
«Մենք, էսպես թե էնպես, արդեն տուժած մարդիկ ենք, մեր հաշվի՞ն են գումար աշխատում». Արցախցիները ֆինանսական խնդիրների առջև են կանգնած

Անցած տարվա հոկտեմբերի սկզբին Հայաստան տեղափոխված Հայրիյանները ֆինանսական լուրջ խնդիրների առջև են կանգնած: Երեք անչափահաս երեխայի հայր Նվեր Հայրիյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո ո՛չ գումար ունեն, ո՛չ բնակավայր: Տան վարձը նույնպես չեն կարողանում վճարել:
«Երեք անչափահաս երեխաներ ունեմ: Տուն էլ չունեմ, մինչև հիմա տուն եմ ման գալիս: Հավերժ չեմ կարող ընկերոջս տանն ապրել: Տներին էլ այնպիսի գներ են ասում, որ չեմ կարողանում վճարել: Իմ ձեռքին այդքան գումար չկա: Պետության տված գումարներն էլ չեն բավականացնում: Ես այդ գումարով հա՞ց առնեմ, թե՞ տան վարձ տամ: Աշխատանք էլ չկա, որ կարողանամ աշխատել: Միանգամից 2-3 ամսվա համար են ուզում: Հիմա տների միջին գինը 250.000 դրամ է: Տանտերը երկու ամսվա համար միանգամից 500.000 դրամ է ուզում: 3-րդ ամսվա գումարն էլ գործակալն է ուզում: Դա ես ո՞նց պետք է տամ: Հո թալան չէ՞»,- ասաց արցախցի մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ ընտանիքը պարենային ապրանքների օգնություն նույնպես չի ստանում: Կանգնած են օրվա ապրուստը վաստակելու խնդրի առջև:
«Այդ օգնությունները միայն մարզային համայնքներում են տալիս: Դե արի ու բացատրի, որ ես Երևանում եմ ապրում հիմա, որովհետև կինս պետք է ծննդաբերեր, ու քիչ թե շատ ապրուստի հարմար պայմաններ էր պետք ապահովել նորածնի համար: Բայց դա չի նշանակում, որ մեր ընտանիքը ճոխությունների հետևից է ընկած, մենք հիմա էլ աջակցության կարիք ունենք»,- ասաց 3 անչափահաս երեխաների հայրը:
Նվեր Հայրիյանը նաև հայտնեց, որ դեռևս Արցախում եղած ժամանակ իրենք մոտ 300.000 դրամի ոսկեղեն էին գրավադրել: Արցախից բռնի տեղահանվելուց ու ամեն ինչից զրկվելուց հետո փաստի առջև են կանգնել: Ոսկու համար չեն կարող վճարել: Իր խոսքով, իրենց խոստացել են ոսկեղենն իրենց տրամադրել առանց գումարի, սակայն հետագայում մտափոխվել են:
«Մի երկու օր առաջ գնացել էի բանկ, ինձ ասացին՝ երկուշաբթի օրը գնամ, ոսկիները հետ կտան: Անձնագիրս վերցրել էին, տվյալներս գրանցել: Ես էլ այսօր գնացել էի, որ ոսկին հանեին ու տային ինձ: Մեկ էլ ասում են՝ մեզ զանգել-ասել են, հրաման ենք ստացել, որ ոսկիները չտանք: Թե ումից են ստացել այդ հրամանը՝ չասաց, երևի ղեկավարությունն է նման հրահանգ իջեցրել»,- ասաց Նվեր Հայրիյանը՝ հավելելով, որ ավելի վաղ ոսկեղենը վերադարձնելու մասին իրեն հայտնել էին բանկի աշխատակիցները:
Իսկ ոսկեղենը գրավից հանելուց հետո, Հայրիյանի խոսքով, ինքը պատրաստվում էր դրանք կրկին գրավադրել՝ ընտանիքի ու երեխաների համար ապրուստի միջոց գտնելու համար: Հիմա էլ ընտանիքում նորածին կա, տարրական անհրաժեշտ պարագաների կարիք ունեն:
«Ես այս պահին աշխատանք չեմ գտել դեռ: Պատերազմից հետո առողջական խնդիրներ ունեմ, ֆիզիկական բարդ աշխատանք կատարել չեմ կարող: Չգիտեմ՝ ինչ անել արդեն»,- ասաց արցախցի մեր զրուցակիցը՝ հայտնելով, որ այսպիսի պայմաններում իրենք նույնպես մտածում են երկիրը լքելու մասին:
«Եթե ես բավարար գումար ունենայի, հիմա հաստատ էստեղ չէի լինի: Այս պայմաններում, վարձերի այս բարձր գներով ուրիշ տեղ շատ ավելի լավ կապրեինք: Ինչի՞ չեն իջեցնում այս վարձերը: Չե՞ն մտածում, որ այդքան գումար չունենք վճարելու համար: Ի՞նչ անենք, այնպես են անում, որ դրսո՞ւմ մնանք: Ինչի, որ մարդ է գալիս, միանգամից գումա՞ր են բարձրացնում, այդպե՞ս են գումարն աշխատում, ուրիշի հացի հաշվի՞ն: Մենք, էսպես թե էնպես, արդեն իսկ տուժած մարդիկ ենք»,- ասաց նա:
Նազելի Ստեփանյան