Օրենսդրական նախաձեռնությամբ կխստացնենք ԱԺ քննիչ հանձնաժողով չներկայանալը. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի աշխատանքների արդյունքներին, տեղեկացնելով, որ որոշ դրվագների վերաբերյալ տեղեկացրել է Գլխավոր դատախազին։

«Հանձնաժողովի աշխատանքները գաղտնի են, խիստ գաղտնի։ Միայն մեկ բան կարող եմ ասել, որ կատարած աշխատանքների վերաբերյալ ես զրույց եմ ունեցել Գլխավոր դատախազի հետ և որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկեմ Գլխավոր դատախազություն, որպեսզի իրենք այդ նյութերը վերցնեն արդեն ուսումնասիրության տակ։

Ինչ վերաբերում է, թե ում ենք հրավիրելու, ապա հրավիրյալների ցանկը, եթե շատ մտածեք, ապա բոլորիդ համար ակնհայտ կլինի։ Մենք առաջին հրավերը, որ ուղարկեցինք արտաքին բլոկին վերաբերող Վարդան Օսկանյանին, Ժիրայր Լիպարիտյանին և այլն, Լիպարիտյանն ասաց, որ ինքը պատրաստ է, իսկ Վարդան Օսկանյանը հեռավար ասաց՝ պատրաստ չէ։ Մովսես Հակոբյանն էր ինչ-որ հայտարարություններով հանդես եկել։ ԱԺ-ում կլինի օրենսդրական նախաձեռնություն, որը մշակված է և երևի հունվար ամսին կդրվի շրջանառության մեջ, կանոնակարգ օրենքում խստացումներ նախատեսող՝ հրավիրյալների չներկայանալու դեպքում։ Մինչև այդ փուլին անցնելը, չեք պատկերացնի, թե ինչ ծավալի փաստաթղթային աշխատանքներ է ուսումնասիրվել։ Եթե ասում եմ, որ Գլխավոր դատախազի հետ զրույց ենք ունեցել, դա նշանակում է, որ ուսումնասիրված բազմաթիվ դրվագներ կան, որոնք պետք է դատախազությունը, առավել ևս՝ զինվորական դատախազությունը վերցնի քննության տակ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Թե ի՞նչ պաշտոնյաների մասին է խոսքը, և արդյո՞ք նրանց հրավեր ուղարկվել է, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ հրավեր չի ուղարկվել, սակայն ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր նյութեր, ինչն ըստ նրա բավարար է, որպեսզի հանձնաժողովի նախագահը գրավոր նյութ ուղարկի Դատախազություն։

Կարդացեք նաև

«Գիտեմ, պաշտոնյաներին դուք շատ եք սպասում, անպայման դա էլ կտեսնեք, շրջանակն էլ է պարզ, ակնհայտ է, դրանք հո անծայրածիր պաշտոնյաներ չեն, դրանք կոնկրետ պաշտոնյաներ են ու կոնկրետ աշխատանքի արդյունքներ են և ծառայության արդյունքներ են։ Եվ, վերջին հաշվով, 44-օրյա պատերազմի արդյունքը ինչ-որ բանի՝ թերացումների արդյունք է, մեղմ ասած՝ թերացումներ են»,- շեշտեց  Անդրանիկ Քոչարյանը։

Հաջորդ հարցին, թե Օնիկ Գասպարյանին վերաբերող նյութեր կա՞ն, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.
«Ուզում եք անուններ հնչեցնեմ, շատ անուններ կան, բայց ես անուններ չեմ հնչեցնի»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս