«Ով կբաժանի արցախցի-հայաստանցի, նա ուրացող է». Բագրատ սրբազան
Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հարթակի մեծ էկրանին ներկայացվեց մի տեսանյութ ստի ու սուտ խոստումների մասին: Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ ընտրվելուց առաջ և հետո ժողովրդին տված խոստումները, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած քննադատությունը տվյալ ժամանակվա իշխանությունների վարած քաղաքականության և ապա իր պաշտոնավարման ընթացքում արտաքին քաղաքականության ձախողումների մասին ինքնախոստովանությունը: Նպատակն էր՝ ցույց տալ, որ նա իր ասածներին, խոստումներին ճիշտ հակառակն է արել վերջին վեց տարիների ընթացքում։
Տեսանյութն ավարտվելուց հետո, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը փաստեց՝ երբ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը ստախոս է՝ չեն չափազանցնում։
«Տեսաք, այս շարքը շատ երկար էր։ Նա խոստացել էր, որ այս ագորայում ելույթ կունենա, իր ժողովրդին կներկայացնի, որևէ բան չի անի առանց ժողովրդի դատի։ Ո՞ւր է հիմա, ինքը գիտի՝ ուր է, մենք էլ գիտենք՝ ինչ ենք ուզում։
Ուզում եմ միևնույն ժամանակ հորդորել ոստիկանապետին կամ ՆԳ նախարարին՝ Վահե Ղազարյանին, ում դրությունն այդքան էլ լավ չէ, որքանով լսում ենք, նաև ոստիկանական շարքերին՝ ձեզ հանդարտ պահեք, ուղղակի հանդարտ պահեք։ Նաև իրենց վերնախավին ասել, որ այս տղերքին մի փչացրեք ու մի բարոյազրկեք, ավելորդ տեղը վահան մի տվեք, ոչ մեկը չի հարձակվելու, չի փշրելու։ Մարդիկ փողոցում իրենց անհամաձայնության գործունությունն են ծավալում, իրավունք չունեք անհամաչափ բռնի ուժ կիրառելու։
Ուզում եմ մեր բոլորի անունից ողջույններ հղել ու շուտափույթ վերադարձ մաղթել Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մեր ռազմագերիներին, ովքեր «երկու ամիս համբերելու» էին կոչված։ Մեր ամոթն է իրենց այնտեղ գտնվելը»,- շեշտեց Բագրատ սրբազանը։
Նա շեշտեց՝ կրկին ցանկանում է առանձնահատուկ վերաբերմունքը վերստին դրսևորել Արցախի Հանրապետության թե քաղաքական ու ռազմական ղեկավարությանը, թե բնիկ հայրենատեր ժողովրդին։
«Նրանց մենք լայն առումով մենակ թողեցինք թշնամու երախում և ուղղակի դիտորդի կարգավիճակում նայեցինք, թե ինչ է տեղի ունենում մեր հայրենիքի հետ։ Նրանք այսօր մեր շարքերում են գտնվում։ Առանց բաժանարար գծերի, ով կբաժանի արցախցի ու հայաստանցի՝ նա ուրացող է»,- եզրափակեց Բագրատ սրբազանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում