Հայաստանին պետք է նոր քաղաքական էլիտա, որն առնվազն կփորձի սահմանել մեր ազգային շահն այս ճարտարապետության մեջ. Վահե Դավթյան
Թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է ամենատարբեր հարթակներն օգտագործել՝ Սյունիքով անցնող միջանցքի գաղափարը ցանկալիից իրական դարձնելու համար:
Այս թեմային վերջին անդրադարձը եղել է երեկ՝ Անկարայում անցկացված թյուրքական երկրների կազմակերպության գագաթնաժողովում:
Իշխանությունների հանգույն՝ «միջանցքի» մասին այդ երկրներում պարբերաբար խոսում են նաև մանր ու միջին պաշտոնյաները. Ադրբեջանի էներգետիկայի նախարարը, օրինակ, նշել է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» պլանավորել են էլեկտրաէներգիա արտահանել Նախիջևան, ապա՝ Թուրքիա և Եվրոպա:
Օրերս Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանն էլ հիշեցրել էր՝ հունվարի 24-ին Թեհրանը պաշտոնապես ստորագրել է Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի կողմից ընդունված «Տաշքենդյան կոմյունիկեն», որում խոսվում է «Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն տրանսպորտային կապի հաստատման» անհրաժեշտության մասին:
168.am-ը Վահե Դավթյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այս հարցի առնչությամբ կա նաև իրանական և ռուսական կողմի լոյալությունը, այս պահին կարո՞ղ ենք ասել, որ «միջանցքի» հարցում կա որոշակի միջազգային կոնսենսուս, եթե՝ այո, ապա Հայաստանն ի՞նչ կարող է անել այս պարագայում:
Ի պատասխան՝ քաղաքագետը նախ արձանագրեց՝ կոնսենսուսն իսկապես աստիճանաբար ուրվագծվում է, ապա մանրամասնեց.
«Ձևավորվում է Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռանկյունին, որի շրջանակներում և տեղի է ունենալու տարածաշրջանային շահերի սինխրոնիզացիան: Ի հեճուկս բոլոր այն խոսակցությունների, թե Իրանը պատրաստ է կոնֆրոնտացիայի մեջ մտնել Բաքվի և Անկարայի հետ, կարծում եմ, որ ձևավորվող կոնֆիգուրացիայում նրանք ավելի շատ համագործակցելու եզրեր ունեն, քան լայնածավալ բախման նախադրյալներ:
Ամենակարևոր հեռանկարն այստեղ Թեհրանի համար Թուրքիայում ձևավորվող գազատրանսպորտային hաբի ստեղծումն է, որի միջոցով Իրանը կարող է գազի արտահանում իրականացնել դեպի Եվրոպա՝ ընդ որում, 50-55 մլրդ խմ տարեկան: Դա, իհարկե, լուրջ մրցակցություն է ստեղծում Ադրբեջանի համար, որը 2022 թ.-ին 11 մլրդ խմ արտահանեց Եվրոպա, իսկ 2027թ. պլանավորում է այդ ծավալը հասցնել 20 մլրդ-ի:
Սակայն, եթե մի պահ փորձենք հարցին խորքային նայել, այլ ոչ իրավիճակային, ապա Թուրքիայի շահերից չի բխում Բաքվի դիրքերի ամրապնդումն արտաքին շուկայում ու առհասարակ Ադրբեջանի զարգացումը, քանի որ զարգացումը Ադրբեջանի ներսում հանգեցնելու է սոցիալ-քաղաքական մոդեռնիզացման պահանջի հասունացմանը, ինչը կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել գործող համակարգի համար:
Այնպես որ, առկա իրավիճակում Անկարան կձգտի օգտագործել Ադրբեջանին՝ «միջին միջանցք» գեոռազմավարությունը կյանքի կոչելու համար, նպաստելով ադրբեջանական տնտեսության, իսկ ավելի ճիշտ՝ գործող կլանի ֆինանսատնտեսական կայունությանը, բայց որևէ պարագայում թույլ չի տա Ադրբեջանում իրական որակական աճ ապահովել՝ պահպանելով այն՝ որպես սեփական գաղութ:
Իր հերթին, պատժամիջոցների տակ գտնվող և սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների առջև կանգնած Իրանը ձգտում է դիվերսիֆիկացնել գազի արտահանումը դեպի Եվրոպա: Չեմ բացառում, որ այս հարցում իր դերակատարումը կունենա նաև Չինաստանը, որի ներդրումներն անհրաժեշտ կլինեն իրանական արդյունահանման օբյեկտներն ու էներգետիկ ենթակառուցվածքներն արդիականացնելու համար: ԵՄ-ն, որը գրեթե հրաժարվելով ռուսական գազից, կախված վիճակում է հայտնվել ԱՄՆ-ից մատակարարվող ու չափազանց թանկ հեղուկացված գազից, ևս նոր ներկրողների է փնտրում: Լոգիստիկ առումով Իրանը հարմար տարբերակ է, առավել ևս՝ թուրքական հաբի միջոցով, ինչը նշանակում է, որ Իրանից գազը կարող է հասնել Եվրոպա՝ ի հեճուկս պատժամիջոցների:
Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այն ևս շահագրգռված է թուրքական hաբի օգտագործման մեջ, ինչը պետք չէ դիտարկել Իրանի հետ հնարավոր մրցակցության համատեքստում: Հակառակը, երկուսի շահերն այս փուլում առավել քան համընկնում են, այդ թվում՝ գազի հնարավոր արտահանման ծավալների բաշխման մասով»:
Այս համատեքստում Վահե Դավթյանն ուշադրություն հրավիրեց նաև երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից արված հրահանգին՝ ակտիվացնել Ռուսաստան (Դաղստան)-Ադրբեջան-Իրան ճանապարհի կառուցումը, ինչն, ըստ փորձագետի, նշանակում է, որ Հայաստանն այլևս չի դիտարկվում՝ որպես Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի կարևոր մասնակից:
Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ հարցադրմանն անդրադառնալով՝ քաղաքագետը շեշտեց, որ հարցը բացառապես քաղաքական հարթության վրա է:
«Հայաստանին պետք է իրապես նոր քաղաքական էլիտա, որն առնվազն կփորձի սահմանել մեր ազգային շահն այս ճարտարապետության մեջ»,- պարզաբանեց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանից, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքով» դեպի Թուրքիա և Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանման մասին ադրբեջանական հայտարարություններին, ապա էներգետիկ փորձագետը դրանք իբրև հերթական «միֆ» որակեց՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը չունի անհրաժեշտ գեներացիոն հզորություններ և դեռ էլեկտրաէներգիա ներկրող երկիր է:
Քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Հայաստանի դեմ բանեցվող ճնշումների քաղաքականությունը պարբերաբար թիրախավորում է նաև հայկական ԱԷԿ-ը՝ Վահե Դավթյանին խնդրեցինք անդրադառնալ հարցին, թե որքանո՞վ է հավանական Թուրքիայի և Ադրբեջանի «ջանքերով» հայկական ատոմակայանը փակելու «սցենարը»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից բանեցվող հակամիջուկային անհեթեթ խոսույթին՝ էներգետիկ հարցերով փորձագետը նկատեց, որ դեռևս 2020 թ. հուլիսին Բաքուն հայտարարում էր, թե անհրաժեշտության դեպքում հրթիռային հարված կհասցնի Հայկական ԱԷԿ-ին:
«Ստացվում է, որ այժմ էկոլոգակենտրոն ներկայացող Ադրբեջանն ընդամենը երկու տարի առաջ պատրաստ էր սեփական ձեռքերով ստեղծել էկոլոգիական աղետ տարածաշրջանում: Ցավոք, Երևանը, ինչպես միշտ, հավուր պատշաճի չի արձագանքում Հայկական ԱԷԿ-ի դեմ ուղղված խոսույթին:
Վերջինս անհեթեթ է նաև այն առումով, որ Հայկական ԱԷԿ-ը վերջերս է մոդեռնիզացվել և համապատասխանում է անվտանգության բոլոր նորմերին, ինչի վերաբերյալ կա նաև ՄԱԳԱՏԷ-ի արձանագրությունը: Ինչ վերաբերում է հայկական «խաղաղ ատոմի» ապագային, ապա խնդիրն այն է, որ առ այսօր վերջնականապես չի ձևավորվել նոր բլոկի կառուցման մոդելը: Գիտենք, որ «Ռոսատոմ»-ը Երևանին առաջարկում է կառուցել մեծ հզորության՝ մինչև 1200 ՄՎ էներգաբլոկ՝ երկարացնելով գործող բլոկի շահագործումը մինչև 2036 թ.: Կարծում եմ՝ անհրաժեշտ է գնալ այս ճանապարհով,- նշեց նա՝ շեշտելով,- «ԱԷԿ-ը փակելու» սցենարն իրենից չափազանց բարդ գործընթաց է ներկայացնում, այդ թվում՝ ֆինանսական առումով: Եվ եթե կոնսերվացնում ես միջուկային բլոկը, պետք է այն փոխարինես նոր հզորություններով: Իսկ նոր հզորություններ գրեթե չեն ստեղծվում, խոշոր արևային կայանների կառուցման ծրագրերի մեծ մասն էլ առայժմ թղթի վրա են մնում:
Պետք է, սակայն, հասկանալ, որ Հայաստանի համար նոր, կոնվենցիոնալ հզորության միջուկային էներգաբլոկի կառուցումը ռազմավարական անհրաժեշտություն է:
ԱԷԿ-ը մեր ազգային անվտանգության հենասյուներից մեկն է, որը պետք է շարունակաբար ամրապնդվի, այլապես, եթե կյանքի կոչվեց դրա կոնսերվացման սցենարը, ապա դա կլինի հերթական կապիտուլյացիոն ակտը Հայաստանի համար»: