Կառավարությունը հույս ուներ գերազանցել նախկինների ռեկորդը
Հայաստանի տնտեսության համար անցած գրեթե ամբողջ տարվա ընթացքում դրսից թելադրված արտակարգ գործոնների արդյունքում ստեղծված չափազանց նպաստավոր պայմաններում կառավարությունը տարբեր մակարդակներում հնչեցվող հայտարարություններով նախադրյալներ էր ստեղծում, թե գերազանցելու է նախկին իշխանությունների ժամանակ վերջին 14-15 տարիների կտրվածքով գրանցված տնտեսական աճի ռեկորդը։ Բայց չհաջողեց։
Չնայած տարեկան կտրվածքով գրանցված 14,2 տոկոս տնտեսական ակտիվությանը, Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներով, անցած տարվա տնտեսական աճը Հայաստանում կազմել է 12,6 տոկոս։
Հիշեցնենք, որ վերջին 15 տարվա ռեկորդն արձանագրվել է 2007թ.։ Այն ժամանակ տնտեսական աճը կազմել էր 13,8 տոկոս՝ 1,2 տոկոսային կետով ավելի բարձր, քան անցած տարի։
Այնուհանդերձ, 12,6 տոկոսը ևս պակաս բարձր աճ չէ։ Թվում է, թե անցած տարի Հայաստանի տնտեսությունը գտնվել է բուռն զարգացման ու ծաղման շրջանում։ Սակայն այդպես է միայն առաջին հայացքից։ Ստեղծված անգամ արտակարգ նպաստավոր պայմաններում մեր տնտեսության աճի կառուցվածքը շարունակել է նույնքան մտահոգիչ լինել, ինչպես նախորդ տարի։
Տնտեսական աճը մեծապես պայմանավորված է եղել հայտնի երկու ոլորտներով՝ առևտրով ու ծառայություններով, որոնք ամենաքիչ կապն ունեն տնտեսության բուն զարգացումների հետ։ Առևտուրն ու ծառայությունները նախկինում էլ եղել են մեր տնտեսության աճին նպաստող հիմնական ոլորտները, բայց անցած տարի բոլոր ռեկորդները գերազանցվեցին։ Աճի ավելի քան 74 տոկոսը բաժին է ընկել միայն այդ ոլորտներին։
Պատկերացնելու համար, թե այն ինչպես է փոխվել մեկ տարվա ընթացքում, նշենք, որ 2021թ. աճի մեջ ծառայությունների ու առևտրի կշիռը 63,7 տոկոսն էր։ Անցած տարի առնվազն 10 տոկոսային կետով էլի ավելացել է։
Մինչդեռ՝ տնտեսության երկու առանցքային հատվածներից մեկի մասնաբաժինը, ի դեմս գյուղատնտեսության, շարունակել է կրճատվել։ Տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշները հրապարակելուց, պաշտոնական վիճակագրությունը գյուղատնտեսության մեջ մի փոքր՝ 0,4 տոկոս աճ էր գրանցել։ Բայց, ինչպես և սպասվում էր, այս անգամ էլ այդ աճը խաբուսիկ էր. գյուղատնտեսությունը կրկին անկումային է եղել։
Թարմացված տվյալներով, ոլորտի արտադրության ծավալներն անցած տարի նվազել են 0,7 տոկոսով, ինչի հետևանքով կրճատվել է նաև ՀՆԱ-ում գյուղատնտեսության կշիռը։ Նախորդ տարվա 11,1 տոկոսից իջել է 10,4 տոկոսի։
Սա, թերևս, 5-րդ տարին է, որ գյուղատնտեսությունն անկումային է։ Հինգ տարի շարունակ ոլորտում արտադրության ծավալները տարին տարվա վրա նվազում են։ Կառավարությունն այս ընթացքում հայտարարել է գյուղատնտեսության մեջ տարբեր ծրագրեր իրականացնելու, դրանց միլիարդներ հատկացնելու ու ծախսելու մասին, բայց գյուղատնտեսությունը շարունակում է անկումային մնալ, արդյունքներ չկան։
Հաշվի առնելով անկումային վիճակը, գյուղատնտեսության մասնակցությունն անցած տարվա տնտեսական աճի գործում եղել է բացասական։
Տնտեսական աճին ամենամեծ մասնակցությունն ունեցել են առևտուրն ու ծառայությունները։
Արձանագրված 12,6 տոկոս աճից 9,3 տոկոսային կետը եղել է առևտրի ու ծառայությունների բաժինը։
Ակնհայտ է, որ տնտեսության մյուս բոլոր ոլորտների տեսակարար կշիռը տնտեսական աճի գործում անհամեմատ ավելի փոքր է, քան միայն առևտրինն ու ծառայություններինը։
Առևտրի ու ծառայությունների մասնակցությունը կազմել է 9,3, մյուս բոլոր ոլորտներինը միասին՝ 3,3 տոկոսային կետ։ Գրեթե 3 անգամ ավելի քիչ։ Դեռ լավ է, որ տարեվերջին որոշակի դրական միտումներ արձանագրվեցին արդյունաբերության ու շինարարության ոլորտներում, ինչի արդյունքում մի փոքր ավելացավ դրանց կշիռը տնտեսական աճի ձևավորման գործում։
Արդյունաբերությունը, էներգետիկայի հետ միասին, անցած տարվա 12,6 տոկոս տնտեսական աճին նպաստել է՝ ընդամենը 1,28, իսկ շինարարությունը՝ 1,23 տոկոսային կետով։
Թե ինչի հաշվին են եղել առևտրի և ծառայությունների, ինչպես նաև տնտեսության այլ աճերը, հայտնի իրողություններ են։ Ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո ստեղծված նպաստավոր պայմանները հանգեցրին նրան, որ դրսից մեծ քանակությամբ կապիտալ ու մարդկային հոսքեր տեղափոխվեցին Հայաստան։ Տրանսֆերտների տեսքով Ռուսաստանից ռեկորդային քանակությամբ գումար եկավ, գրեթե 4 անգամ ավելի, քան նախորդ տարի։ Ընդհանուր 5,2 մլրդ դոլար տրանսֆերտներից Հայաստանում մնացած զուտ ներհոսքը հասավ 2,6 միլիարդի։
Կապիտալի այսպիսի հսկայական հոսքերի սպասարկումն ուղղակիորեն արտահայտվեց բանկային համակարգի ցուցանիշների վրա։ Ֆինանսական ծառայությունների մատուցման ոլորտում գրանցվեց գրեթե 47 տոկոս աճ, ինչն ուղեկցվեց չափազանց բարձր շահութաբերությամբ։
Գրեթե նույնպիսին էր աճը նաև ՏՏ-ում՝ կրկին կապված տեղափոխված մասնագետների ու բիզնես հոսքերով։
Առևտրի աճերը ևս դրսի գործոնների արդյունք էին։ Դրանք արտահայտվեցին հատկապես արտաքին առևտրի հատվածում։ Պատժամիջոցների հետևանքով ռուսական շուկայում ներմուծման սահմանափակումները նպաստեցին Հայաստանի միջոցով դեպի Ռուսաստան այլ երկրների արտադրանքի արտահանումների կտրուկ ավելացմանը։ Այս հանգամանքը մեծապես ազդեց՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման ցուցանիշների վրա։
Իսկապես ռեկորդային աճեր գրանցվեցին, բայց դրանք հիմնականում մեր տնտեսության մատակարարումների հաշվին չէին։ Ներքին տնտեսության որոշ հատվածներ գուցե և օգտվեցին ռուսական շուկայում առաջացած բացերից, սակայն ներմուծման ու արտահանման բարձր աճերը պայմանավորվեցին առաջին հերթին վերարտահանումներով։
Սրանից մեր տնտեսության իրական օգուտները մեծ չէին, որքան էլ ծաղկացնում էին արտաքին առևտրի ցուցանիշները։
Պատահական չէ, որ ներմուծման ռեկորդային աճերի պայմաններում ներքին մանրածախ առևտուրը մեր երկրում չնչին՝ ընդամենը 2-2,5 տոկոս աճ ունեցավ։
Ներմուծման աճերը ներքին շուկայի ու ներքին սպառողի հաշվին չէին։ Այնպես, ինչպես ներքին տնտեսության հաշվին չէին այն բարձր աճերը, որոնք արտաքուստ գրանցվեցին տնտեսական ցուցանիշների տեսքով։
Իրական հատվածի դերը տնտեսական աճի գործում շարունակեց շատ փոքր լինել։ Չնայած հսկայական հնարավորություններին, չբարելավվեց տնտեսական աճի կառուցվածքն ու չավելացավ տնտեսության աճի պոտենցիալը։ Այն ինչպես կար, այնպես էլ մնում է 4-4,5 տոկոսի սահմաններում, ինչը նշանակում է, որ արտաքին բարենպաստ գործոնների վերացումից հետո տնտեսությունը շատ արագ վերադառնալու է աճի իր իրական հնարավորությունների մակարդակին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ