Հանրային, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հայաստանում նույնիսկ ամենավերջին կիպիծիլնիկին հայտնի էր, որ Գարեգին Բ-ից հետո կաթողիկոսական գահը ուներ երեք հիմնական հավակնորդ. պահպանողական թևի համար Միքայել Սրբազանը, ռեֆորմիստների համար` Բագրատ Սրբազանը, իսկ Գարեգին Բ-ի մերձավոր շրջապատի ու «եկեղեցական բյուրոկրատիայի» մի մասի համար` Մկրտիչ Սրբազանը։
Որևէ չորրորդ մարդ չկար, որ ուներ նման հավակնության ռեսուրսային բազա։ Ըստ այդմ էլ կարվել են Տարանտինոյի ֆիլմի սցենար հիշեցնող երեք քրեական գործերը և սկսվել է եկեղեցու քաղաքական զավթման նախապատրաստությունը։ Նիկոլը վստահ է եղել, որ Գարեգին Երկրորդին մեկուսացնելը զուտ ժամանակի հարց է, իր խնդիրը այլ էր` որ եկեղեցական իշխանությունը հանկարծ չփլվի ոչ նիկոլական որևէ ժառանգորդի ձեռքերի մեջ։
Կառավարության Սպիտակ սենյակում հավաքված մարդկանցից որևէ մեկը չունի նվազագույն որակներ` հոգևոր հոտ առաջնորդելու։ Քանզի եթե նրանց իսկապես հուզում էին բարոյական ու կանոնական հարցերը, ապա պիտի խոսեին դրա մասին երբ դեռ չկար «ֆաս» հրամանը։ Իսկ եթե չեն խոսել` ուրեմն առնվազն պարզ վախկոտներ են, որոնք արժանի չեն Էջմիածնում մեռնելու պատրաստ Վեհափառ Գևորգ 5-րդի, իր հավատամքի համար Խոր Վիրապում բանտված Լուսավորչի կամ Նիկոլի գաղափարական հայրերի կողմից խեղդամահ արված Խորեն Ա Մուրադբեկյանի գահին բազմել։
Իսկ եթե նրանց չեն հուզել այդ բոլոր խնդիրները (ինչում ես համոզված եմ նույնքան, որքան համոզված եմ, որ եթե երանոսցի մի մարդու ազգանուն-հայրանունը Էլիբեկի Քարամյան է ապա նրա հայրը հանրապետության միակ Էլիբեկ Քարամյանն է), ապա նրանք պարզ մորթապաշտ դավաճաններ են, ինչը գուցե մոդա է, բայց ոչ բարոյական։
Այդ մարդկանց աչքերում կա մի թաքուն կրակ, մի հույս, որ իրենք կփոխարինեն Գարեգին Բ-ին այն նույն հզոր կառույցի գլխին, որպիսին եղել է եկեղեցին դարեր շարունակ։ Ուղղակի մի բան հաշվի չեն առնում, որ Նիկոլի պլանների մեջ ոչ թե Գարեգին Բ-ն չի մտնում, այլ առհասարակ եկեղեցին, ու իրենք ոչինչ էլ չեն ստանալու։ Հատկապես Նիկոլից, ով երբե՛ք, երբե՛ք չի ներում իր դեմ թշնամություն արած մարդկանց ճամբարափոխությունը և պաթոլոգիկ վախ ունի դավաճանների շողոքորթությունից»։