«Թավշյա բլեֆը» չի լուծել այն հիմնական խնդիրները, որոնք խոստացել էր լուծել. Տնտեսագետը՝ միջազգային սանդղակներում հերթական նահանջի մասին 

2020 թվականի մայիսի 16-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին, որում պատվավոր հորիզոնական էր հատկացրել նաև Heritage Foundation-ի կողմից «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում արձանագրված արդյունքին, ըստ որի՝  Հայաստանը «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվել էր  «հիմնականում ազատ» երկրների խումբ:

Բայց տարիներն անցան ու տարիների հետ անցան նաև 100 փաստերի երբեմնի փայլն ու կենսունակությունը. Հայաստանն այս տարի դարձյալ հետընթաց է արձանագրել «Տնտեսական ազատության ինդեքս»-ի սանդղակում:

2023թ. Հայաստանը 65.1 միավոր տնտեսական ազատության ինդեքսով (ՏԱԻ) (որը նախորդ տարվա ցուցանիշից պակաս է 0.2 միավորով) համաշխարհային վարկանիշային աղյուսակում 50-րդն է, իսկ Եվրոպայի տարածաշրջանում զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը։ Հայաստանի 2023թ. ՏԱԻ-ն 2001 թվականից ի վեր ամենացածրն է։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը 168.amի հետ զրույցում նշեց՝  Heritage Foundation-ի  ներկայացրած գնահատականները հերթական արձանագրումն են, որ վերջին տարիներին Հայաստանը գահավիժում է:  Տնտեսագետը միաժամանակ հավելեց՝ պատճառները նաև օբյեկտիվ են:

Կարդացեք նաև

«Համավարակը, 44-օրյա պատերազմը, ռուս-ուկրաինական պատերազմի բացասական ներգործությունը և, ընդհանրապես, ներքաղաքական իրավիճակի մշտական լարվածությունը, օրինականության իրավակարգի անկումները, բնական է՝ իրենց արտացոլումը ստացել են այսպիսի միջազգային ինդեքսի հետընթացի տեսքով,- պարզաբանեց նա, ապա անդրադառնալով սանդղակում ՀՀ դիրքին և հետընթաց արձանագրած ուղղություններին՝ նկատեց,- Հետընթացն ակնհայտ է, հատկապես դատական համակարգի առնչությամբ, որովհետև այն, ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին և, թերևս, շարունակվում է արդարադատության ոլորտում, բնական է, որպես ինստիտուցիոնալ անբարենպաստ միջավայր, ազդելու է բոլոր ինդեքսների վրա:

Հարկաբյուջետային կայունության և դրամավարկային ազատության ինդեքսներով հետընթացը նույնպես ակնհայտ է.  այն մասնավորապես վերաբերում է շատ բարձր գնաճին և դրա զսպման նպատակով կիրառվող կոշտ միջամտություններին (նկատի ունեմ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական բարձրացումները վերջին տարիներին. սա թեև որոշ առումով ունեցել է ազդեցություն, բայց տնտեսական ազատությունների իմաստով՝ այն իմաստով, որ դրանով իսկ նվազել է մոնետար միջոցների հասանելիությունը ներդրողների համար, ՏԱԻ հաշվարկող փորձագետների աչքից չի վրիպել):

Նույնը վերաբերում է պետական ծախսերին, կամ հարկաբյուջետային կայունությանը. այդ երկուսի առումով էլ մենք բավականաչափ լուրջ խնդիրներ ենք ունեցել՝ և՛ պետական պարտքի բեռի, դրա բացարձակ աճի առումով, և՛ նաև՝ միջոցների ներգրավման ու դրանց ոչ արդյունավետ, ոչ նպատակային ծախսման հետևանքով: Խոսքը հատկապես այն ենթակառուցվածքային ծրագրերին առնչվող կապիտալ ծախսերի թերակատարման մասին է, որի մասին շարունակ բարձրաձայնել ենք, օրինակ՝ Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման ծրագրի: Միջոցները ծախսվել են ընթացիկ ծախսերը ֆինանսավորելու նպատակով»:

Ատոմ Մարգարյանը հիշեցրեց՝ տնտեսական ազատության ինդեքսը ցույց է տալիս՝ ինչպես երկրների հարաբերական դիրքավորումը տնտեսական ու քաղաքական քարտեզի վրա, այնպես էլ՝ երկրի ներսում իրավիճակի և վարվող քաղաքականության որակական գնահատականը:

«Փաստը մնում է փաստ, որ թավշյա հեղափոխությունը, որը ես կանվանեմ թավշյա բլեֆ, չի լուծել այն հիմնական խնդիրները, որոնք խոստացել էր լուծել՝ սեփականության և բիզնեսի տարանջատում, տնտեսության օլիգարխիկ միտումներ, մենաշնորհներ և այլն:

Այսօր տեսնում ենք՝ իշխանության քիմքին շատ հաճո օլիգարխներ, որոնք հիմնականում ներկրման և առևտրի ոլորտում են զբաղված, շարունակում են իրենց գերշահութաբեր գործունեությունը, տեսնում ենք բնական մենաշնորհների դիկտատը (ակնհայտ է, որ այդ ոլորտում այդպես էլ աուդիտ չանցկացվեց. հատկապես գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրամատակակարման, կապի և օպերատորների և մասսայական ծառայություն մատուցող սուբյեկտների առնչությամբ):

Եվ բացի այդ, զուտ շուկայի վերահսկողության, ազատ մրցակցության առումով տեսնում ենք՝ դարձյալ նույն խնդիրները կան, և դրանք համեմված են կոռուպցիոն փոխհարաբերություններով, ինչը ևս այս ինդեքսում արձանագրված է, որ ՀՀ-ում կոռուպցիան շարունակում է մնալ լուրջ խնդիր:

Մենք տեսնում ենք նաև հանքարդյունաբերության ոլորտի կասկածահարույց ծրագրերի վերակենդանացում. մի բան, որ հակասում է իշխող քաղաքական ուժի նախընտրական ծրագրերին և խոստումներին: Այս շարքը կարելի է շարունակել»,- մանրամասնեց տնտեսագետը՝ հիշեցնելով, որ կոռուպցիայի մասին արձանագրումներ էր արել նաև «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը:

Տեսանյութեր

Լրահոս