Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. ավելի մեծ հետևանքներ կունենա. եթե կումունիկացիաներ չունեցանք, վերջում պատերազմով մնացածն ենք տալու. Մովսեսի գյուղապետ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, շարունակում է պայքարը: Շարժումը մայիսի 9-ից Տավուշից տեղափոխվել է Երևան և արդեն հստակ ձևակերպել ու հանրությանը ներկայացրել է իր պահանջը՝ իշխանությունների հրաժարական: Միայն այդ ճանապարհով հնարավորություն կստեղծվի կասեցնել, այսպես կոչված, սահմանազատման այն գործընթացը, որով ՀՀ տարածքները զիջում են Ադրբեջանին, վստահ ասում են շարժման մասնակիցները։
168.am-ի հետ զրույցում սահմանամերձ Մովսես գյուղի ղեկավար Արմեն Փոլադյանը թեև վստահեցրեց, որ Տավուշից մեկնարկած շարժման մասին ունի իր կարծիքը, բայց այս պահին չի ցանկանում մեկնաբանել։
Ինչ վերաբերում է շարժման առաջնորդին ու մասնակիցներին ուղղված քննադատությանն ու մեղադրանքներին, թե պատերազմ են հրահրում, մեր զրուցակիցն այսպես մեկնաբանեց.
«Այսպես էլ է պատերազմ լինելու, կամ եթե չլինի էլ, ապա խաղաղ ճանապարհով տարածքներ տալը նույն սառը պատերազմն է, որն ավելի մեծ հետևանքներ կունենա։ Եթե կումունիկացիաներ չունեցանք, վերջում պատերազմով մնացածն ենք տալու»։
Հարցին՝ սահմանազատման գործընթացից հետո կոնկրետ ի՞նչ իրավիճակում է հայտնվելու Մովսես գյուղը, Արմեն Փոլադյանը պատասխանեց՝ ինչպես մյուս գյուղերը, այնպես էլ՝ Մովսեսը։
«Ադրբեջանն ավելի շատ հողեր ունի մեզ տալու, նույնիսկ քարտեզով որ նայում ենք, կան ադրբեջանցիների կողմից կառուցված տներ, որ մեզ պատկանող հողատարածքներում են կառուցվել։ Ներկա դրությամբ ես իրատեսական չեմ համարում, որ այդ տարածքները կվերադարձնեն, քանի որ մինչև այս պահը մեկ միլիմետր նրանք հետ չեն տվել»,- եզրափակեց Մովսեսի գյուղապետը։