Զինվորականների հրամաններին պիտի գնահատական տա դատաիրավական համակարգը, «գերագույն հրամանատարի» որոշումներին՝ ժողովուրդը
Այսօր լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում 44-օրյա պատերազմի, դրանից մոտ մեկ ամիս հետո Սյունիքից զորքի հետքաշման հետ կապված հետևյալ հարցերն է ուղղել՝
Լրագրող.- 44-օրյա պատերազմից հետո պատերազմական տարբեր դրվագներով տարբեր քրեական գործեր են հարուցված Արցախի ՊԲ հրամանատարների, բարձրաստիճան և միջին օղակի զինվորականների նկատմամբ՝ անփութության դրսևորում և այլն, որոշ գործեր արդեն դատարանում են:
Այս համատեքստում գլխավոր հարցը՝ ի՞նչ գործ ունեք Արցախի զինվորականության հետ, եթե Արցախը ճանաչել եք Ադրբեջանի մաս, այսինքն՝ ՀՀ դատարանների առաջ կանգնած են Արցախի զինվորականները: Բացի այս, պատերազմի ավարտին Ձեր ստորագրությամբ են (2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ) Ադրբեջանին հանձնվել Քարվաճառը, Լաչինը, Աղդամը: Երկրորդ, դրանից հետո հայկական զորքերին հրաման տրվեց հետ քաշվել, Ազգային ժողովում 2021 թվականին հայտարարել եք, որ Դուք եք զորքի հետքաշման հրամանը տվել, և Ադրբեջանն էլ GPS-ներով տեղակայվեցին հայկական ռազմավարական բարձունքներում, դրա հետևանքով, իմացանք՝ ինչ եղավ Հայաստանում՝ մի քանի հարձակում, տարածքներ կորցրեցինք: Արդյո՞ք Ձեր հրամանները, գործողությունները չպետք է քննության ենթարկվեն իրավապահ մարմինների կողմից, քրեական գործեր հարուցվեն՝ հասկանալու համար դրանց հետևանքով Հայաստանի Հանրապետությունն ինչ վնասներ է ունեցել:
Նիկոլ Փաշինյան.- Նախ՝ հարցի առաջին մասով. դատավարություններ են ընթանում, թող իրավաբաններն այդ հարցին պատասխանեն: Ես հարկ չեմ համարում էդտեղ մեկնաբանել, նախորդ շրջանում բազմիցս եմ մեկնաբանել, բայց հիմա դատավարական պրոցեսներ են:
Ինչ վերաբերում է երկրորդ մասին, ապա այդ քննությունը տեղի է ունեցել, ես գործով հարցաքննվել եմ մոտ 5 ժամ, կներեք, եթե ժամի հարցում սխալվեմ: Հրապարակային քննվել եմ նաև Քննիչ հանձնաժողովում, և այդպես շարունակ:
Ավելին, քննվել եմ ժողովրդի կողմից: 2021 թվականի ընտրություններն էդ ամբողջը քննությունն է եղել: Այսինքն, պատերազմի հետ կապված մի բան կա, որ որևէ մեկը չգիտի՞:
Տենց բան կա՞, որ որևէ մեկը չգիտի: Էդ որ ասում եք՝ քրեական գործեր, ձեր կարծիքով՝ քրեական գործերի մեջ ավելին կա, քան հանրությունը գիտի՞, քան հանրությանը ներկայացվել է քննիչ հանձնաժողովներում և ելույթներո՞ւմ: Դա թյուր կարծիք է: Եվ հետևաբար, իմ գործողությունները քննվել են, կարող են էլի քննվել և շարունակաբար քննվել: Ես երբեք որևէ հրաման չեմ տվել ՀՀ որևէ ինքնիշխան տարածքից ՀՀ զորքի հետքաշման մասին: Սա՝ առաջինը:
Երկրորդը՝ իմ գործողությունները քննվել են, էն մնացած մասերով թող էլի քննվեն, թող անընդհատ քննվեն:
Նախքան Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներին անդրադառնալը, նշենք, որ Արցախի զինվորականությանն առնչվող բարձրացրած հարցադրումները բարձրացվել են նաև Բաքվի «դատավարության» ժամանակ, որտեղ նույնիսկ քննության առարկա էր դարձել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման փաստը, ընդ որում՝ ոչ միայն 44-օրյա պատերազմին առնչվող:
Մասնավորապես, «դատական» նիստերից մեկի ժամանակ ադրբեջանական պետական մեղադրողը Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին հարց էր տվել ՀՀ ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի մասին, այն է՝ «ինչո՞ւ է այդ քննիչ հանձնաժողովը ստեղծել Հայաստանը, երբ մարտական գործողությունները տեղի են ունեցել «Ադրբեջանի տարածքում» (չակերտները՝ Մ.Պ.-ի)»: Ինչ-որ առումով՝ տրամաբանական հարցեր են, հատկապես Նիկոլ Փաշինյանի Արցախի տարածքն ադրբեջանական ճանաչելուց հետո:
Ավելին, 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործով անցնող ՀՀ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի 2025 թվականի փետրվարին դատական նիստերից մեկի ժամանակ նրա պաշտպաններից Արմեն Անդրիկյանը դատարանից խնդրել էր պարզաբանել՝ «ենթադրյալ հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքից դո՞ւրս, թե՞ ՀՀ տարածքում, եթե կատարվել է ՀՀ տարածքում, ապա կատարման վայրը որտե՞ղ է և որտե՞ղ պետք է լինի կատարման վայրի ընդդատությունը, և եթե կատարվել է ՀՀ-ից դուրս, ապա ինչո՞ւ չի գործում ըստ բնակության վայրի ընդդատության կանոնը»:
Եվ փոխանակ Փաշինյանն այս հարցի պատասխանը տա, հիշատակում է հարուցված քրեական գործերը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, որը 2023 թվականին խախտել էր ՊԲ նախկին հրամանատարի անմեղության կանխավարկածը՝ նրան համարելով «շարքային գործակալ», այսօր հանկարծ չի ցանկացել «խանգարել» քրեական գործերին և դատական քննություններին: Իսկ թե ինչ իրավունքով է ՀՀ ղեկավարությունը՝ առանց Արցախի ղեկավարության ստորագրության, որոշել Արցախի տարածքների (գոնե այդ ժամանակ այդպես էր համարում իշխանությունը) ճակատագիրը, Փաշինյանը, իհարկե, բացատրություն չի տվել:
Ինչ վերաբերում է 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքից զորքի հետքաշմանը, ապա, այո, դեռ մոտ 4 տարի առաջ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ իր որոշմամբ է դա տեղի ունեցել:
«Ես եմ տվել հետ քաշվելու հրամանը, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը: Ձեզ թվում է, որ պետք է ասեմ՝ այո, Վաղարշակ Հարությունյանն է այդ հրամանը տվել: Ես եմ, պատասխանատուն ես եմ՝ անձամբ: Այո՛, միանձնյա ես եմ, բայց այդ որոշումը չեմ կայացրել այսպես՝ մեկ էլ վեր եմ կացել, ասել եմ՝ որոշում կայացնեմ: Դրան նախորդել են քննարկումներ՝ ամենատարբեր կազմերով, ԱԽ անդամներով, այդ առիթով ֆորմալ ԱԽ նիստ չի հրավիրվել: Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ»,- հայտարարել էր նա՝ հավելելով, որ նման որոշում կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար, «այլապես ռազմական գործողություններ էին սկսելու, և Սյունիքում խնդիրներ էին լինելու»:
Իսկ դրանից առաջ էլ՝ 2020 թվականի նոյեմբերի 27-ին, Փաշինյանը խոստովանել էր, որ «նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք»:
Այս ընթացքում մենք փորձել ենք Պաշտպանության նախարարությունից պարզել՝ արդյո՞ք կա գրավոր հրաման, արձանագրում Սյունիքից զորքի հետքաշման վերաբերյալ, բայց սկզբում ոչ հերքվել, ոչ հաստատվել է, այնուհետև մեր հարցումներին ի պատասխան՝ նշվել է, որ պետական գաղտնիք է հայցվող տեղեկությունը: Հիմա Փաշինյանն ասում է՝ «ՀՀ որևէ տարածքից զորքի հետքաշման հրաման չի տվել»: Այսինքն, հայկական զորքը Սյունիքում «ադրբեջանական տարածքո՞ւմ» էր կանգնած:
Հետո, երբ Փաշինյանը հայտարարում է՝ «5 ժամ հարցաքննվել է այս քրգործով», նկատի ունի զորքի հետքաշման դե՞պքը, դրանով քրեական գո՞րծ է հարուցվել, կամ՝ եթե ինքն է հրաման տվել, ապա որպես ի՞նչ է հարցաքննվել:
Այն, որ այս դեպքով քրեական գործ պիտի հարուցվի, դա չի քննարկվում, քանի որ, ինչպես մեզ հետ զրույցում նկատել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, «տեղի է ունեցել իշխանության յուրացմանը նմանվող մի գործողություն, երբ առանց զինված ուժերի կարծիքը հաշվի առնելու՝ ստորագրվել է մի համաձայնագիր, որը փաստի առաջ է կանգնեցրել երկրի զինված ուժերին, ԳՇ պետին, հապճեպ որոշվել է Սյունիքի ուղղությամբ շուրջ 2 տասնյակ կմ զորքերը մի քանի օրում հետ քաշել»:
Իսկ իրականում 44-օրյայի առնչությամբ Փաշինյանի հարցաքննության մեկ դեպք է հայտնի: Դեռ 3 տարի առաջ նա հարցաքննվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթի շրջանակում:
Նշենք, որ Փաշինյանին հարցաքննելու պահանջ ներկայացրել էին զոհվածների հարազատները, որոնք այդ ժամանակ բողոքի ակցիաներ էին անում կառավարության, գլխավոր դատախազության շենքի առջև: Իսկ իրականում Փաշինյանը պատերազմական մի շարք դրվագներով պիտի հարցաքննվի, այդ թվում՝ հակահարվածի հայտնի օպերացիան հաստատելու, Շուշին հետ գրավելու հրաման տալու, ռազմական դրության ժամանակ գերագույն հրամանատարի լիազորություններ ստանձնելու և այլն:
Ինչ վերաբերում է քննիչ հանձնաժողովում հարցաքննությանը, ապա նա հրաժարվել էր գնալ բաց հարցաքննության Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ միասին, իսկ առանձին հարցաքննությանը հարցեր տվել են միայն ՔՊ-ական պատգամավորները, թերևս, նախապես համաձայնեցված:
Իսկ այն, որ նա 2021 թվականի ընտրությունը Փաշինյանը համարում է 44-օրյա պատերազմին առնչվող «հարցաքննություն», ինչ-որ առումով չի սխալվում, քանի որ հաղթել է պարտված ղեկավարը: Մյուս կողմից, սա ոչ այլ ինչ է, քան պատերազմի հետևանքների համատեքստում «մեղադրյալ» չլինելու պատասխանատվությունը ժողովրդի վրա դնելու փորձ: Այն ժողովրդի, որից թաքցվում է քննիչ հանձնաժողովի զեկույցը: Եվ բնավ արդարացում չէ՝ թե այդտեղ չկա ավելին, քան հրապարակավ ասվել է, ուրեմն՝ առավելևս պիտի հրապարակվի, առավելևս ռազմական գործերով դատավարությունները պիտի բաց լինեն:
Փաշինյանը զրկել է ժողովրդին որոշելու՝ պատերազմում պարտության հարցում բանա՞կն է մեղավոր, թե՞ ինքը:
Մի բան, սակայն, պետք է արձանագրել՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում զինվորականության հետ կապված Փաշինյանն առավել զուսպ էր, գուցե ունի դրա համար պատճառներ…


