«Ի՞նչ են անում, իբր աշխատում են, թող գնան խրամատ փորեն, ավելի հանրօգուտ աշխատանք կատարած կլինեն». Մովսես Հակոբյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքների արդյունքներին, տեղեկացնելով, որ որոշ դրվագների վերաբերյալ տեղեկացրել է Գլխավոր դատախազին։

«Հանձնաժողովի աշխատանքները գաղտնի են, խիստ գաղտնի։ Միայն մեկ բան կարող եմ ասել, որ կատարած աշխատանքների վերաբերյալ ես զրույց եմ ունեցել Գլխավոր դատախազի հետ և որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկեմ Գլխավոր դատախազություն, որպեսզի իրենք այդ նյութերը վերցնեն արդեն ուսումնասիրության տակ։

Ինչ վերաբերում է, թե ում ենք հրավիրելու, ապա հրավիրյալների ցանկը, եթե շատ մտածեք, ապա բոլորիդ համար ակնհայտ կլինի։ Մենք առաջին հրավերը, որ  ուղարկեցինք արտաքին բլոկին վերաբերող Վարդան Օսկանյանին, Ժիրայր Լիպարիտյանին և այլն, Լիպարիտյանն ասաց, որ ինքը պատրաստ է, իսկ Վարդան Օսկանյանը հեռավար ասաց՝ պատրաստ չէ։ Մովսես Հակոբյանն էր ինչ-որ հայտարարություններով հանդես եկել։ ԱԺ-ում կլինի օրենսդրական նախաձեռնություն, որը մշակված է և երևի հունվար ամսին կդրվի շրջանառության մեջ, կանոնակարգ օրենքում խստացումներ նախատեսող՝ հրավիրյալների չներկայանալու դեպքում։ Մինչև այդ փուլին անցնելը, չեք պատկերացնի, թե ինչ ծավալի փաստաթղթային աշխատանքներ է ուսումնասիրվել։ Եթե ասում եմ, որ Գլխավոր դատախազի հետ զրույց ենք ունեցել, դա նշանակում է, որ ուսումնասիրված բազմաթիվ դրվագներ կան, որոնք պետք է դատախազությունը, առավել ևս՝ զինվորական դատախազությունը վերցնի քննության տակ»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը մեր հարցին ի պատասխան՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի նշած օրենսդրական նախաձեռնությանը և իր՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով չգնալուն, նախ նշեց, որ իրեն այդ հանձնաժողով գնալու հրավեր չի եղել։

Կարդացեք նաև

«Ես իմ վերաբերմունքը վաղուց արտահայտել եմ այդ քննիչ հանձնաժողովի վերաբերյալ, ասել եմ, որ դա չի կարող վեր հանել այն խնդիրները, որոնք եղել են 44-օրյա պատերազմի ժամանակ, մի քանի պատճառ կա։

Առաջինը՝ այն հիմնականում մասնագիտական գործունեություն է, որտեղ  ԱԺ-ն չի կարող լինել, այն պահանջում է լուրջ մասնագիտական խմբի գործունեություն։

Երկրորդ՝ մարդը չի կարող իրեն քննել, ԱԺ պաշտպանության հանձնաժողովն ունի պարտականություններ պատերազմի ժամանակ, հիմա ինքն իրեն չի կարող քննել։

Երրորդ՝ առհասարակ ես նպատակը չեմ տեսնում, ինչո՞ւ են ստեղծել հանձնաժողով։ Մի հանձնաժողով ստեղծեցին՝ 2016 թվականի քառօրյա պատերազմի հանգամանքները քննող, չգիտեմ ինչ արեցին։ Վստահ եմ՝ ոչինչ չեն արել, դրա հետևանքն ի՞նչ եղավ՝ որևէ մեկին քառօրյա պատերազմի համար պաշտոնից հանեցի՞ն։ Այսինքն՝ ի՞նչ են անում, գործ՝ գործի համար, որ իբր աշխատում են։ Թող գնան խրամատ փորեն, ավելի հանրօգուտ աշխատանք կատարած կլինեն»,- շեշտեց Մովսես Հակոբյանը։

Միաժամանակ նա ընդգծեց՝ եթե իրեն հրավիրեն հանձնաժողովին ներկայանալու համար, ապա իրենց պատասխանը կտա։

«Եթե նույնիսկ գնամ, ապա դա որևէ արդյունք չի տալու, ժամանակն ինձ համար թանկ է։ Ասում է՝ ինչո՞ւ չեք գնում քաղաքականությամբ զբաղվեք, պատասխանում է՝ անելիք կա, գործ կա, քաղաքականությամբ զբաղվում են այն մարդիկ, որոնք գործ չունեն։ Իսկ ես անելիք ունեմ»,- եզրափակեց Մովսես Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս