Բագրատ սրբազանի ամենակարևոր մեսիջը՝ ինքնամաքրում և պետության մաքրում. նրա պայքարը պարզապես անհրաժեշտություն է. Արթուր Աթանեսյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Բագրատ սրբազանի առաջնորդությամբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տեղին է և հիմնավորված, անհրաժեշտություն է։ Շարժումն այսօր սպասված է շատ մարդկանց համար, որովհետև Հայաստանից բացի, հայտնի չէ որևէ այլ երկիր, որի իշխանությունը կամավոր տարածք հանձներ և դա պոպուլիստական կերպով հիմնավորեր։ Հակառակը՝ նվաճողական գործընթացներ են տեղի ունենում: Չկա այնպիսի պետություն, որր չի հակադրվում թշնամու պահանջներին: Փոխարենը՝ այսօր Հայաստանի իշխանությունը հակադրվում է իր քաղաքացիների դժգոհությանն ու սահմանազատման գործընթացը դադարեցնելու պահանջներին։
- Եթե Հայաստանում նորմալ իշխանություն լիներ, նույնիսկ կարող էր օգտվել այս շարժումից՝ ցույց տալու համար, որ դիմադրություն կա, և ամեն ինչ հեշտ չի տրվում: Նորմալ երկրում սեփական մարմնում չեն սպանում սրտի բաբախը, իսկ այս դեպքում իշխանություններն ամեն կերպ փորձում են դա էլ սպանել: Զուգահեռ հարվածներ են հասցնում Եկեղեցուն:
- Այսօր մեր պետության իմիջը հավասարեցված է հողին: Մենք (իշխանությունները,- հեղ.) զբաղվում ենք ինքնասպանությամբ… Մեր նկատմամբ սպանություն են կատարում՝ Եկեղեցուն ոչնչացնելու գնով… Եկեղեցին Հայաստանում ամենահեղինակավոր ինստիտուտն է: Այսօր և միշտ Եկեղեցին իր հեղինակությամբ առաջին տեղում է։ Վերջին տվյալներով՝ Կառավարությունը՝ 3, Ազգային ժողովը 4 անգամ զիջում է Եկեղեցու վարկանիշին։ Իսկ դա նշանակում է, որ վարկանիշով ցածրը՝ բարձրի, փոքրը՝ մեծի, նորը՝ հնի մասին չի կարող դատել։ Այսօրվա իշխանություններն անգամ պետականություն ունենալով՝ չեն կարողանում իրականացնել այն գործառույթները, որ իրականացնում էր Եկեղեցին, երբ մենք չունեինք պետականություն։ Եկեղեցին այսօր ստիպված է եղել վերցնել կառավարման գործառույթներ։
- Մենք մեր եկեղեցուն ոչինչ չենք վճարում, իսկ կառավարությանը վճարում ենք մեծ հարկեր, հետևաբար՝ մենք իրավունք չունենք եկեղեցուց պահանջել այն, ինչ պահանջում ենք իշխանություններից, կառավարությունից: Բայց այսօր մեր եկեղեցին ստիպված է ստանձնել կառավարման դերակատարումը:
- Բագրատ սրբազանի ինքնամաքրման մոտեցումն ինձ համար շատ ընդունելի է և համապատասխանում է Եկեղեցու առաքելությանը։ Մենք մոլորված ենք շատ հարցերում։ Կոռուպցիան, սուտը մշտապես եղել են մեզանում։ Այսօր դրանք հասցրել են աղետալի վիճակի։ Մենք մեր թերությունները պետք է տեսնենք ոչ միայն ճգնաժամային, այլ նաև խաղաղ պայմաններում։ Մենք չունենք միմյանց վստահելու մշակույթ, որովհետև խաբել ու խաբվել ենք։ Ցավոք սրտի, ստախոսությունը մեր մշակույթի, կենցաղի մաս է կազմում: Մենք չունենք միմյանց վստահելու մշակույթ, որովհետև միշտ ինքներս մեզ, միմյանց խաբել ենք: Պետք է ինքնամաքրվենք, շատ տեղին էր Բագրատ սրբազանի այդ մեսիջը:
- Բագրատ սրբազանի ինքնամաքրման մոտեցումը շանս է նաև Հայ Առաքելական եկեղեցու ինքնամաքրման համար։ Հոգևորականը մտավորական է, մտքի ծառայող, բայց չպետք է սահմանափակի իր ծառայությունը միայն եկեղեցով։ Սա շանս է, որ հոգևոր առաջնորդները դուրս գան թեմերի սահմաններից, մարդկանց հետ ավելի շատ շփվեն ու դառնան իսկապես համազգային, սա շանս է, որպեսզի եկեղեցին մոդեռնիզացվի։
- Մարդկանց, ցավոք, դեռ դուր են գալիս պաթետիկ, հարուստ առաջնորդները, մենք դեռ չենք ընկալում, որ մտավոր հարստությունն է առաջնայինը։ Մենք պետք է ինքնամաքրվենք։ Պետք է նոր տիպի հայ լինենք։
- Հայհոյանքի մշակույթից, անբարոյական երևույթներից, ատելությունից, համացանցային վատ բառապաշարից և կեղծ լիդերներից պետք է ձերբազատվենք:
- Հասարակությունը բաժանված է 3 խմբի. 20 տոկոսն իշխանամետ է, 20 տոկոսը՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող, 60 տոկոսը՝ չեզոք, և ով կարողացավ այդ 60 տոկոսին իր կողմը գրավել, նա կշահի։
- Իրականում, որևէ նորմալ երկրում քաղաքացին պետք է պաշտպանի իշխանությանն ու պետությանը, բայց այսօր չկա հիմք այս իշխանություններին պաշտպանելու։ Այս իշխանություններն արդեն նախկինների մասին ասելու բան չունեն։ Եվ այս շարժման գալը կարծես ուրախացրեց գործող իշխանություններին, որ գտել են նոր թիրախ, նոր օբյեկտ՝ քննադատության և մրոտելու համար։ Սա այս իշխանությունների համար ինքնահաստատվելու մի նոր հնարք է՝ փնովել, վարկաբեկել դիմացինին և փորձել ինքնահաստատվել։
- Ես չէի ուզենա, որ Բագրատ սրբազանը լիներ վարչապետ. և դա ոչ թե այն պատճառով, որ նա ունի երկքաղաքացիություն: Ինձ համար դա չափանիշ չէ, քանի որ հայերի մեծ մասն ունի երկքաղաքացիություն: Վաղուց պետք է այդ ինքնախաբեությունից ևս ազատվենք: Եթե մարդը երկքաղաքացիություն ունի, դա չի նշանակում, որ նրա հետ չպետք է համագործակցենք: Ես չէի ուզենա, որ նա լիներ վարչապետ, որովհետև ես ունեմ առաջնորդի մասին մասնագիտական իմ պատկերացումները՝ ճգնաժամային կառավարման առումով: Առաջնորդի մասին պատկերացումներս ենթադրում են՝ շատ քիչ կոմունիկացիա և շատ էֆեկտիվ գործունեություն՝ միաժամանակ բազում ուղղություններով, իսկ դրա համար պետք է համապատասխան գիտելիք և փորձ: Միջազգային և ներքին քաղաքականությունը կոնկրետ տեխնոլոգիաների ամբողջություն է:
- Մենք այսօր ոչ մի տեղ չսովորած առաջնորդ ունենք, եկեք հիմա էլ միջազգային քաղաքականություն չսովորած առաջնորդ առաջ չմղենք:
- Մենք պետք է առաջնորդին օգնենք և ոչ թե կուռք դարձնենք։ Եկեք գոնե այս անգամ այս մարդուն չհրենք մեջքից և ասենք՝ գնա առաջ, մենք քեզ հետ ենք, ապրես, հետո կուռք դարձնենք ու զոհաբերենք:
- 2018-ին կուռք դարձրեցինք չսովորած, չկրթված մի մարդու, դարձրեցինք վարչապետ: Սխալ ընտրություն կատարեցինք և ոչ կոմպետենտ մի մարդու իշխանության բերեցինք:
- Չպետք է զբաղվենք կեղծ ակտիվիզմով։
- Պետք է հիշել, որ Հայ Առաքելական եկեղեցին սոցիալական ինստիտուտ է, մեկ մարդ չէ, և քայլերը չպետք է լինեն հապճեպ։ Այնպես, ինչպես կդրսևորենք մեզ այսօր, պարզ կդառնա, թե վաղն ինչ է լինելու։
- Այս կառավարությունը տեղեկատվական դաշտում քարոզչական ծավալուն աշխատանք է կատարում, դա իրենց ուժեղ կողմերից է՝ թիրախավորում, կեղծ քարոզչություն են իրականացնում, մրոտում։
- Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումն այսօր պետք է տիրապետի ժամանակակից տեխնոլոգիաներին և կիրառի դրանք:
- 21-րդ դարն ընդհանրապես տեխնոլոգիաների դար է, և այն, որ մենք պարտվեցինք արցախյան 44-օրյա պատերազմում, նաև տեխնոլոգիաների թերագնահատման հետևանք էր։
- Երբ գնում ենք ատամնաբույժի մոտ, հարցնո՞ւմ ենք՝ այս տեխնոլոգիան չինակա՞ն է, թե՞ ամերիկյան, իհարկե ոչ։ Բայց մենք ուզում ենք, որ այդ մասնագետը լիներ ժամանակակից, տիրապետի նոր տեխնոլոգիաներին։ Նույն կերպ մենք այսօր ուզում ենք, որ այսօրվա առաջնորդը գոնե օգտվի ժամանակակից տեխնոլոգիաներից, ցավոք, Առաքելական եկեղեցին այդ իմաստով շատ չի մոդեռնիզացվել, դրա կարիքը կա։
- Այս շարժումն արդեն ունի ևս մեկ արդյունք՝ եկեղեցին դուրս եկավ իր համայնքների ու թեմերի շարքերից, սահմանափակումներից։
- Թիմային աշխատանքն անհրաժեշտություն է քաղաքական պայքարում, ուստի շարժման ղեկավարները պետք է 2 թիմ ստեղծեն՝ երկու ուղղություններով՝ երևացող թիմ, որը կլինի ցուցադրական, հաճելի, հետաքրքիր, մարդկանց գրավող, կլանող, և երկրորդը՝ իրական թիմ, որը կլինի որոշումներ ընդունող էֆեկտիվ, պրոֆեսիոնալ մասնագետներից բաղկացած թիմ։ Ցանկացած պրոֆեսիոնալ չէ, որ լավ է խոսում բեմից կամ ցանկանում է բեմից խոսել: Երկուսն էլ պետք է լինեն պրոֆեսիոնալ, որպեսզի մեկը հակադրվի այս իշխանությունների քարոզչական մեթոդներին, մյուսը պետք է քաղաքականություն ստեղծի, որոշումներ կայացնի։ Շարժումը պետք է լինի ավելի թիմային, ավելի բարդ, թիմում պետք է ընդգրկված լինեն դիվանագետներ, պրոֆեսիոնալներ, ուղղակի ազնիվ մարդիկ, որ ունեն հավատք։ Շատ լավ է, որ շարժման առաջնորդը հոգևորական է և ունի հավատք ու կարող է սեր տարածել։
- Մենք բարդ իրավիճակում ենք: Մենք ինքներս մեզ չենք վստահում:
- Հայաստանը չէ, որ ստեղծել է Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը, և չպետք է ներքաշվենք այդ հակամարտության մեջ։
- Շարժման ղեկավարները չպետք է հրաժարվեն այն աջակցությունից, որը թեկուզ նախկինում պիտակավորված է եղել։ Պետք են բոլոր հնարավոր աջակցությունները, և հենց հոգևոր անձն է, որ կարող է միավորել քաղաքական ուժերին, բայց նրանք էլ պետք է ինքնամաքրվեն։
- Հոգևոր առաջնորդը մեծ առավելություն ունի քաղաքական առաջնորդի համեմատ, որովհետև եկեղեցին երբեք չի փակել դուռը որևէ մեկի առաջ։ Բայց քաղաքական ուժերն ու դերակատարներն էլ պետք է ընդունեն իրենց մեղքերը։
- Այսօր եկեղեցին իրավունք ունի ընդվզելու՝ դա նրա ոչ միայն հոգևոր, այլ նաև քաղաքական իրավունքն է։
- Բագրատ սրբազանը կարիք ունի ռեալ քաղաքականության մեջ տեղ ունեցող մասնագետների աջակցության:
- 2018-ից սկսած այս իշխանությունները եկեղեցուն ու նրա սպասավորներին վիրավորում, քարկոծում են: Քրիստոսին էլ էին մեղադրում տարբեր մեղքերի մեջ, բայց դա պետք է հանգիստ տանել և պետք չէ կրկնել ուրիշների քարոզչական կեղծ թեզերը, մեղադրական խոսքերը, դա սխալ մոտեցում է, որովհետև վերարտադրելով դրանք, կրկնում ես նույն արարքը:
- Բագրատ սրբազանը, որպես Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ, ակնհայտորեն տեսավ, որ բացվում է Հայաստանի սահմանը և երկիրն անվտանգային առումով դառնում է խոցելի, հետևաբար՝ նրա արձագանքը՝ պայքարը, բնական էր։ Նա պաշտպանում է ոչ միայն իր թեմը, այլ նաև ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը, իսկ իշխանությունների և իշխանամերձ շրջանակների կողմից թիրախավորվում է, որովհետև չի պաշտպանում Կառավարության գործողությունները։
- Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի՝ վարչապետի պաշտոնում հնարավոր թեկնածության մասին: Սա շատ ճշգրիտ հարց է և ենթադրում է ստուգում, հետազոտություն, օրինակ՝ կոնկրետ չափելի մոտեցում, թե որքա՞ն տոկոսն է այսօր վստահում Արման Թաթոյանին։ Այսպիսի հարցերից է, որ, օրինակ, եթե մենք վաղն ունենայինք նման հնարավորություն՝ ունենալու մեկ այլ վարչապետ, ապա ո՞ւմ կտեսնեիք, և պետք է այդ հարցման մեջ նշել գոնե մի քանի անուն, որպեսզի մարդիկ կարողանային համեմատել:
- Ինձ թվում է՝ օբյեկտիվ չափանիշներ կան այսօր առաջնորդի ընտրման համար։ Իսրայելի առաջին Կառավարությունը, վարչապետը չընտրվեց դեմոկրատական պրոցեդուրաներով, այդ մարդիկ իշխանության եկան, որովհետև իրենց վրա վերցրեցին պարտականություն, պատասխանատվություն և կարողացան դա տանել՝ ֆունկցիա վերցրեցին, որը կրում էին։
- Արման Թաթոյանին անձամբ ճանաչում եմ, չեմ անում որևէ սուբյեկտիվ դատողություն, նույնիսկ ընկերներիս մասին միշտ օբյեկտիվ եմ խոսում։ Նա պայքարող է, և մեզ պետք է պայքարող առաջնորդ: Մեզ պետք է պայքարող առաջնորդ, ժամանակակից առաջնորդ։ 20-րդ դարի հայ հասարակությունը մոդեռն է՝ ոչ միայն հագ ու կապով, այլև մտածողությամբ, և ուզում է կոնկրետ պրագմատիկ լիդեր։
Արման Թաթոյանի հետ շատ դժվարին պայմաններում աշխատելու փորձ ունեմ։ Մենք Մարդու իրավունքների պաշտպանի խմբում այցելում էինք շատ դժվար տեղեր՝ կալանավայրեր, հոգեբուժարաններ և այլն։ Սրանք այն տեղերն են, որտեղ կարող է չիմանաս, թե հաջորդ րոպեին ինչ է լինելու քեզ հետ, որովհետև մենք այդ վայրերում «անկոչ» հյուրեր էինք՝ մոնիթորինգ անողը սովորաբար «անկոչ» հյուր է, եթե ուզում է արդյունավետ լինել և չի զգուշացնում իր այցի մասին։ Միշտ զգում էի, որ ունեմ գործընկեր, որը նաև իմ համբավն ու անվտանգությունն է ապահովում, նույնը ես անում էի իր հանդեպ։ Սա այն է, ինչ պետք է առաջնորդի դեպքում, երբ նա մտածում է ոչ միայն իր, այլև ուրիշների մասին։
- Մենք լիդերներին պետք է ընտրենք օբյեկտիվ չափանիշներով և ոչ թե մարդկանց սուբյեկտիվ ցանկություններով կամ «լայքերով»։ Եկեք չմտածենք այն մասին, որ մեկ լիդերի մասին է խոսքը, եկեք թիմ պատկերացնենք, եկեք սովորենք, որ մեր իշխանությունը չպետք է պտտվի մեկ անձի շուրջ։ Համոզված եմ՝ Թաթոյանի համար ցանկալի ձևաչափը կլինի թիմային աշխատանքը։ Այսօրվա ցանկացած ժամանակակից առաջնորդ ոչ թե պաշտոնապես, այլ որպես մասնագետ՝ շատ լավ գիտի, որ բարդ խնդիրները լուծելի են միայն թիմային աշխատանքով և միայն ինստիտուցիոնալ մոտեցումներով։ Հայաստանում պետք է վերականգնենք ինստիտուտներ, կառավարման համակարգ և կիրառենք թիմային աշխատանք։ Եթե հարցը դրվեր այսպես՝ դու կուզեի՞ր լինել միակ ու ամեն ինչի համար պատասխանատու լիդեր, հաստատ կասեր՝ ոչ։ Եթե հարց հնչեր՝ կուզեի՞ր թիմային աշխատանքի միջոցով քո հետ մասին աշխատող, իրենց չխնայող մասնագետների հետ փորձել բարդ խնդիրներ լուծել, համոզված եմ՝ այո-ի հավանականությունը ցանկացած մասնագետի դեպքում կլիներ ավելի բարձր։
- Արդեն կան սուբյեկտներ ու ուժեր, որոնք պատրաստ են քարկոծելու բոլորին։ Սա այն դեպքն է, որը միշտ մեր պատմության մեջ ունեցել ենք։ Եթե մենք նորից պետք է համախմբենք ուժերին, որոնք հետո սկսելու են միմյանց ոչնչացնել, ապա ես նորից կուզեի, որ չսպասենք ավելիին, քան Բագրատ սրբազանը կարող է անել, որովհետև նրան միավորվող ուժերը չպետք է նման մոտեցում իրականացնեն՝ նայել իրենց շուրջ ու փնովել։ Այսօր արդեն ամբիոնում իր հետ միասին կանգնած են մարդիկ, ովքեր նախկինում փորձել են միմյանց փնովել, այսօր գոնե չպետք է արվի, չպետք է անել նաև վաղը, երբեք։ Եթե ընդդիմադիր ուժեր են, ապա միավորումը ենթադրում է, որ բոլորը պետք է միասին աշխատեն, պարզապես ֆունկցիաները ճիշտ բաշխեն։ Եթե դու ունես ֆինանսական ռեսուրս, բայց չունես մասնագիտական կարողություններ, աջակցիր նրան, ով մտավորական է, գիտի, փորձառու է, աջակցիր քո փողերով և ուրախ եղիր դրանով, որ պետք ես այս պետությանը։ Եթե այս մոտեցումը չկա ու նորից գործում է մեկ խաղացողի տրամաբանություն, նաև այն ուժերի ու անձանց մոտ, ովքեր փորձում են երևալ Բագրատ սրբազանի ու ուրիշների շուրջ, ապա հասարակությունն իրեն լավ ճանաչում է ու չի ընդունելու։ Այսօր մեզ պետք է ժամանակակից առաջնորդ, որը մտածում է ոչ միայն իր, այլև ուրիշների մասին:
- Ծրագրի առաջին փուլը, որը ես կառաջարկեի. առաջին կետը՝ ստատուս-քվոյի պահպանումն է՝ մինիմալ զոհերի գնով, և սա հաշվարկի խնդիր է։ Մենք մեր ռեսուրսը պետք է իմանանք, հոգեբանորեն պետք է սեր տարածենք, այսօր, ցավոք, մեր իշխանությունը սերը տարածում է դեպի թշնամի։ Եկեք այս շարժման միջոցով սեր տարածենք դեպի միմյանց։ Սերը մեթոդ ու մեխանիզմ է։
- Ցանկացած լավ մասնագետ գիտի, որ բարդ խնդիրները լուծելու համար պետք է թիմային աշխատանք՝ հստակ կառավարման համակարգով: Հայաստանում կան կարող ուժեր, բանակն էլ ջախջախված չէ, ինչպես ասում է այս իշխանությունը: Սա առաջին դեպքն է պատմության մեջ, երբ իշխանությունը փնովում ու նվաստացնում է սեփական ռեսուրսը՝ իր իսկ ջանքերով։ Նախադեպը չունեցող երևույթ է, երբ երկրի իշխանությունը նսեմացնում և փնովում է իր երկրի բանակը։
- Ինքս իմ առաջարկները գրավոր տեսքով օրերս փոխանցել եմ Բագրատ սրբազանին:
- Շարժումը Բագրատ սրբազանի առաջնորդությամբ այցելեց ԵՊՀ, և որևէ խոչընդոտ չստեղծվեց, նույնիսկ Ուսանողական խորհուրդը՝ որպես ԵՊՀ պաշտոնական կառույց, միացել է նրանց:
- Յուրաքանչյուր ուժ պետք է հարց տա՝ պատրա՞ստ է դա անել, եթե ոչ, ապա պետք չէ խաղի մեջ մտնել։
Մանրամասները՝ տեսանյութում.