Բանակը միայն ամրացված շրջանները չեն. ՀՀ իշխանությունների անվտանգային սնանկությունը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ամեն պատեհ առիթի դժգոհում էր, որ ընդդիմադիր որոշ պատգամավորներ և լրատվամիջոցներ չեն խոսում առաջնագծում, երկրորդ գծում կատարվող ինժեներական, շինարարական աշխատանքների մասին: Այսինքն, ընդդիմադիր պատգամավորները պետք է իր նման առիթը բաց չթողնեին և մանրամասնեին, թե ամրացված շրջաններում ինժեներական և շինարարական ինչ լուծումներ են կիրառվել, կիրառվում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը և Անդրանիկ Քոչարյանն իրենց լավ զգան:
Ընդդիմադիր պատգամավորներն էլ ի պատասխան՝ ամեն անգամ ստիպված էին բացատրել, որ չեն ցանկանում խախտել գաղտնիության սկզբունքը և թույլատրելի սահմանում նշում են նաև դրականի մասին:
Ավելին, փետրվարին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ի գիտություն Անդրանիկ Քոչարյանի և իշխանական մյուս պատգամավորների՝ նշել էր, որ կան վատ բաներ, որոնց մասին չեն ցանկանում խոսել, բայց դրանց մասին գրավոր տեղեկացնում են պաշտպանական գերատեսչությանը և ԳՇ ղեկավարությանը, և, որ բանակին առնչվող քարոզչական հարցերում պետք է սահմանափակումներ լինեն:
«Ինչ վերաբերում է վատ բան չասելուն՝ շատ բաներ կան, որոնց մասին ուղղակի չենք հայտարարում, չենք խոսում՝ ելնելով ազգային անվտանգությունից, պաշտպանության մասին մտահոգություններից։ Օրինակ, դեկտեմբերին մեր այցից հետո՝ Սեյրան Օհանյանի, Տիգրան Աբրահամյանի ու իմ, Պաշտպանության նախարարին կետ առ կետ, մանրամասն գրել ենք։ Ի դեպ, վերջին կետը, որ գրել ենք, հետևյալն է՝ սահմանափակել քարոզչական առումով ամրաշինական աշխատանքների մասին քաղաքական շրջանակների, ԱԺ իշխանական պատգամավորների կողմից տարաբնույթ հարցազրույցներում, հայտարարություններում գաղտնիության թույլատրելիության սահմանն անցնելը և դա ներքաղաքական գործունեության մեջ շահարկելը»,- պաշտպանության հանձնաժողովի նիստում ասել էր ընդդիմադիր պատգամավորը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ևս տարբեր առիթներով մեկ անգամ չէ, որ նշել է՝ մարտական հենակետեր, զորամասեր իր այցերից հետո դիտողությունների և առաջարկությունների փաթեթ է ներկայացնում ԳՇ պետին, ՊՆ-ին, նույնը նաև արվում է տարբեր ծրագրերի հետ կապված:
Եվ մոտ 20 օր առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ամբիոնից նորից հիշեցրել էր ամրացված շրջանների և ինժեներական կառույցների մասին, որոնց առնչվող տեսանյութեր էր տարածել ադրբեջանական կողմը, ինչը, ի դեպ, իշխանական պատգամավորին ուրախացրել էր, երբ դա ցույց է տալիս հայկական ամրացված շրջանների՝ Ադրբեջանի վիզուալ վերահսկողության տակ լինելը: Բայց իշխանություններին դա քիչ է հետաքրքրում, կարևորը՝ բոլորը տեսնեն, որ հզոր ամրոց են կառուցել, կամ, ինչպես այդ ժամանակ արտահայտվել էր Քոչարյանը՝ «չինական պարիսպ»:
Ի դեպ, գրեթե նույն ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարի ուղեկցությամբ իշխանամերձ փորձագետներ էին այցելել ամրացված շրջաններ և մի-մի գրառում նվիրել:
Բայց, ըստ էության, սա բավարար չէ: Իշխանությունների տրամաբանությամբ՝ ռեժիմով պետք է խոսել ամրացված շրջաններից և բանակի մասին դրական բան ասելու անվան տակ գովել իշխանություններին: Վերջին թարմ օրինակը: Մոտ 10 օր առաջ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանը հարցազրույց է տվել «Հայ զինվորին» (12.04.2024 – 19.04.2024), ինչը միանգամայն նորմալ է, բայց այս օրերին, երբ թուլացվում է Տավուշի անվտանգությունը, երբ հյուսիսարևելյան պաշտպանական գիծը ճեղքվում է, քանդվում է, թուլացվում է, երեկ Պաշտպանության նախարարությունը տարածում է այս հարցազրույցի հետևյալ հատվածը.
«Անկեղծ ասած՝ միակ ցանկությունս էր մեր տեսածների, զգացողությունների մասին անմիջապես վերադառնալուց հետո պատմելը, քանի որ անգամ «վիթխարի», «հսկայական» բառերը բավական չեն՝ բնորոշելու համար այն կառույցները, որ մեզ ներկայացրին այդ օրը: Ես բառեր չեմ գտնի արտահայտելու այն պաշտպանվածության զգացողությունը, որ այդ օրը զգացինք այնտեղ՝ առաջնագծում։ Լինելով գրող՝ շատ էի ցանկանում գրել այդ ամենի մասին, բարձրաձայնել, սակայն մեզ բացատրեցին, որ պետք է խստորեն պահպանենք գաղտնիության ռեժիմը և շատ բաների մասին պարզապես չենք կարող խոսել հրապարակավ:
Այն, ինչ տեսա, իսկապես երևակայության սահմաններից դուրս էր։ Հենակետերում ամրաշինական, ինժեներական աշխատանքներն իրենց մասշտաբներով աներևակայելի էին»։
Մեկ օր հետո նույն հատվածը տարածվում է նաև Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջով:
Իսկ Կարինե Խոդիկյանն իր հարցազրույցում շարունակում է. «Այնուհետև սարերի միջով ուղևորվեցինք դեպի երկրորդ հենակետը և այդտեղ հասկացանք, թե ինչպես է կառուցվում այդ իրապես հզոր կառույցը։ Մեզ՝ պատերազմի աղետ ու ավեր տեսած մարդկանց համար, սա իսկական սրտի բալասան էր։ Այս պահին, երբ խոսում եմ, գիտեմ, որ նման լայնամասշտաբ ամրաշինական աշխատանքներ շարունակում են իրականացվել մեր հանրապետության բոլոր կենսական նշանակության սահմանագոտիներում, և շնորհակալության զգացումով եմ լցված»:
Իսկ Կարինե Խոդիկյանին տեղեկացվե՞լ է, որ հյուսիսարևելյան հզոր պաշտպանական գիծը վտանգվում է, որը անվտանգության ամուր երաշխիք էր Տավուշի և Հայաստանի համար, որ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ բանակը պետք է դուրս գա տավուշյան կարևոր հատվածներից, և ՀՀ ԶՈւ զինծառայողներին փոխարինի սահմանապահը, ինչը, մեղմ ասած՝ ենթադրում է դիրքային փոփոխություն:
Եվ ոչինչ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ամուր լռություն են պահպանում այս առնչությամբ՝ արդյո՞ք զորքի հետքաշում կա, քանի՞ դիրքից, դիրքային ի՞նչ պատկեր ենք ստանում, ո՞ր հատվածում են ԶՈւ զինծառայողներին փոխարինելու սահմանապահները:
Ինչ վերաբերում է հոդվածի բուն թեմային, ապա միայն ուրախ կլինենք, որ ՀՀ բանակում և դրա շուրջ դրական փոփոխություններ շատ լինեն, որ հանրությունը նորից սկսի վստահել բանակին, բանակի գեներալին, սպային, որ ատելության մթնոլորտը վերանա, որ բանակին վերադարձվի խաղաղություն պարտադրողի երբեմնի համբավը: Բայց իշխանական այս քարոզչական արշավը բնավ էլ հանուն բանակի չէ. գործ ունենք այդ անվան տակ իշխանությունների փիառի:
Այլապես, եթե այդքան մտահոգված եք և նախանձախնդիր բանակի, սպայի և գեներալի հեղինակությամբ, ինչպե՞ս եք լռում, երբ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի համատեքստում և դրանից դուրս սևացնում է բանակը՝ հրամանատարներին, սպաներին, զինվորներին դավաճան, փախնող, դասալիք, տեղանքում չկողմնորոշվող համարելով։ Թերևս, այո, նման դեպքեր եղել են, բայց ոչ այնքան, որքան Փաշինյանն է ներկայացնում, բացի այդ՝ նման խնդիրների մասին հրապարակային չեն խոսում:
Եթե այդքան մտահոգված եք բանակի հեղինակությամբ, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ պետական կառույցները վարկաբեկող տեսագրություններ տարածեն:
Եթե այդքան շատ եք ուզում դրական բաների մասին խոսվի, ինչո՞ւ 44-օրյա պատերազմում դասագրքային հերոսությունների մասին չխոսվեց այնպես, որքան պիտի խոսվեր, այլ շեշտը դրվեց դասալքության, դավաճանության, 5-րդ շարասյան առկայության վրա:
Ավելին, մի քանի անգամ ՀՀ պաշտպանության նախարարին գրավոր առաջարկել ենք հրապարակումների շարք սկսել և ցույց տալ, որ ՀՀ զինված ուժերում այսօր էլ ծառայում են կենսագրություն ունեցող սպաներ, գեներալներ, որպեսզի կոտրվի խորացող ատելության և անվստահության մթնոլորտը. համաձայնությունը տրվել է, մեկ հարցազրույցից հետո, խախտվել է պայմանավորվածությունը: Բայց արի ու տես, ուզում են, որ ամեն րոպե խոսեն ամրացված շրջանների, կրթական ինչ-որ բարեփոխումների ու մեթոդների մասին: Իսկ թե ինչու կամ հանուն ում՝ արդեն նշեցինք:
Իրականում սա խոսում է իշխանությունների սնանկության մասին և ցույց է տալիս, որ քիչ թե շատ դրականի մասին խոսելու այլ առիթ չկա:
Իսկ երկրի մասին դատում են՝ ինչպես պատերազմի, այնպես էլ՝ երկրի անվտանգության ամուր համակարգի մասին արդյունքները՝ որքանով է բանակը կենսունակ առաջնագծում խաղաղություն պարտադրելու, որքանով է թշնամին սթափվում իր դիմաց կանգնած հայ զինվորից, դիրքապահից, սահմանապահից, որին, ի դեպ, իշխանությունները հրապարակավ մեղադրում են և քրեական վարույթներ են հարուցում, չնայած նրան, որ ամեն առիթի դեպքում Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերին պարտադրում է խախտել օրենքի և սահմանադրական պահանջը:
Ի դեպ, 168.am–ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խոսելով ամրացված շրջանների մասին, նշել էր.
«Ամրացված շրջանները գտնվում են խորքում, և դրանք, կարելի է ասել, առաջին մարտավարական խորության մեջ երկրորդ դիրքի դեր են կատարում: Իսկ երկրորդ դիրքն իր մեջ, պաշտպանությունից բացի, նաև ունի հակագրոհային գործողությունների խնդիր: Եվ մենք այսօր ամեն ինչ պիտի անենք, որ հենց առաջին գծում, որտեղ առաջին դիրքն է և իր մեջ ներառում է 3-4 խրամատ, այսինքն՝ մոտ 2.5 կմ խորություն, այդտեղ նաև մարտական գործողությունները լինեն կայուն և ակտիվ:
Իսկ ամրացված շրջաններում պաշտպանությունը, այսպես ասած, հենակետային է, կայուն է, բայց ակտիվ շարժունակություն այդտեղ չկա, ուստի պետք է լինեն նաև ստորաբաժանումներ, որոնք հնարավորություն կունենան մանևրելու, հակառակորդի հնարավոր մխրճումը մեր թիկունք հետ մղելու, նրանց կանգնեցնելու, ջախջախելու և հետ շպրտելու: Այսինքն, եթե միայն ամրացված շրջաններում պիտի լինի պաշտպանությունը, 1000 կմ մենք Ադրբեջանի հետ սահման ունենք, և եթե միջինը 3 կմ իրենք մխրճվեն, բավականին լուրջ տարածություն է դառնում»:
Իսկ վերջին շրջանի հարցազրույցներից մեկում նույն Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ ՀՀ ԶՈՒ-ն այսօր լուրջ զորավարժություններ անցկացնելու բավարար պատրաստվածություն չունի:
Այնպես որ, 5-6 տարի ՀՀ զինված ուժերին վնասած, հզոր զորամիավորումները կազմաքանդման եզրին հասցրած, պրոֆեսիոնալ բանակ խոստացած, բայց եղածը քանդած, հայ սպային, հայ գեներալին, հայ զինվորին բարոյահոգեպես ճնշող, նրանց անվտանգությունը չապահովող, հանրության հետ նրանց «թշնամացրած» իշխանությունները ճիշտ կլինի զուսպ լինեն սեփական փիառն անելուց, հատկապես, եթե բանակից գողացել են հաղթանակը և նոր հաղթանակներ չեն նվիրել: Պետք չէ սեփական քարոզչությունն անել բանակի հաշվին, հատկապես այն դեպքում, երբ բանակի հեղինակությունը շատ քիչ է հետաքրքրում՝ չիմանալով բանակն ինչ է, սպա, գեներալ, զինվոր հարգելն ինչ է:
Եվ այս համատեքստում, որպես ամփոփում, մեջբերենք մի թարմ օրինակ. Վրաստանի զինված ուժերի 33-ամյակի առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան՝ նշել է.
«Ողջույնիս մեջ միտումնավոր չհիշատակեցի նախորդ ելույթ ունեցողին, ես ինձ թույլ չեմ տա վրացական բանակի առաջ քաղաքական հայտարարություններ անել, որոնք լիովին անհամատեղելի կլինեն այսօրվա և նախագահի բարձր պաշտոնի հետ։ Սահմանադրության երդումը խախտելու և երկրին դավաճանելու համար բոլորը պատասխան են տալու Աստծո առաջ»: