«Ասա՝ ա՛յ կնիկ, դու ի՞նչ գիտես, ա՛յ տականք. ունեցել ենք 7000 զոհ». հերոսի մայրը՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանը սուտ է խոսում՝ ինչպես և Նիկոլ Փաշինյանը. 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմին հայկական կողմն ունեցել է մոտ 7000 զոհ, եթե ոչ ավելի։ Այս մասին «168 Ժամ»-ին հայտնեց Արցախի հերոս, 44-օրյա պատերազմում անմահացած մայոր Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի այսօրվա ֆեյսբուքյան գրառմանը։
«Ասա՝ ա՛յ կնիկ, դու ի՞նչ գիտես, ա՛յ տականք։ Էդ ինչո՞ւ հինգ տարին անցավ՝ նոր է ասում։ Սուտ է ասում. մենք ունեցել ենք մոտ 7 հազար զոհ, եթե ոչ ավելի։ Ես շատ պանթեոններում եմ եղել։ Ով գալիս է մեր պանթեոնը՝ գժված գնում է։ Լենինականում եղել եմ, Կիրովականում եղել եմ, ամեն գյուղում եղել եմ… Դա պատահական մի թիվ է ասում. իրենց ցավը չի, իրենց դարդը չի։ Սո՛ւտ է ասում», – նշեց հերոսի մայրը։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ նոյեմբերի 27-ին, գրառում էր արել Ֆեյսբուքի իր էջում՝ նշելով, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձ, 3755 զինծառայող): Հաջորդիվ հրապարակված տեսանյութում նա հայտարարել էր, որ պաշտոնապես վաղուց հրապարակված է։
«Եվ գիտեք՝ պրոբլեմն ինչումն է, որ էնքան մեզ փորձել են այլ թվերով մեր հանրությանը ցավեցնել, դրա վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել այդ սրիկա քաղաքական գործիչները, որոնք այլ թվեր են հրապարակել, որ մեր իրականության մեջ այս թիվը, կարծես թե, նորություն լինի, վատ, բայց նորություն լինի։ Պաշտոնական թիվը 2020 թվականի պատերազմի 3833 է»,- հայտարարել էր Ալեն Սիմոնյանը։
Լիդա Առուշանյանի խոսքով՝ զինվորականներից, զոհվածների հարազատներից հավաքված տվյալներն ի մի բերելով՝ համոզված է, որ զոհերի թիվն առնվազն 7000 է։
Զոհվածի մայր Լիդա Առուշանյանն անդրադարձավ նաև այն հարցին, որ եթե զոհերի թիվը 3833 է՝ ինչպես պնդում են ներկա իշխանության ներկայացուցիչները, ապա ինչո՞ւ մինչ օրս պատերազմում նահատակված տղաների ամբողջական անվանացանկը հրապարակված չէ.
«Որովհետև չեն ուզում ճշմարտությունն ասեն մարդկանց։ Իրենք վախում էլ են։ Դուք մի մտածեք, թե որ իրենք մեծ-մեծ խոսում են, Բաքու են գնում՝ ամենակարող են… Ո՛չ, իրենք և՛ անկարող են, և՛ վախկոտ են, և՛ անգրագետ»։

