Ո՞րն է մեր անվտանգության երաշխիքը. Անդրանիկ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի միմյանց հակադրվող տեսակետները
Այսօր խորհրդարանում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հարց ուղղեցին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին։ Սակայն իշխանական պատգամավորն այդքան էլ հակված չէր պատասխանելու հարցերին, նշելով, թե երեկ լրատվամիջոցներից մեկին ծավալուն հարցազրույց է տվել այդ թեմայով, և խորհուրդ տվեց լրագրողներին լսել հարցազրույցը։
Լրագրողի հարցին, եթե հերթը հասնի իմպիչմենտի, ի՞նչ են անելու, Անդրանիկ Քոչարյանը կտրուկ պատասխանեց՝ հերթը չի հասնելու, և հետո պատճառաբանեց.
«Առայժմ մենք պետք է իմանանք՝ որտեղ է հոգևոր դասը, որտեղ է քաղաքական դաշտը։ Դեռ տեսնում ենք, որ Վազգեն Գալստանյանը շարունակում է հոգևորականի համազգեստով քաղաքական գործընթացներ գեներացնել, որն անթույլատրելի է։ Ըստ Սահմանադրության, նման իրավասությամբ հոգևորականը լիազորված չէ։ Նա Երևանում հայտարարեց քաղաքական պայքարի մասին և քաղաքական պահանջների մասին։ Հոգևորական Վազգեն Գալստանյանը ո՛չ ավել, ո՛չ պակաս Նիկոլ Փաշինյանին հրավիրեց իր մոտ։ Էլ չեմ ասում սպիտակ շորերը, որ մեկ էլ Վազգեն Կաթողիկոսն է հագել»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե հոգևոր դասը չի կարող անտարբեր մնալ երկրում տեղի ունեցողին, Անդրանիկ Քոչարյանը զարմացած հարցրեց, ի՞նչ է տեղի ունենում, իսկ երբ լրագրողը փորձեց փոխանցել շարժման մասնակիցների բարձրացրած հարցերը, որ իշխանությունն իրականացնում է ապօրինի սահմանազատում, Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց.
«ԱԺ-ում կա քաղաքական հանձնաժողով, որտեղ այդ հարցերը քննարկում են, որը չեն կարող իրենք ձևակերպեն։ Ասում են, ինչո՞ւ է հատվածական, եթե ամբողջականը հնարավոր լիներ էս պահին լուծել, բնականաբար իշխանությունը և պետությունը պարտադրված պետք է գնային անվտանգային այդ իրականությունն իրականացնելու ճանապարհով։ Բայց հատվածականն էլ տալիս է հնարավորություն հասնելու ամբողջականին։ Սա ամբողջական անվտանգության երաշխիք տալի՞ս է, իհարկե ոչ, անվտանգության երաշխիք տալիս են էն բարեփոխումները, որոնք միտված են նոր կանոնավոր բանակ ունենալուն՝ այնպիսի սպառազինությամբ ու այնպիսի պատրաստված անձնակազմով, որը պետք է պաշտպանի այ էդ սահմանամերձ բնակավայրերի ազգաբնակչության անվտանգությունը»։
Փաստորեն ԱԺ իշխանական խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ անվտանգության երաշխավորը բարեփոխված և լավ սպառազինված բանակն է, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը հանրայինին տված հարցազրույցում ասել էր, որ իրենք եկել են այն եզրակացության, որ փլուզվող միջավայրում Հայաստանի անվտանգության գործոնը լեգիտիմությունն է. «Մենք մեր անվտանգությունը պետք է ապահովենք լեգիտիմության հիմքի վրա։ Ես Ձեզ երաշխավորում եմ, որ հարևանների հետ հարաբերություններ կարգավորելու լեգիտիմության բանաձևը շատ ավելի լավ և շատ ավելի ուժեղ երաշխավոր է»։