«Այդ մարդը ձեռքերը լվացել ու կողքի է կանգնել ոչ միայն Արցախից, այլև հայ ազգից. վաղն էլ Հայաստանում ապրողներին է ասելու՝ ես ի՞նչ կապ ունեմ ձեզ հետ». Հին Շենի գյուղապետը՝ Փաշինյանի մասին

Երեկ Ադրբեջանը հերթական հային է առևանգել՝ 1962 թվականին ծնված Ռաշիդ Բեգլարյանին։ Նա Շուշիից տեղահանված է և, ըստ նախնական տեղեկությունների՝ գտնվել է Շուշիի շրջանի Հին Շեն գյուղում և մոլորվելով հայտնվել է թշնամու կողմից օկուպացված տարածքում։

168.am հետ զրույցում Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ ադրբեջանական կողմից գերեվարված հայը Հին Շենի բնակիչ չէ, գյուղում չի ապրել։ Մեկ անգամ է գյուղ եկել, հետո գնացել է Ստեփանակերտ, վերադարձի ճանապարհին նրան գերեվարել են։

«Գիտե՞ք՝ վատը որն է, որ մեր պետական այրերը՝ Հայաստանի ու Արցախի, սկսած սումգայիթյան ոճրագործությունից, ամեն ինչ կողքի են դրել, ինչ-որ պատմություններ են հորինում, Ադրբեջանի ջրաղացին են ջուր լցնում։ Ադրբեջանն իր կատարած մեղքերը բարդում է մեր ժողովրդի ու հասարակության վրա։ Երևի սա Ադրբեջանի վերջին քայլն է, վերջին մանիպուլյացիաներն է անում, որպեսզի պետությունների մոտ հաղթանակած դուրս գա։ Այսինքն՝ վերջնագիրն է տալիս, իր հաղթանակի վերջնագիրն է հաստատում ու ամփոփում։ Հաշվետվություն է ներկայացնում բոլոր պետությունների առաջ, թե՝ տեսեք, Հայաստանն ագրեսոր պետություն է, և այդպես էլ փոքրից մինչև մեծ նման ճակատագրի են արժանանալու»,- նշեց Սամվել Սարգսյանը։

Նա ընդգծեց՝ եթե հայ ժողովուրդը, հանրությունը քնից չարթնանա, այս նույն իրավիճակը շարունակվելու է, և եթե այսօր Արցախում է, վաղն էլ Հայաստանում է։

Կարդացեք նաև

«Ինչո՞ւ հայ ժողովուրդը չի հասկանում, որ մենք հանգիստ չունենք, չենք ունենալու, սա ոչ թե ղարաբաղա-ադրբեջանական պատերազմ է, այլ հայ-թուրքական, սա է պետք բարձրաձայնել, գուցե կարողանաք այդպես հայոց պետականությունը պաշտպանել։

Նիկոլ Փաշինյանին լրագրողը երկու անգամ հարց է տալիս, մանիպուլացնում է, չի ուզում արցախցի տղայի հարցին պատասխանել, այդ մարդը ձեռքերը լվացել ու կողքի է կանգնել ոչ միայն Արցախից, այլև հայ ազգից։ Վաղն էլ Հայաստանում ապրողներին է ասելու՝ ես ի՞նչ կապ ունեմ ձեզ հետ։ Տեսանք երեկ Դավիթ Տոնոյանին, ԱԺ քննիչ հանձնաժողովում էր, չգիտեմ՝ ինչ են սրսկել, բերել նստեցրել են, չգիտի՝ ինչ է խոսում, ինչ է անում։ Բա որ դու այդպես ես եղել, ինչո՞ւ ես նստել ՊՆ պաշտոնին, դիմում գրեիր՝ դուրս գայիր, պատվով, շնորհքով ու ազգիդ նվիրյալ մնայիր, ոչ թե ասեիր՝ Նիկոլն ինձ նման հրաման չի տվել, հասկացանք՝ գրավոր հրաման չի տվել։ Հիմա ի՞նչ, ամբողջ հայ ազգը դավաճան էր, բա 30, 100, 1000 տարի առաջ դավաճան չէ՞ր այդ նույն ազգը»,- շեշտեց Սամվել Սարգսյանը։

Հին Շենի գյուղապետին վրդովեցնում են նաև որոշ լրատվամիջոցների հրապարակումները, որոնք, ըստ նրա՝ կոնկրետ սեպ են խրում Հայաստանի ու Արցախի մինչև։

«Բա մենք ո՞ւմ համար ենք ապրում Արցախում, ինչո՞ւ չէինք կարող գալ Երևան, այդտեղ տուն գնել ու ապրել։ Բայց ես այստեղ իմ հողն ու տունն ունեմ, ինչո՞ւ հասնեմ Երևան, այդտեղ էլ թարս նայեն, ասեն՝ գնա քո Արցախում ապրի։ Մենք բոլորս ուղիղ ենք ծնվել, ուղիղ էլ պիտի մեռնենք։ Ի՞նչ է արել արցախցին այդտեղ ապրող մարդուն, ի՞նչ, թե՞ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի համար են մեզ ատում, ի՞նչ մեղք ունեն։

Ես Արցախում տուն ու տնտեսություն եմ ստեղծել, ամուսնացել եմ, երեխա եմ ունեցել, ծառայել եմ հայրենիքին, հայությանն ի՞նչ ենք արել, որ այսպես ատում են մեզ։ Իրենց խնդիրը այն է, որ ուզում են միշտ կանանց յուբկաների տակ ապրեն, դրանից այն կողմ չգնան։ Երևանում աղ ու ալյուր են հավաքում, որ Նիկոլը բերի հասցնի այստեղ՝ առանց որևէ մեկի հետ նախապես պայմանավորվելու։ Ռուսի հետ պայմանավորվե՞լ եք, այնպես եք արել, որ ռուսն այստեղից դուրս գա, ու ամբողջ արցախահայությանը սրի քաշեն ու վերջ դնեն իրենց սկսած  ծրագրին»,- հավելեց Հին Շենի գյուղապետը։

Ինչ վերաբերում է գյուղի ընդհանուր իրավիճակին, գյուղապետն ասաց, որ դեռ հարաբերականորեն նորմալ վիճակ է։

Տեսանյութեր

Լրահոս