«Փաշինյան Նիկոլն էլ իր աթոռից չի պոկվում, այս պայմաններում մեր կարգավիճակն այսպես է լինելու». Աղանուսի համայնքապետ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանն Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուց մեկ օր անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, Մոսկվայից վերադարձել էր Հայաստան՝ իր հնարավորությունների սահմաններում Արցախին օգնելու համար։

Ասում է՝ 23 տարի Աղանուսում է ապրել, նպատակներն ու ծրագրերն ամբողջությամբ Արցախի հետ էին կապված, եթե չլիներ Արցախի 44-օրյա պատերազմը, ապա երբեք չէր թողնի իր տունը։

168.am-ի հետ զրույցում Աղանուսի համայնքապետը պատմեց, որ դեռ 2022 թվականի ամռանն Արցախի տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանին ասել էր, որ Բերձորի հանձնումից հետո արցախահայության համար մեծ դժվարություներ են ստեղծվելու։

«23 տարի իմ բնակիչների հետ գյուղում մեկ ընտանիքի նման ենք ապրել, բոլորի հետ էլ այսօր կապը կա։ Երկու ընտանիք ունեինք, բուն Արցախից, նրանք 2020 թվականից հետո տեղափոխվեցին Արցախի այլ բնակավայր, մեկը՝ Բադարա գյուղ, մյուսը՝ Ստեփանակերտ։ Մյուս բնակիչները Հայաստանի տարբեր վայրերում են ապրում, բոլորն էլ այս օրերին փորձում են տներ ձեռք բերել, տուն ենք փնտրում, որ սերտիֆիկատով գնենք։ Սա ամենադժվար գործն է, տրված գումարը չի համապատասխանում բնակարանների գներին, բայց երկրի վիճակը տեսնելով՝ համակերպվում ենք»,- նշեց Արտակ Աբրահամյանը։

Կարդացեք նաև

Նա ասաց նաև, որ Բերձորի այլընտրանքային ճանապարհն անցնում է Աղանուս բնակավայրի վարչական տարածքով, Կոռնիձորից անմիջապես հետո, ճանապարհը մտնում է Աղանուսի տարածք և հասնում մինչև Բերդաձորի վարչական տարածք։

«Հայկ Խանումյանն ասում էր՝ Աղանուսը հետ ենք բերում, այդ ժամանակ մի բան ասացի՝ իշխանությունը խոստացել էր, որ Բերձորը, Ներքին Սուսն ու Աղավնոն մնալու են հայկական վերահսկողության տակ, եթե այդքանը իրականություն էր՝ ո՞ւր են Աղավնոն, Բերձորն ու Ներքին Սուսը։ Ասացի՝ կապրենք՝ կտեսնենք, եթե գյուղը մնաց մեր վերահսկողության տակ, բնակիչների հետ կխորհրդակցենք ու կվերադառնանք գյուղ։

Ես իմ գյուղից դուրս եմ եղել 2020 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ արդեն ստորագրված էր նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթուղթը։ Ռուսական կողմից եկան մեզ մոտ, ասացին, որ պետք է դուրս գանք, ժամանակ տվեցին, մենք էլ դուրս եկանք»,- պատմեց Արտակ Աբրահամյանը։

Ըստ համայնքապետի, Արցախը շրջափակելուց հետո, նույնիսկ բնակիչներով գնացել են ՌԴ դեսպանատան մոտ, պարզելու, թե ճանապարհը կբացի՞, թե՞ ոչ։

«Հիմա ես ֆիզիկապես Հայաստանում եմ, բայց իմ սիրտն ու հոգին Արցախում են։ Բայց ցավում եմ, որ այսօր Հայաստանի հասարակությունն ակտիվ չէ, մոլորված է, չգիտեմ՝ ինչ է կատարվում։ Մենք պետք է միավորվենք, հույսը չդնենք ո՛չ իշխանության, ո՛չ ընդդիմության վրա, եթե այս կարգավիճակով է ամեն ինչ շարունակվելու, ուրեմն՝ ելքեր չեմ տեսնում։ Այսօր ընդդիմությունն ուզում է հայտնվել իշխանության աթոռին, Փաշինյանն Նիկոլն էլ իր աթոռից չի պոկվում, այս պայմաններում մեր կարգավիճակն այսպես է լինելու։

Մի կոպիտ օրինակ բերեմ, շատ կոպիտ է, բայց ոչխարի հոտը որ չոբան չի ունենում, սկսում է այս ու այն կողմ գնալ, ու գայլերը մտնում են ոչխարների մեջ։ Հիմա մեր կարգավիճակն այսպես է, ամեն մեկս մի կողմ ենք գնացել, ու գայլերը մտել են մեր մեջ»,- եզրափակեց Արտակ Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով ոչ բոլորին է հնարավոր լինում տեղափոխել։

Արցախի շրջափակումից առ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել երեք տասնյակից ավելի հիվանդ, այդ թվում՝ երեխաներ։

Տեսանյութեր

Լրահոս