Նիկոլը գնացել է Արագածոտնի մարզ՝ համոզելու, որ դադարե՞ն թուրքին թշնամի տեսնել

Երեկ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ահմեդ Բերաթ Չոնքարը հայտարարել է, թե Անկարան ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Փաշինյանի որոշումը։

«Մենք ճիշտ ենք համարում, երբ ընտրություններն անցկացվում են ազատ, և իշխանությունը փոխվում է՝ ըստ ժողովրդի կամքի: Ինչպես գիտեք, Թուրքիայում հեղաշրջումներ են եղել, վերջին փորձը եղել է 2016-ի հուլիսին: Կառավարությունների բռնի փոփոխությունը երկիրը հետագայում ներքաշում է քաոսի մեջ և լարվածություն ստեղծում ամբողջ տարածաշրջանում: Հայաստանում ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացումը ճիշտ ուղի է»,- ասել է նա:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էր դատապարտել ՀՀ-ում ռազմական հեղաշրջման փորձը, այն բանից հետո, երբ ՀՀ զինված ուժերի գեներալներն ու բարձրաստիճան զինվորականները պահանջել էին Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը:

«Մենք դատապարտում ենք ցանկացած ռազմական հեղաշրջում կամ նման հեղաշրջման փորձ, կարևոր չէ, թե աշխարհի որ երկրում է դա տեղի ունենում։ Մարդիկ իրավունք ունեն քննադատել իրենց երկրի կառավարությանը, պահանջել այդ կառավարության հրաժարականը։ Անընդունելի է, սակայն, երբ զինվորականներն են պահանջում ընտրված կառավարության հրաժարականը: Այնպես որ, մենք դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը»,- նշել էր Չավուշօղլուն։

Դրանից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը փաշինյանական ոճով հաստատել էր․ «Իշխանափոխությունը հայ ժողովրդի իրավունքն է, և ընտրությունը պետք է անեն քաղաքացիները»:

«Նիկոլ Փաշինյանն առանց այդ էլ գտնվում է մի իրավիճակում, երբ ժողովուրդը կարող է հասնել նրա հրաժարականին։ Սակայն, եթե խոսքն անմիջականորեն իշխանության տապալման մասին է, ապա մեր դիրքորոշումը հստակ է՝ դեմ ենք նման քայլին»,- ասել էր Թուրքիայի ղեկավարը:

Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը, արտահերթ ընտրությունների անցկացման Թուրքիայի ողջույնը ձեռքին, Արագածոտնի մարզ «նախընտրական» իր այցի ժամանակ Ներքին Բազմաբերդում հավաքվածներին փորձեց համոզել՝ դադարեք թուրքին թշնամի համարել:

«Մենք այս տարածաշրջանում պետք է ապրենք, բայց այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են՝ որպես թշնամի, և մենք ընկալում ենք՝ որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի, այնքան մեզ են ընկալում՝ որպես թշնամի, շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսվել է»,- շեշտել է նա՝ ըստ էության, մի կողմ թողնելով 1915 թվականին Հայոց ցեղասպանության փաստը, դրանից հետո Ադրբեջանի ձեռքով կատարված ցեղասպանությունները, որոնք թշնամական հարաբերությունների մեկնարկային կետերն են հանդիսացել:

Այնուհետ Նիկոլ Փաշինյանը փորձել է հասկացնել, որ Ադրբեջանին և Թուրքիային պետք է դիտարկել որպես գործընկեր՝ հօգուտ ՀՀ տնտեսության զարգացման: Այլ կերպ՝ ապաշրջափակումից Հայաստանը ևս շահելու է. դա ձեռնտու է Ադրբեջանին, որովհետև այն պետք է կոմունիկացիոն կապ ստանա Նախիջևանի հետ, և ձեռնտու է Հայաստանին, որովհետև պետք է հուսալի երկաթուղային կապ ստանա ՌԴ-ի և Իրանի հետ։

«Ինչ էլ ասեն, կոմունիկացիաների բացման թեման փոխշահավետ թեմա է։ Եթե որևէ մեկը կասի, որ այդ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք։ Եթե որևէ մեկը կասի, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք։ Կոմունիկացիաների բացումը, առավել ևս՝ էս իրավիճակում, ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին,- հայտարարել է Փաշինյանը` հավելելով,– Եթե մեզ հաջողվի բացել երկաթուղային ուղիները, այդ դեպքում կկարողանանք ոչ թե պղինձը հանքաքարի տեսքով արտահանել, այլ ստեղծել պղնձաձուլական արտադրություններ և սրանից բխող հետագա վերամշակման շղթան ապահովել»:

Ուջան համայնքում Փաշինյանը, ըստ էության, ևս մեկ անգամ հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր գործընկերային հարաբերությունները՝ մտահոգություն հայտնելով, որ եթե ինքը հեռանա, ապա ինչ է լինելու եռակողմ հայտարարության «ապագան», հետո՝ թե այդ փաստաթղթի չեղարկումը կհանգեցնի աղետի:

«Այդ փաստաթուղթը, որը մենք ստորագրել ենք՝ շատ ծանր, շատ դաժան, ի՞նչ եք անելու, ճղելո՞ւ եք, գցելո՞ւ եք: Ասում են՝ ոչ, որովհետև դա կլինի աղետ, հետևաբար՝ դրա չստորագրելն էլ կլիներ աղետ, ավելի մեծ աղետ»,- պնդել է Փաշինյանը, ով նախկին իշխանություններին մշտապես մեղադրել է ԼՂ խնդրով վախեցնելու մեթոդով իշխանություն պահելու համար:

Եվ, թերևս, նույն տրամաբանության մեջ է տեղավորվում Նիկոլ Փաշինյանի միտքը, թե «մեր տղաները զոհվեցին նրա համար, որ երբ Ալիևն ասի՝ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք ասենք՝ լուծված չէ»:

Այսինքն, մի քանի հազար մարդու կյանքն ընդամենը խաղաթուղթ է, որ սեփական քաղաքական կամ գործընկերային շահից ելնելով՝ իր համար հարմար պահի Ալիևին պատասխանի:

Հետաքրքիր է՝ ե՞րբ է այդ հարմար պահը գալու, որովհետև Ալիևն արդեն հազար անգամ ասել է՝ Ղարաբաղի հարցը փակված է, բայց Նիկոլ Փաշինյանը չի հակադարձել այնպես, ինչպես չի օգտագործել Ադրբեջանի ներքին իրավիճակը խառնելու՝ իր ձեռքում եղած «զենքը», եթե չասենք, որ այն հակառակ նպատակով օգտագործեց:

Վերադառնալով թշնամական ընկալումներին, հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերին

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Ջոն Բոլթոնը խոսել էր Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից՝ ասելով, որ մեր ժողովրդի համար առավել նախընտրելի է ունենալ լայն հնարավորություններ միջազգային ասպարեզում և չկաշկանդվել պատմական կաղապարներով։ Այն, ինչ 3 տարի փորձում է անել Փաշինյանը և նրա կառավարությունը:

Եվ ցավալին այն է, որ հնարավոր է շարունակի փորձել, որովհետև ՀՀ ժողովուրդը մտածում է, որ Արցախի 75 տոկոսը հանձնելով՝ ինքը փրկվել է, որ եթե իր տղան չի գնում Արցախում ծառայելու, նրա կյանքը փրկվել է, որովհետև ժամանակին ԱԳՆ-ի դիմաց Կազանյան փաստաթղթից բողոքողներից շատերը դարձան նիկոլական, իսկ ՀՀ-ում ադրբեջանական ֆիլմերի փառատոներն արգելողները դուրս չեն գալիս փողոց՝ անհիմն արդարացմամբ, թե 17 կուսակցություններին չեն վստահում, և վերջապես, որովհետև իրենց ընդդիմադիր հռչակած ուժերը հեշտությամբ գործարքի մեջ են մտնում Նիկոլի հետ, իսկ գեներալիտետը չի փորձում ապացուցել նրա դավաճանությունը: Դրա համար նա այսօր հանգիստ հայտարարում է՝ ոչ մի դավաճան քայլ չի արել:

«Մեր արածի մեջ չկա դավաճանություն: Թող մեզ դավաճանության մեջ մեղադրողները առանց աղմուկի, հանգիստ ձևակերպեն, թե ինչում է մեր դավաճանությունը: Թող ձևակերպեն և ժողովրդին համոզեն: Չեն կարողանում համոզել մարդկանց, որ մեր արածի մեջ կա դավաճանություն»,- Ուջանում հայտարարել է Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս