«Երբ դեպի քո տուն ճանապարհը փակ է՝ ցավոտ է. զգացողություն կա, որ կվերադառնամ Հադրութ». Վերա Սաֆարյան
Հոկտեմբերին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած «Միսիս Եվրոպա-2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած և մրցույթի 2-րդ հորիզոնականը զբաղեցրած Վերա Սաֆարյանի մասին Երևանում իմացան նրա հաղթանակից հետո, իսկ Արցախի Հանրապետությունում նրան գրեթե բոլորն են ճանաչում։ Վերան ոչ միայն մոդել է, այլև Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ ծառայել է ՊԲ շարքերում՝ որպես պայմանագրային զինծառայող։
Ազատամարտիկի և բժշկի ընտանիքում ծնված Վերա Սաֆարյանը հորը՝ Արտուշ Սաֆարյանին չի տեսել, ծնվել է նրա զոհվելուց 6 ամիս անց։
168.am-ի հետ զրույցում Վերան պատմեց, որ թեպետ հորը չի տեսել, սակայն միշտ նրա հետ զրուցել է, կյանքի դժվար պահերին հիշել է նրա մասին բոլոր այն պատմությունները, որոնք պատմել են մայրը, հարազատները։
Նրա խոսքով՝ «Միսիս Եվրոպա-2022» մրցույթին մասնակցելն ու հաղթանակը մեծ փոփոխություն չի մտցրել իր կյանքում, այն ուղղակի մեծ հնարավորություն էր, որպեսզի ճանաչեր այլազգի մարդկանց, ուժերը փորձեր բեմում, հասկանալու, թե մարդուն ինչպես են կարևորում օտար երկրում։
«Շատ հաճելի էր, երբ զբաղեցրեցի երկրորդ հորիզոնականը»
«Ուրախ եմ, որ իմ սպասումներն արդարացան։ Մրցույթում ներկայանում են ուժեղ կանայք, բոլորն էլ իրենց ոլորտում կայացած, պարտադիր պայմանը, որ կինը մայրացած լիներ և իր ոլորտում ինչ-որ հաջողությունների հասած լիներ։
Իրականում, երբ մի բանի շատ ես սպասում ու չի արդարացվում՝ հուսահատվում ես։ Ի սկզբանե ես այնտեղ եմ գնացել այն սպասումներով, որ ուղղակի մասնակցեմ, բայց շատ հաճելի էր, երբ զբաղեցրեցի երկրորդ հորիզոնականը»։
Վերան մասնագիտությամբ մանկավարժ է, մեկ տարի դպրոցում աշխատելուց հետո, որոշել է, որ պետք է պայմանագրային զինծառայող դառնա, այդպիսով ոչ միայն հայրենիքին կծառայեր, այլև գումար կվաստակեր՝ որդու ապագան ապահովելու համար։
«Հայրիկիս չեմ տեսել, բայց նրա ներկայությունն ամեն տեղ կար»
«Բոլորն էլ գիտեն, թե ինչ դժվար է Արցախում երեխային միայնակ մեծացնելը, ես ընտրություն կատարեցի ավելի շատ երեխայիս լավ ապագայի, քան իմ հոգսերի համար։ Ծառայության ընդունվելը մի որոշում էր, որը դժվար եմ կայացրել, բայց այլ ընտրություն չունեի։ Երկու տարի՝ 2018-2020 թվականներին, ծառայել եմ ՊԲ շարքերում։
1988 թվականին հայրիկս առաջին կամավորներից է եղել, արդեն 1991 թվականին նա սպա էր։ Ես հայրիկիս անվան հետ միասին եմ մեծացել, հայրիկիս չեմ տեսել, բայց նրա ներկայությունն ամեն տեղ կար, թե դպրոցում ու դասարանում, թե թանգարանում։ Իմ կյանքում, թե ծառայության ընթացքում նա միշտ ներկա է եղել։
Երբ ինչ-որ բան դժվար էր լինում, ես մտածում էի, թե կոտրվելու եմ, հիշում էի, թե ում աղջիկն եմ։ Զոհված զինծառայողների մասին գիրք կար, հայրիկիս բնութագիրն այնտեղ գրված էր, և կարդալով՝ հասկանում էի, թե հայրս ինչ ցավ է տեսել։ Գիտեմ, որ հայրիկիս վերջին օրը պատերազմի դաշտից հանել են զինվորին գրկած, զինվորը վիրավոր է եղել և մահացել է մի քանի ժամ հետո։ Հայրիկիս մարդ տեսակն իմ ապագայի վրա մեծ ազդեցություն է ունեցել։ Այս ամենից հետո հասկանում ես՝ հուսահատվելու տեղ չունես, որովհետև ոչ միայն քո համար ես ապրում, այլև այդ մարդու անվան համար։
Ընտանիքում շատ սիրված երեխա եմ եղել, ինձ շատ քիչ են «չէ» բառն ասել, որպեսզի հայրիկիս կարիքը չզգամ, բայց մեկ է՝ հայրիկիս կարիքը շատ եմ զգացել։ Կյանքում չեմ հարցրել, թե որտեղ է իմ պապան, քանի որ գիտեի՝ պապան նկարի մեջ է։ Դպրոցում, դասարանում իմ նման երեխաներ շատ կային, 1994 թվականին զոհվածների երեխաներ շատ էին ծնվում։ Ծնված օրվանից մանկությունս անցել է հայրական տանը, ինչի համար մայրիկիս եմ շնորհակալ, քանի որ ունենալով երկրորդ տուն՝ մայրս նախընտրել է ապրել հայրիկիս ծնողների հետ և մեզ մեծացնել հայրական բարեկամների հետ։
2020 թվականի սեպտեմբերի 25-ին Վերան դիրքերից նոր էր տուն վերադարձել, նույնիսկ չի հասցրել զինվորական համազգեստը փոխել, երբ զորամասից զանգել ու կանչել են։
«Հասցրեցի տանը զգուշացնել, որ՝ մի վախեցեք, բայց զգոն եղեք»
«Ինձ ասացին, որ զորամաս պայուսակով գնամ, ներքև իջնելուց հասկանում եմ՝ իրավիճակը լարված է, միայն հասցրեցի տանը զգուշացնել, որ՝ մի վախեցեք, բայց զգոն եղեք։ Դրանից հետո, ինչպես օրենքն է սահմանում, բոլորի հետ միասին բարձրացանք դիրքեր։ Արդեն սեպտեմբերի 27-ին, լույս 28-ի կողմերը առաջին հարվածները ստացանք, հրետանուց արդեն կրակում էին Հադրութ քաղաքի վրա, սա զարմանալի էր, որ առաջին հարվածները հենց քաղաքին էին ուղղված։ Երևի սա պայմանավորված էր նրանով, որ խուճապ առաջացնեն դիրքապահների շրջանում, քանի որ նրանց բոլորի ընտանիքները քաղաքում էին։ Պատերազմում առաջին զոհը մանկահասակ երեխա է եղել Մարտունի քաղաքում։
Իրականում ես մտածում էի, որ ինչ-որ որոշում կլինի և վերջ կդրվի պատերազմին, որովհետև ակամայից երևում էր, որ երկու կողմերից էլ մեծ քանակով զոհեր էին լինում, երկու կողմերի համար էլ հետոն չէր երևում։ Այնպես էր, որ մեր կողմը լավ էլ պատասխան հասցնում էր»։
2020 թվականի հոկտեմբերի 10-ից հետո, երբ ադրբեջանական կողմն արդեն օկուպացրել էր Հադրութը, Վերան և իր նման 12-13 աղջիկ՝ կրկին զինվորականներ, դուրս են եկել Հադրութից։ Երկար ժամանակ է անհրաժեշտ եղել Վերային՝ հոգեբանորեն այդ վիճակից դուրս գալու համար։
«Մինչև օրս չգիտեմ, թե ապագան որտեղ կարող է տանել»
«Երևան տեղափոխվելուց հետո, ինձ մոտ երկար ժամանակ անհասկանալի վիճակ էր, անտարբերություն, ես մինչև օրս չգիտեմ, թե ապագան որտեղ կարող է տանել։ Տեսնում ես այն երիտասարդ տղաների կրճատված կյանքը և մեղավորության հետ մեկտեղ, որ դու ապրում ես, իսկ այդ տղաները՝ ոչ, չես կարողանում հասկանալ, թե ինչ ապագա է սպասում մեր սերնդին։ Կարծում եմ՝ այդ անորոշ վիճակը մեծամասնության մոտ է։
Ինձ մոտ զգացողություն կա, որ ես կվերադառնամ Հադրութ, թեպետ գիտեմ, որ դա շատ հեշտ չի լինելու, բայց կարծում եմ՝ այդպիսի մի օր լինելու է, որ բոլորը վերադառնալու են։ Ոչ մեկը, ոչ մի կտոր հող չի վերադարձնելու»։
Պատերազմից հետո նորից ոտքի կանգնելու համար Վերային օգնել է 7-ամյա որդին՝ Ալեքսանդրը, ասում է՝ միակ մոտիվացիան նա է եղել։
«Պատերազմից հետո ինձ առաջարկել են, որպեսզի ծառայության վերադառնամ»
«Մենք զորամասում էինք, երբ վերջին պահին իմացանք, որ թշնամին արդեն տարածքում է։ Մայրիկս ինձ ասել էր, որ հայրիկի նկարների ալբոմը տանը տեսանելի վայրում է դրել, ես վերջին պահին մտել եմ տուն, այդ լուսանկարներն եմ վերցրել, շքանշանի հետ։ Այդ ամենը մեզ համար շատ մեծ նշանակություն ունի։
Պատերազմից հետո ինձ առաջարկել են, որպեսզի ծառայության վերադառնամ, բայց չվերադարձա, կարծում եմ՝ հիմա ավելի շատ ժամանակ պետք է տրամադրեմ ընտանիքիս ու որդուս։ Բայց ցանկացած պահի, երբ իմ կարիքը լինի՝ միանշանակ գնալու եմ։
Պատերազմից հետո Արցախ չեմ գնացել, այնտեղ շատ բարեկամներ ունեմ, բայց երբ անցնում ես այն ճանապարհով, որտեղով դեպի քո տունը փակ է՝ ցավոտ է, չեմ կարողանում գնալ, որ գնամ այնտեղ ու իմ տուն չգնամ։ Հակառակորդը երբ ինչ-որ տեսանյութեր է տեղադրում, չեմ նայում, մեր տունը նկարել ուղարկել էին՝ չեմ բացել, նրանք մտածել են, որ դրանով ինձ ցավ կտան։
Շատ եմ ուզում վերադառնալ Արցախ, ավելի լավ կլիներ, որ հենց մեր տունը լիներ, ու մենք բոլորս վերադառնայինք այնտեղ։
Ուզում եմ՝մայրերն իրենց որդիներին ծառայությունից հետո գրկեն, բոլոր տղաները վերադառնան իրենց ընտանիքների մոտ»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում