Ջրային ռեսուրսները չեն կառավարվում, մի մասը գնում է Ադրբեջան. Թրահել Վարդանյան

Տավուշում իշխանությունների որոշմամբ իրականացվող Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի և 4 գյուղի հանձնման արդյունքում ոչ միայն որոշ բնակիչների տներն են անցնելու  թշնամու վերահսկողության տակ, այլև Կիրանցի հարակից հատվածում գտնվող ջրավազանը։ Ավելին՝ շատ տավուշցիներ այս ամբողջ ընթացքում պնդում են, որ ջրերի ակունքներն անցնելու են թշնամու հսկողության ներքո, ինչը մեծ խնդիրներ է  ստեղծելու ոչ միայն Տավուշի, այլև ամբողջ Հայաստանի համար։

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ դոցենտ, Միջազգային աշխարհագրական միության ջրաբանական հանձնաժողովի գործադիր կոմիտեի անդամ Թրահել Վարդանյանն անդրադառնալով  ջրային ռեսուրսների  խնդիրներին, ասաց՝ մի քանի տարի անց ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհն է կանգնելու ջրային ռեսուրսների պակասի խնդրի առջև, եթե շարունակեն այսպես վատնել ու լավ չկառավարել եղած ռեսուրսները։

«Բացի այն, որ Արցախի օկուպացիայից հետո ջրային որոշակի ռեսուրսներ անցան Ադրբեջանի հսկողության տակ, տարիներ շարունակ մեզանում նաև չեն կառավարվում ջրային ռեսուրսները։

Անկախ սահմանին տեղի ունեցող գործընթացից, պետք է ջրային ռեսուրսները լավ կառավարվեն, որպեսզի մեզ բավարարեն։ Ճիշտ կառավարման դեպքում մոտակա տասնամյակում մենք խնդիր չենք ունենալու։

Կարդացեք նաև

Հայաստանն այսօր համարվում է ջրային ռեսուրսների առումով միջին ապահովվածության երկիր, եթե սրան էլ գումարվի ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը, ապա փաստի առաջ չենք կանգնի»,- նշեց Թրահել Վարդանյանը։

Մեր զրուցակիցը դժվարացավ ասել, թե Տավուշում սահմանազատման գործընթացի արդյունքում ինչ պատկեր կստացվի, սակայն վստահ է, որ պետք է խնդիր դրվի, թե ինչպես է պետք կառավարել ջրային ռեսուրսները ու դրանք պահել հայկական տարածքում։

«Կրկնում եմ՝ մեր մեծ ջրային ռեսուրսները մենք չենք կառավարում, դրան գումարած այն մասը, որը դուրս է գալիս մեր սահմանից ու գնում Ադրբեջան»,- ընդգծեց Թրահել Վարդանյանը։

Իսկ  ո՞րն է խնդիրը, որ Հայաստանում ջրային ռեսուրսները լավ չեն կառավարվում: Պատճառները բազմաթիվ են, ասաց մեր զրուցակիցը և նշեց դրանցից  մի քանիսը.

«Նախ, մենք չունենք լավ մասնագետներ, եղած մասնագետների մեծ մասն էլ այդ ոլորտում չեն, համեստություն անեմ՝ այդ մասնագետներից մեկն էլ ես եմ։ Այսինքն՝ այդ հանձնաժողովներում ու նախագծերում ընդգրկված չենք, «ես՝ քեզ, դու՝ ինձ» սկզբունքով են բոլորին ընտրում։ Կա նաև սուբյեկտիվ գործոն, կան մասնագետներ, ովքեր ընդգրկված են ոլորտում, բայց աշխատում են այլ մոտեցմամբ։ Ջուրը գողանում, գրում են կորուստների վրա, կոռուպցիոն ռիսկեր կան։ Շատ ու շատ պատճառներ կարող եմ նշել, որոնք միմյանց հետ փոխկապակցված են, այդ ամենին պետք է մեծ ուշադրություն դարձնել»,- եզրափակեց Թրահել Վարդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս