«Նարեկ Մալյանի դատին ինձ մի պահ թվաց՝ Իոնեսկոյի «աբսուրդի թատրոն»-ում եմ»․ ինչի՞ց է այդքան վախենում Փաշինյանը․ Նաիրա Զոհրաբյան
Վերջին երկու տարիներին «ժողովրդավարական բաստիոն» հայտարարված Հայաստանում գնալով մեծանում է քաղբանտարկյալների բանակը։ Երկրի բանտերում հայտնվում են հիմնականում նրանք, ովքեր համարձակվել են երկրում տեղի ունեցող իրադարձություններին համարժեք գնահատական հնչեցնել։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն այսօր հասնում է 50-ի։ Մեր երկրում քաղբանտարկյալների առկայության մասին վերջերս հրապարակային հայտարարել էր նաև Եվրոպայի ամենամեծ քաղաքական ուժը՝ ԵԺԿ-ն՝ դատապարտելով քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանավորումը։
Տեղեկացնենք, որ օրերս լրացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ կալանքի մեջ գտնվելու 7 ամիսը։
«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ չի հիշում մի ժամանակաշրջան, որ քաղաքական բանտարկյալների թիվը լիներ այնքան, որքան ՀՀ ներկա իշխանությունների օրոք է։ Նրա խոսքով՝ որևէ իշխանության ժամանակ մարդուն տոտալ չեն հետապնդել իր խոսքի ու արտահայտած կարծիքի համար։
«Երեկ՝ Նարեկ Մալյանի դատին, մի պահ ինձ թվաց, թե ես Իոնեսկոյի «աբսուրդի թատրոն»-ում եմ։ Պատկերացնո՞ւմ եք, երբ մեղադրողը կարդում էր փորձագետների եզրակացությունը, ինձ մի պահ թվաց՝ աբսուրդի թատրոնում եմ, ու այս ամենը ֆարս է։ Այսինքն, Նարեկ Մալյանի խոսքի ձևակերպումը, որ՝ «տեսե՛ք, ժողովուրդ,․․․ լսե՛ք, ժողովուրդ․․․, ասված էր այնպիսի ինտոնացիայով այդ լայվի ժամանակ, որ կարող էր էական հոգեբանական ազդեցություն ունենալ այդ լայվը լսողների վրա», ինձ համար ուղղակի ապշեցուցիչ է։ Ես երեկ առաջին անգամ դատարանի դահլիճում վախեցա, առաջին անգամ վերապրեցի այն զարհուրելի էմոցիաները, որոնք վստահաբար զգացել է Գուրգեն Մահարին՝ «Այրված այգեստաններ»-ը գրելիս, և Ալեքսանդր Սոլժենիցինը՝ «Արխիպելագ Գուլագ»-ը գրելիս։ Երեկ դատարանի դահլիճում 1937 թվականի հոտ էր գալիս։ Այնքան եմ ուզում նայել նման «փորձագետների» աչքերին, ովքեր նման ստալինաբերիայախառն եզրակացություն էին գրել»,- ասաց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահը ։
Ըստ Զոհրաբյանի՝ այդ նույն երևույթն ակնհայտորեն երևում է նաև մյուս քաղբանտարկյալների դատավարության ժամանակ։
«Ես ներկա եմ լինում նաև Արմեն Աշոտյանի բոլոր դատական նիստերին։ Ես անկեղծորեն խղճում եմ Արմեն Աշոտյանի դատական նիստը նախագահող դատավորին ու դատական նիստի մեղադրական կողմի ներկայացուցիչներին, որովհետև այնպես, ինչպես Արմենն է նրանց բարոյապես ու մարդկայնորեն ջախջախում՝ չգիտեմ, թե ինչպիսի տղամարդ պետք է լինել դրան ստոիկյան դեմքով դիմանալու և քաղաքական պատվերը հլու-հնազանդ կատարելու համար»,- զարմանք արտահայտեց Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նաև Հրանտ Բագրատյանի, Ավետիք Իշխանյանի ու մյուսների «մեղադրանքներին»։
Այս համատեքստում, նրա խոսքով, դրանց աբսուրդայնության մասին խոսում են ո՛չ միայն Հայաստանում, այլև արևմտյան հարթակներում։
«Նույնիսկ միջազգային փորձագետները, եվրոպացի պատգամավորները փակ, Off record զրույցների ժամանակ ինձ ասում են, որ եթե այս ամենը տեղի ունենար Սերժ Սարգսյանի ժամանակ, ապա Հայաստանի ականջից 3 վայրկյանում կբռնեին ու որպես առաջին քայլ՝ նախ դուրս կշպրտեին Եվրոպայի Խորհրդից։ Որպես երկրորդ քայլ՝ ՀՀ իշխանության բոլոր ներկայացուցիչների մուտքը ԵՄ տարածք կարգելվեր, և Հայաստանի հարցով ԵԽ համազեկուցողները չարթերային թռիչքով կհասնեին Հայաստան՝ տոտալիզմի և բռնատիրության վերաբերյալ հերթական զեկույցը գրելու համար»,- ասաց Զոհրաբյանը։
Հարցին, թե ինչու հիմա դա չի իրականացվում, ու ինչ նպատակ ունի այս իրավիճակը՝ «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահը համոզմունք հայտնեց, որ ժողովրդավարությունը հետին պլան է ընկել՝ աշխարհաքաղաքական շահերի ֆոնին։
«Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները շատ վաղուց դարձել են աշխարհաքաղաքական «ծամոն» ու «գործիք», որոնցով գերտերությունները միմյանց դեմ ռինգ են դուրս եկել։ Այսօր Արևմուտքը, որին իբր պատկանում է «ժողովրդավարության բաստիոն»-ի տիտղոսը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությամբ մեկ խնդիր է լուծում՝ տարածաշրջանից դուրս շպրտել Ռուսաստանին, և այդ ճանապարհային քարտեզին ինչ էլ անի այս իշխանությունը՝ քաղբանտարկյալների թիվը հազարապատկի, բոլորիս և բոլորին նստեցնի՝ այսպես կոչված, «ժողովրդավարության բաստիոն» Արևմուտքն այդ ամենի վրա աչք է փակելու։ Եթե մենք պարզ զուգահեռ ենք անցկացնում, հիշում եք, որ նախկին ԵՄ դեսպան Սվիտալսկին անձամբ էր մասնակցում ընդդիմադիր գործիչների բոլոր դատավարություններին։ Այսօր Աշոտյանի դատավարությունը պետք է դասագրքերում ներառվի՝ որպես քաղաքական ֆարս։ Ես վստահ եմ, որ ապագա մի «Իլֆ և Պետրով» Աշոտյանի ու Մալյանի դատական գործընթացների վերաբերյալ հաջորդ «շեդևր»-ն են գրելու։ Բայց մենք տեսնում ենք ո՛չ միայն զրոյական արձագանք եվրոպական կառույցների կողմից, այլև մենք տեսնում ենք ԱՄՆ դեսպան կնոջ հայտարարությունը, որ Հայաստանը ժողովրդավարության, եթե մի քանի ամիս առաջ «բաստիոն» էր, ապա հիմա աստիճանը մի քիչ բարձրացրել ու ըստ այդ տիկնոջ, դարձել է «ժողովրդավարության փարոս»»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Որպես հավելում՝ ՀՀ ԱԺ նախկին պատգամավորը հիշեցրեց, թե ինչ է տեղի ունենում այդ միջազգային հարթակների ծրագրերն ամբողջությամբ իրականություն դառնալուց հետո։
«Իրենք վերջում մի հատ փողկապ են ուղարկում, ասենք, Սահակաշվիլիին, որն այդ փողկապը ծամելուց հետո հայտնվում է Թիֆլիսի կալանավայրի հոգեբուժական բաժանմունքում։ Բայց այսպես կոչված, fake ժողովրդավարական լիդերների տերերին իրենց դրածոների ու պրոտեժեների հետագա ճակատագիրը բնավ չի հետաքրքրում։ Նրանք շատ դաժան են վարվում իրենց դրածոների հետ։ Հիմա էլ տեսնում ենք, որ հերթի է կանգնած Զելենսկին, քանի որ Արևմուտքը հրաժարվում է կատարել Ուկրաինային մշտապես խոստացվող ռազմական լրջագույն ֆինանսավորումը։ Այդպիսով Զելենսկին պարզապես մենակ կմնա՝ ռուսական «արջի» դիմաց կանգնած, իսկ հաջորդը լինելու է Հայաստանը»,- վստահ համոզմունք հայտնեց Նաիրա Զոհրաբյանը։
Իսկ ՀՀ-ում քաղբանտարկյալների թվի ավելացումը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, վկայում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ վախի մասին։
«Այս մարդիկ չեն վախենում ԱԺ-ում դատարկաբանող տարբեր ընդդիմադիրներից, որոնք կարող են հայտարարել, թե ի՞նչ է եղել, որ, իշխանության հետ պետք է նաև գործակցել։ Նիկոլ Փաշինյանը միայն մեկ վախ ունի՝ ինտելեկտը։ Դրա համար ինքն ընտրել է մի էլեկտորատ, որը, առանց վիրավորելու եմ ասում՝ IQ-ի հետ լրջագույն խնդիր ունի։ Եվ, քանի որ նրա միակ վախն ինտելեկտից է՝ անազատության մեջ են հատկապես ինտելեկտուալ քաղաքական գործիչները, ինչպես Արմեն Աշոտյանը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Գործն ավարտին հասցնելու համար, ըստ մեր զրուցակցի, ներկա իշխանություններն այժմ ակտիվ քայլեր են իրականացնում՝ հայկական մամուլին լռեցնելու և թիրախավորելու ուղղությամբ։ Զոհրաբյանը նկատեց, որ դա արդեն բռնատիրության վերջնական քայլը կարող է դառնալ՝ լռեցնելու ժողովրդի վերջին խոսափողը։
«Օրակարգում է, և մամուլը նման տեղեկություն հայտնեց, որ այս իշխանությունը մտադիր է գրաքննության կոմիտե ստեղծել՝ իբրև թե մամուլի վերահսկման կոմիտե՝ նույն «գլավլիտը» ստեղծելու հարցը։ Ի՞նչ ասեմ, բարի գալուստ «Արխիպելագ Գուլագ»։ Ուրիշ բան չունեմ ասելու»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։
Իսկ այս իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ հարցը, ըստ հասարակական-քաղաքական գործչի, այս պահի ամենափակուղայինն է։ Այդուհանդերձ, նա սահմանեց, որ իրավիճակը կարելի է հաղթահարել «ժողովրդով ու ադեկվատ քաղաքական էլիտայով»։
«Այս պահին ես մեր երկրում վերջնականապես ձևավորված ադեկվատ քաղաքական էլիտա չեմ տեսնում։ Տեսնում եմ մտավորականներ, ովքեր, ինչպես ժամանակին Ռաֆայել Ղազարյանն է ասել․ «ապրենք այնպես, որ մեր անունը գրեն մտավորական «ր»-ով, և ո՛չ թե «ռ»-ով։ Մենք տեսնում են մտավորականներ, որոնց պետք է գրել «ռ»-ով։» Մենք տեսնում ենք վախվորած ընդդիմադիրների, մենք տեսնում ենք Վահագնի թաղամասում իր ասաբնյակը կյանքի գնով պահելու համար գործարքի գնացող ընդդիմադիր գործիչների։ Արդյունքն էլ այն է լինում, որ հասարակությունը դադարում է որևէ ձևով արձագանքել իրադարձություններին ու պասիվ է։ Ընդդիմադիր քաղաքական դաշտում պետք է լինեն ճիշտ վերադասավորումներ ու չփորձեն մեղքն անընդհատ գցել ժողովրդի գրպանը։ Ժողովուրդն այժմ սպասում է լուրջ ընդդիմադիր առաջնորդության»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։
Նազելի Ստեփանյան