինչպես նաև` թուրքական ժամանակակից զենքի, ռազմական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերումը:
Սրանից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները բացելով փակագծերը՝ նշեցին, որ խոսքը փետրվարի վերջին Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի ռազմական գործողությունների մասին է Բաշար Ասադի ուժերի դեմ: Այդ օրերին թուրքական բանակն Իդլիբում 36 զինվորական կորցրեց Սիրիայի ավիացիայի կողմից հրթիռային հարվածների հետևանքով: Եվ ի պատասխան՝ թուրքական բանակը պատասխան մարտավարություն կիրառեց Բաշար Ասադի զորքերի և նրան սատարող զինյալների դեմ. հրետանուն և համազարկային համակարգերին զուգահեռ` թուրքական բանակը բազմաթիվ գրոհային անօդաչուներ, կամիկաձե դրոններ օգտագործեց` դրանց միաժամանակ մեծ թվով կիրառմամբ ավերիչ հարվածներ հասցնելով Ասադի բանակին:
Այս օպերացիայից հետո միջազգային ռազմական փորձագետներից սկսեցին զուգահեռներ անցկացնել Ադրբեջանի կողմից ԼՂ-ում նմանատիպ գործողությունների անցկացման հնարավորության հետ՝ զգուշացնելով, որ Ադրբեջանն «իդլիբյան» սցենարի է պատրաստվում Ղարաբաղում:
Հայ ռազմական փորձագետներից ևս չէին բացառել սրա հնարավորությունը, մասնավորապես, 168.am-ի հետ զրույցում շեշտվել էր, որ «աշխարհը խոսում է թուրքական մարտական ԱԹՍ-ների մասին, որոնք բավականին հաջող արդյունքներ են գրանցում Սիրիայում տեղի ունեցող մարտական գործողություններում»:
«Պետք է զուգահեռ հետևել Մերձավոր Արևելքում ծավալվող մարտական գործողությանը, քանի որ գաղտնիք չէ՝ Ադրբեջանը նմանօրինակ տեխնիկա ձեռք բերելու քայլեր է կատարում և, մեծ հավանականությամբ՝ սրացումների դեպքում, այն կկիրառի մեր դեմ»,- լրացրել էր ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը:
44-օրյա պատերազմում, ըստ էության, տեսանք «իդլիբյան» սցենար հիշեցնող մարտական գործողություններ, երբ հրետանային միջոցներին և համազարկային համակարգերին զուգահեռ` կիրառվում էին մեծաթիվ և ինտենսիվ օդուժ, հարվածային ԱԹՍ-ներ, թուրքական F-16-եր, որոնք հարված հասցնելու փորձ ունեին սիրիական ուղղությամբ, ինչի հավանականությունն իշխանական փորձագետներն անհեթեթ էին համարում:
Ապրիլյան պատերազմից չքաղած դասերն այսքանով չեն սահմանափակվում, շարքը կարելի է համալրել:
Ինչ վերաբերում է նախկիններին, ապա Ապրիլյան պատերազմը ստիպեց նոր զենքեր գնել, ոչ թե օգտագործված՝ ՌԴ ԶՈւ-ի զինապահոցից, որոնք հիմնականում անհատույց էին մատակարարվում, դրա համար ոչ միշտ էին լավ վիճակում:
2016-ից նախկին իշխանությունները սկսեցին ստորագրել գործարանային նոր սպառազինության գնման պայմանագրեր: Այսինքն` գնվելու էր այն, ինչ պետք էր ՀՀ զինված ուժերին, և այն քանակով, որն անհրաժեշտ է:
Հ.Գ. Ի դեպ, երբ հոդվածն ավարտեցինք, պարզ դարձավ, որ Քառօրյա պատերազմի զեկույցը չի հրապարակվելու, Ապրիլյան հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ընդամենը ելույթ է ունենալու: