«Ինչու և որտեղ է աշխարհը մեզ սխալ հասկանում, որտեղ պիտի ուղղենք մեր մասին պատկերացումները». Փաշինյանը 44-օրյայից առաջ գաղտնազերծել էր նոր հետախուզություն ունենալու նպատակը
Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է ստեղծել Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին:
«Աշխարհը փոխվում է դինամիկ ձևով, և արտաքին հետախուզական ձևերը և մեթոդները նույնպես շատ էական փոփոխություններ են ապրում: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր կարողությունները տրանսֆորմացնել և զարգացնել ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխան: Այդ իմաստով, կարծում եմ՝ կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ աշխարհում հետախուզական մեթոդները, ձևերը և բանաձևերը զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ»,- դեկտեմբերի 9-ի կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը և անդրադառնալով կառավարության հավանությանն արժանացած «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին, հավելել. «Օրինագծերի ընդունումը կնպաստի երկրի արտաքին հետախուզական կարողությունների զարգացմանը: Իհարկե, դա արագ տեղի չի ունենա:
Ընդ որում, շատ կարևոր է արձանագրել, որ այս որոշումով այս պահին մեր ունեցած ստատուս-քվոն որևէ կերպ չենք խախտի: Այսինքն՝ այս պահին գործող բոլոր մեր հետախուզական ծառայությունների կյանքում ոչինչ չի փոխվի այնքան ժամանակ, մինչև մենք չհամոզվենք, որ նոր ստեղծված արտաքին հետախուզական ծառայությունը կարող է կլանել այն գործառույթները, որոնք իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության հետախուզության դեպարտամենտը, և դեռ մի բան էլ ավելին: Այսինքն՝ ի վիճակի է լիարժեք, առանց որևէ վնաս հասցնելու մեր կարողություններին, դա պատշաճ մակարդակով իրականացնել»:
Իշխանությունն իր այս մտադրությունը հիմնավորում է ոչ միայն հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտությամբ կամ նոր որակի Հետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայականով, նաև նրանով, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն, այլև, որ արցախյան 2016թ. և 2020թ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում խնդիրներ են եղել:
Այս համատեքստում մի քանի կարևոր փաստ հիշենք:
Իշխանափոխությունից հետո 2018-ի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը, երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետ Արշակ Կարապետյանին իրեն խորհրդական էր նշանակում, որին Սերժ Սարգսյանն ազատել էր պաշտոնից 2016-ի ապրիլյան մարտական գործողություններից հետո, վստահեցրել էր.
«Նրանք, ովքեր հիշատակում են, որ Արշակ Կարապետյանին Սերժ Սարգսյանը հանել է գործից այդ իրադարձությունների արդյունքում, նրանք ասում են, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, արդար դատավոր է և այդ իրավիճակում արդար որոշում է կայացրել: Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»:
Այո, 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարել էր, որ «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ»:
Անցած տարի ապրիլին ԱԺ-ում էլ, ըստ էության կրկնելով միտքը, ասել էր.
«Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնել այդ գնահատականի հետ»:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը երկրի համապատասխան ուժային կառույցներին՝ Գլխավոր շտաբ (ԳՇ), Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), մեղադրում էր կամ իրենց գործը լավ չանելու մեջ, կամ՝ իրենից պատերազմ սկսելու հավանականությունը և ժամկետը թաքցնելու մեջ:
Այս դեպքում ինչպես հասկանալ, որ իրեն պատերազմ սկսելու մասին չտեղեկացնելու մեջ համապատասխան մարմիններին մեղադրող Փաշինյանը, օրինակ, ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Առաքել Մարտիկյանին պաշտոնանկ արեց միայն 2021-ի օգոստոսի 9-ին, ավելին, 2022 թվականի հունվարի 10-ին Մարտիկյանը նշանակվեց ԳՇ պետի տեղակալ:
Մինչդեռ, Հայաստանն արդեն քանի ամիս է՝ չունի ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ: 168.am-ը փորձել էր Պաշտպանության նախարարությունից պարզել՝ ինչն է պատճառը, որ մինչև հիմա ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչությունը ղեկավար չունի, պաշտպանական գերատեսչությունն այն համարել էր գաղտնիք պարունակող տեղեկություն:
Այսինքն, արտաքին հետախուզական առանձին ծառայություն է ստեղծվում Նիկոլ Փաշինյանի ենթակայության ներքո, այն դեպքում, երբ հենց Նիկոլ Փաշինյանը պատերազմի մեջ գտնվող երկրում թափուր է թողել ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը, իսկ ավելի քան երկու տարի առաջ ԱԱԾ-ի ղեկավարին հանձնարարում էր գնալ ու սատանա բռնել կամ հրահանգում գնալ գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգել, նախկին իշխանություններին հետապնդել: Իսկ մամուլում այդ ժամանակ շրջանառվող տեղեկություններով՝ իր թիմակից նախարարներին ու այլ պաշտոնյաների սենյակներում ժուչոկներ դնել, ընդդիմադիր գործիչներին ապօրինի գաղտնալսել և, ի վերջո, իր անձնական անվտանգությունն ապահովել: Այո, շատ երկրներ ունեն արտաքին հետախուզական առանձին մարմին կամ մարմիններ, և մասնագետների կարծիքները ՀՀ-ում նման մարմին ունենալու վերաբերյալ տարբեր են:
Օրինակ, դեռ 2021-ին ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը Sputnik Արմենիայի եթերում նշել էր, որ հետախուզությունը և հակահետախուզությունը տարանջատելը, մի կենտրոնից չղեկավարելն ունի բավականին բացասական կողմեր։
«ԱԱԾ համակարգում, իհարկե, կար և այսօր էլ կա հետախուզության դեպարտամենտ։ Ընդհանրապես առանձին հետախուզություն ունենալը բնորոշ է խոշոր պետություններին, որոնք ունեն հետաքրքրությունների լայն շրջանակ, մեր դեպքում նման լայն շրջանակ գոյություն չունի։ Կան երկրներ, որոնք մեր աշխատանքի հիմնական ուղղություններն են, բայց դրանք քանակային իմաստով խոշոր պետությունների ուղղությունների չափ չեն։ Մի կառույցի ներսում հնարավոր է շատ կոմպակտ, ուժեղ, սոցիալական խնդիրները լուծված լուրջ կառույց ստեղծել, ինչն այսօր ունենք, ուղղակի այդտեղ պետք է բարեփոխումներ իրականացնել` աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել, լավ կադրերով համալրել, ուժեղացնել ղեկավարումը, մեկտեղել հետախուզությունն ու հակահետախուզությունը և շահագործել՝ որպես մեկ ամբողջական կառույց»,- ասել էր Համբարձումյանը:
Նույնը news.am-ի հետ զրույցում նշել էր ԱԱԾ Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը՝ «փոքր երկրներում արտաքին հետախուզությունը պահում են ԱԱԾ-ի կազմում, իսկ, օրինակ, Ռուսաստանում, որը մեծ շահեր ունի աշխարհում, դա առանձին ծառայություն է»: Մյուս կողմից, գեներալը շեշտել էր, որ արդարացված է առանձին նման կառույց ունենալը, եթե ունես հզոր բյուջե՝ ակնարկելով, որ գերտերություններից ով օգնեց այս հարցում, նրա ազդեցության տակ էլ Հայաստանը լինելու է:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ ամիսներ առաջ 168.am–ի հետ զրույցում հիմնական խնդիրը տեսել էր այն, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այսօր թշնամի երկրների շահերն է սպասարկում, այսինքն, եթե ունենայինք նորմալ քաղաքական ղեկավարություն, հնարավոր է՝ ոչ թե մեկ, այլ մի քանի առանձին, իրարից անկախ, իրար մրցակից հետախուզական մարմինների կարիք կլիներ:
Վերադառնալով Արտաքին առանձին հետախուզության ծառայություն ունենալու Նիկոլ Փաշինյանի կառավարության և հենց իր իսկ հիմնավորումներին, որ աշխարհում հետախուզական մեթոդները, բանաձևերը զարգանում են, որոնց պիտի համահունչ լինել, և, որ արցախյան 2016թ. և 2020թ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում խնդիրներ են եղել, հիշեցնենք, 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում խոստացել էր՝ «ունենալու ենք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը»:
Իսկ 2020-ի պատերազմից մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով ՀՀ վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը, ոչ միայն հայտարարել էր, թե ունենալու ենք աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, այլ փակագծեր բացել դրա պատճառների մասին:
«Սա կարևոր կետ է մեր տեսլականի, ինչ է սա նշանակում: Նշանակում է հետևյալը. իմանանք ավելին այն անհրաժեշտ ինֆորմացիայի, որը պետք է աշխարհի հետ հարաբերվելու համար: Սա նշանակում է՝ ավելի լավ ճանաչել աշխարհը գործնական առումով, և հնարավորություն ունենալ հասկանալ՝ ինչու և որտեղ է աշխարհը մեզ սխալ հասկանում, և որտեղ է, որ մենք պիտի ուղղենք մեր մասին պատկերացումներն աշխարհում»:
Ըստ էության, նախքան 44-օրյա պատերազմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը տեղավորվում է պատերազմից հետո առաջ եկած խաղաղության դարաշրջանի գաղափարի և տրամաբանության մեջ: Չմոռանանք, որ 2021-ի գարնանը Փաշինյանը գնացել էր Արագածոտնի մարզ՝ համոզելու, որ դադարենք թուրքին թշնամի տեսնել:
«Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են՝ որպես թշնամի, և մենք ընկալում ենք՝ որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի, այնքան մեզ են ընկալում՝ որպես թշնամի, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է»,- շեշտել էր նա՝ ըստ էության, մի կողմ թողնելով 1915 թվականին Հայոց ցեղասպանության փաստը, դրանից հետո Ադրբեջանի՝ Թուրքիայի աջակցությամբ կատարած ցեղասպանությունները, որոնք թշնամական հարաբերությունների մեկնարկային կետերն են հանդիսացել:
Հավելենք, որ շրջանառության մեջ դրված «Արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագծում նշվում է, որ Արտաքին հետախուզական գործունեության նպատակների մեջ է մտնում, օրինակ, Նիկոլ Փաշինյանին քաղաքական, անվտանգային, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական, տեխնոլոգիական և բնապահպանական բնագավառներում որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովումը:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին հետախուզության առանձին մարմին ստեղծելու որոշումը նաև ԱԱԾ-ի հանդեպ վստահության խնդրի մասին է հուշում, թեպետ, ԱԱԾ-ն, գոնե այսօր, ըստ էության, ծառայում է հենց իր քաղաքական շահերին:
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը վստահ չէ հենց առանձին այս կառույցի հաջողության և գործող հետախուզական կառույցներին փոխարինելու կարողության մեջ: Դրա համար հայտարարում է՝ «այս պահին գործող բոլոր մեր հետախուզական ծառայությունների կյանքում ոչինչ չի փոխվի այնքան ժամանակ, մինչև մենք չհամոզվենք, որ նոր ստեղծված արտաքին հետախուզական ծառայությունը կարող է կլանել այն գործառույթները»:
Հավելենք, որ 2021թ․ օգոստոսի 29-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ Արտաքին հետախուզական ծառայություն Հայաստանը մինչ այսօր էլ ունեցել է, որը գործել է ԱԱԾ կառույցի ներսում։
Հակադարձմանը՝ հետաքրքիր է, որ եթե կար նման ծառայություն, ինչո՞ւ ժամանակին չենք զգուշացրել, որ ենթադրենք՝ պատերազմ կարող է սկսվել սեպտեմբերի վերջին, ունեցե՞լ ենք նման հետախուզական վերլուծություն, Գրիգորյանը պատասխանել էր.
«Միացյալ Նահանգները, ունենալով աշխարհի հզորագույն հետախուզական ծառայություններից մեկը, 2001թ. սեպտեմբերի 11-ի մասին հստակ ինֆորմացիա և կանխարգելման գործողությունների հնարավորություն չի ունեցել։
Մենք արձանագրում ենք, որ էդպիսի խնդիր ունեցել ենք, նաև, որպեսզի հետագայում մենք կարողանանք մեր կարողություններն ավելացնել անվտանգության սպառնալիքները գնահատելու մասով, որոշում ենք կայացրել, որ էսպիսի կառույց ստեղծենք: Բայց սա միայն, կարելի է ասել, արտաքին հետախուզության խնդիր չի, սա ընդհանուր հետախուզական համայնքի խնդիր է, որպեսզի անվտանգության բոլոր կառույցները կարողանան շարունակական սպառնալիքների գնահատում կատարել և դրա միջոցով նաև կարողանան կանխարգելիչ գործողությունների առաջարկություններ ներկայացնել»:
Հետաքրքիր է՝ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ԱԽ քարտուղարը պատերազմի վերսկսման ժամկետի հետ կապված հետախուզական տվյալների բացակայության մասին էր ակնարկում, մինչդեռ 2021-ի մարտի 12-ին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասում էր, որ Ադրբեջանը դեռ 2020-ի հուլիսին պիտի Արցախի ուղղությամբ մարտական գործողություններ իրականացներ, սակայն մտափոխվել է:
Այսինքն, ամեն դեպքում հետախուզական որոշակի տվյալներ պատերազմի վերաբերյալ Փաշինյանն ունեցել է, առնվազն 44-օրյա պատերազմից 1 ամիս առաջ, եթե չասենք՝ 2 ամիս: Խնդիրն այստեղ պետության կամ քաղաքական ղեկավարության ստացած տեղեկությունները գործնականում հաշվի առնելու քաղաքական կամքի մեջ է, հատկապես, եթե նկատի ունենանք, որ ՀՀ հետախուզական համակարգը, ըստ Փաշինյանի, 2016-ի պատերազմական գործողությունների հետ կապված լուրջ խնդիրներ չէր արձանագրել: Եթե ենթադրենք անգամ, որ եղել են, ապա ուժային կառույցների գործունեությանը վնաս հասցրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ պիտի ստեղծի աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը: Նույն հաջողությամբ պատերազմից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ բանակի մարտունակության ցուցանիշով զբաղեցնելու ենք առաջատար տեղ երկրների առնվազն առաջին քսանյակում, իսկ թե ինչ ունեցանք և ունենք, կարծում եմ, ավելորդ անգամ պետք չէ մանրամասնել, բավական է հիշեցնենք, որ երկրի ղեկավարը տևական ժամանակ չի կարողանում զենքի խնդիր լուծել, ինչի մասին խորհրդարանում հրապարակավ ինքն է խոստովանել:
Ի դեպ, 44-օրյա պատերազմից առաջ Բաց հասարակությունների հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) կայքում հրապարակվեց ՀՀ վերականգնմանն ուղղված անհրաժեշտ բարեփոխումների հայեցակարգը՝ ճանապարհային քարտեզը, որտեղ խոսվում էր ԱԱԾ-ի ապառազմականացման մասին:
«Ապահովել օրենսդրությամբ և գործնականում, որ Անվտանգության մարմինների գործառույթները սահմանվեն և ծառայեն անվտանգության ապահովման իրենց առաքելությանը:
Սահմանել, թե ԱԱԾ որ մարմինը և որ ստորաբաժանումն է պատասխանատու իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Ապառազմականացնել ԱԱԾ-ն՝ այստեղ զինվորական ծառայությունը փոխարինելով հատուկ քաղաքացիական ծառայությամբ: Օրենսդրության մեջ հստակ սահմանել տեղեկատվության, այդ թվում՝ անձնական տվյալների, պետական և ծառայողական գաղտնիքի, անվտանգությանը վերաբերող տեղեկատվության պահպանման, հասանելիության, և դրա սահմանափակման չափանիշները, հիմքերը և ընթացակարգերը՝ Ցվանե սկզբունքների (Tshwane Principles, 2013) և միջազգային լավագույն պրակտիկայի հիման վրա»,- նշված էր Սորոսի հիմնադրամի մշակած ճանապարհային քարտեզում:
Տրամաբանական հարց է ծագում, եթե նպատակ ունենք ստեղծել արևմտյան չափանիշներին համապատասխանող արտաքին հետախուզական կառույց, առաջնորդվելով, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր վերջերս Կառավարության նիստում հայտարարել՝ «աշխարհում հետախուզական մեթոդները, ձևերը և բանաձևերը զարգանում են», այդ դեպքում ինչո՞ւ ենք, թեկուզ ժամանակավորապես, պահպանում խորհրդային դպրոցի հետախուզական համակարգը: