«Հիմնականում բոլոր ենթաինդեքսների առումով ունենք նահանջ,- 168.am-ի հետ զրույցում տնտեսական աղյուսակին անդրադառնալով՝ նշեց տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը՝ այդուհանդերձ, արձանագրելով նաև, որ ԵԱՏՄ ու եվրոպական տարբեր երկրների համեմատած՝ արձանագրվել է նաև իրավիճակի բարելավում,- Չի բացառվում, որ սա հերթական մանիպուլյացիայի առիթը հանդիսանա այս իշխանությունների կողմից: Բայց երբ անջատ ենք դիտարկում ՀՀ ցուցանիշները, ակնհայտ են դառնում անկումային միտումները:
2020 թվականի մայիսի 16-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին, որում պատվավոր հորիզոնական էր հատկացրել նաև Heritage Foundation-ի կողմից «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում արձանագրված արդյունքին, ըստ որի՝ Հայաստանը «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվել էր «հիմնականում ազատ» երկրների խումբ: