ՀՀ-ն տնտեսական ազատության ինդեքսով վերադարձավ «չափավոր ազատ» երկրների խումբ
Նիկոլ Փաշինյանի հարյուր փաստերից ևս մեկի կոռոզիային ականատես եղանք օրերս
Հիշում եք՝ 2020 թվականի մայիսի 16-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետը հրապարակել էր 4-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին, որում պատվավոր հորիզոնական էր հատկացրել նաև Heritage Foundation-ի կողմից «Տնտեսական ազատության ինդեքս 2020»-ում արձանագրված արդյունքին. 180 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը՝ «չափավոր ազատ» երկրների խմբից տեղափոխվելով «հիմնականում ազատ» երկրների խումբ:
Եթե 2021 թվականին վարչապետը շարունակեր հրապարակել 100 փաստերի նոր ժողովածուն, ապա տնտեսության ու անվտանգային խնդիրները մի կողմ թողնելով՝ հավանաբար պիտի փորձեր գտնել «աննախադեպ» տեղեկություն այն մասին, որ, օրինակ, Heritage Foundation-ի հերթական «Տնտեսական ազատության ինդեքս 2021»-ում Հայաստանի դիրքերը բարելավվել են ևս երկու աստիճանով:
Բայց, ինչպես ասում են, ամեն անգամ գետը գերան չի բերի. Նախկինում հրապարակված 100 փաստերից հերթականը հօդս ցնդեց այս տարի: Ամերիկյան The Heritage Foundation-ը «Տնտեսական ազատության ինդեքս-2022» զեկույցում Հայաստանը դասակարգել է 58-րդ տեղում՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ընդհանուր բալերը ցածր են տարածաշրջանի միջինից, բայց բարձր համաշխարհային միջինից: Հայաստանը նորից «չափավոր ազատ» երկրների ցանկում է:
Ինչո՞ւ է Հայաստանը տնտեսական ազատության ինդեքսով հետընթաց ապրել
Զեկույցում դասակարգումներն արվում են մի քանի սկզբունքների հիման վրա՝ իրավունքի գերակայություն, կառավարության միջամտության չափ, կարգավորման արդյունավետություն, ազատ շուկա։
Իրավունքի գերակայության ոլորտում արված հետազոտության պատկերն էլ հենց դարձել է հետընթացի պատճառը. վերլուծությամբ արձանագրվում է, որ, օրինակ, «դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցությունների, դատական ինստիտուտները խարխլված են անարդյունավետությամբ և համակարգային կոռուպցիայով, և չնայած իշխանության հակակոռուպցիոն ջանքերին՝ կոռուպցիան մնում է համակարգային»: