«Եթե արտաքին հետախուզական մարմինն աշխատի Նիկոլ Փաշինյանի անվտանգության համար, գուցե և արդարացված լինի դրա ստեղծումը». Կարեն Վրթանեսյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում հայտարարել է, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին:

«ՀՀ կառավարությունն ԱԺ-ի մեր քաղաքական թիմի հետ 3 ուղղությամբ լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում: Դրանցից մեկը Ոստիկանության բարեփոխումներն են, մյուսը՝ ՊՆ-ի, ԶՈՒ բարեփոխումները: Այս բարեփոխումների համատեքստում մենք պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին: Եվ անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման համար: Ոստիկանության բարեփոխումներն այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել: Դրա հիմքում դրված է նաև ժողովրդավարական կոնցեպտը»,- նշել է Գրիգորյանը:

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ առաջացավ արտաքին հետախուզական մարմին ստեղծելու անհրաժեշտությունը: Գործող համակարգը պատերազմի օրերին, դրանից առաջ ու այսօր չի՞ կարողանում համապատասխան արձագանք տալ առկա մարտահրավերներին:

«Ենթադրաբար, խոսքն ԱԱԾ կազմում եղած հետախուզական մարմնի մասին է, որն այլ երկրներում զբաղվում է հետախուզական գործունեությամբ: Որքանո՞վ է դա պետք Հայաստանին. հարցը ճիշտ կլիներ քննարկել, եթե գործ ունենայինք նորմալ հայկական իշխանությունների հետ: Մեր դեպքում ունենք մարդկանց խումբ, որոնք Հայաստանում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ, ըստ էության, օր ու գիշեր սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի շահերը՝ սկսած բանավոր պայմանավորվածությամբ Հայաստանի միջպետական ճանապարհն Ադրբեջանին հանձնելուց մինչև այն, որ ՀՀ ԶՈւ-ն, մի քանի ամիս է, Գլխավոր շտաբի պետ չունեն: Այսինքն՝ կարող էի քննարկել այդ նախաձեռնության նպատակահարմարությունը, դրական ու բացասական կողմերը, սակայն դա անիմաստ է, քանի դեռ Հայաստանի շահերը իշխանության կողմից ոչ մի կերպ չեն պաշտպանվում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց նա։

Կարդացեք նաև

Կարեն Վրթանեսյանի խոսքով, կան երկրներ, որտեղ արտաքին հետախուզությունն առանձին մարմին է: Օրինակ, ԱՄՆ-ում կա 17 հետախուզական կառույց, որոնցից ամենամեծը Կենտրոնական հետախուզական վարչությունն է: Հետախուզությունների դաշնային բյուրոն էլ ունի առանձին հետախուզական մարմին:

«Մեր դեպքում դա ևս մեկ կառույց չի լինելու, այն վերցնելու են ԱԱԾ-ից ու ստեղծեն լրիվ նոր բան: Ինչ նոր բան պիտի ստեղծեն, երբ ամեն ինչ քանդել են: Այս մարդիկ ինչ էլ փոխում են, ավելի վատ է լինում: Ո՞րն է նպատակը, կա՞ ցանկություն իսկապես նորմալ հետախուզություն ունենալու, թե՞ ոչ: Եթե այս մարդիկ առաջ են մղում թշնամի երկրների շահերը, արդյո՞ք այդ երկրների շահերից է բխում Հայաստանում ուժեղ հետախուզական մարմին ունենալը: Այս իշխանության ցանկացած գործողություն չեմ կարող քննարկել պրոֆեսիոնալիզմի համատեքստում: Եթե այդ հետախուզական մարմինն աշխատի Նիկոլ Փաշինյանի անձնական անվտանգության համար, գուցե և արդարացված լինի դրա ստեղծումը: Եթե Հայաստանն ունենար նորմալ քաղաքական ղեկավարություն, կարծում եմ՝ ոչ թե մեկ, այլ մի քանի առանձին, իրարից անկախ, իրար մրցակից հետախուզական մարմինների կարիք կլիներ, բայց այսօր դրա նպատակահարմարությունը քննարկելն անիմաստ եմ համարում»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը:

Աննա Դեմիրճյան

 

Տեսանյութեր

Լրահոս