«Թուրքը պետք է հասնի Երևան, նոր հասկանա՞ն, թե ինչ է կատարվում այսօր Արցախում». Հին Շենի գյուղապետ
Արդեն 9-րդ օրն է, Ադրբեջանը շրջափակել է Արցախը՝ կտրելով Արցախի կապը արտաքին աշխարհի հետ։ Բերձորի միջանցքը փակելով, Ադրբեջանը կտրել է նաև մի քանի գյուղի կապը Ստեփանակերտի հետ: Հին Շենում, Նոր Շենում, Եղծահողում, Լիսագորում սպասում են ճանապարհի բացմանը։
168.am-ի հետ զրույցում Հին Շենի գյուղապետ Սամվել Սարգսյանն ասաց, որ չեն տրտնջում, փորձում են առաջացած հարցերը հնարավորինս արագ լուծել, որպեսզի բնակչությունը խնդիրներ չունենա։
«Գրեթե որևէ փոփոխություն չկա, ամեն ինչ դեռ նորմալ է։ Այս պահին դեռևս առաջին անհրաժեշտության ապրանքների, դեղորայքի հետ կապված խնդիրներ չունենք, ինչ եղել է, փորձել ենք լուծել»,- նշեց Սամվել Սարգսյանը։
Հարցին՝ իրավիճակն այսպես շարունակվելու դեպքում ի՞նչ վատագույն սցենարներ կարող են լինել, Սամվել Սարգսյանը պատասխանեց.
«Ծառը, որ չեն ջրում, ի՞նչ է լինում՝ չորանում է։ Մի ձև կհաղթահարենք էլի երևի»։
Միաժամանակ նա ընդգծեց, որ արդեն 9 օր է, Արցախը շրջափակման մեջ է, սակայն Հայաստանում բողոքի ակցիաները շատ քիչ են, ավելին՝ Երևանում նստածները մեղադրում են այն արցախցիներին, որոնք Երևանում բողոքի ակցիաներ են իրականացնում դեսպանատների մոտ։
«Ի վերջո, մեր ձայնն ինչ-որ կերպ պե՞տք է լսելի լինի, թե՞ ոչ, եթե դեսպանատների մոտ չբողոքեն, բա ո՞ւր բողոքեն։ Հայաստանում բնակչությունը չի գիտակցում, որ Արցախից հետո թուրքը գալու է Երևան, թուրքը պետք է հասնի Երևան, նոր հասկանա՞ն, թե ինչ է կատարվում այսօր Արցախում»,- նշեց Հին Շենի գյուղապետը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ կարողացել են մեկ հոգու տեղափոխել Երևան՝ վիրահատելու նպատակով։
Դեկտեմբերի 12-ին հաջորդող օրերին Ադրբեջանը դադարեցրել էր նաև Արցախ մատակարարվող գազը, որը վերականգնեց միայն մի քանի օր անց։