Նիկոլ Փաշինյանի ենթակայությամբ կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագծին։
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգորի Մինասյանն ասաց, որ ներկայացված փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ ՊՆ-ում, թե՛ ԱԱԾ-ում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։ Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով, արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը։
Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի Ազգային անվտանգության ծառայության գործառութային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանի մարտահրավերներին։
Նախագծային դրույթներով սահմանվում են ծառայության լիազորություններում կառուցվածքը, կազմավորման գործունեության ծառայողների ծառայության անցնելու, պաշտոնից ազատելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված այլ հարաբերությունները»,- ասաց Արդարադատության նախարարի տեղակալը։
Մինասյանը միաժամանակ նշեց, որ նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում՝ արտաքին հետախուզության ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից 3 տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները և ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել՝ այս գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը։
Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ աշխարհը դինամիկ ձևով փոխվում է և արտաքին հետախուզական ձևերը ու մեթոդները նույնպես շատ էական փոփոխություններ են ապրում, ուստի շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանա իր կարողությունները տրանսֆորմացնել և զարգացնել ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխան։
«Այդ իմաստով, կարծում եմ, կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ տեսնում ենք՝ աշխարհում հետախուզական մեթոդները, ձևերը և բանաձևերը զարգանում են այնպես, որ նրանք միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ։ Այս առումով որոշում ենք կայացրել, և դա նշված է նաև Հայաստանի՝ մինչև 2050 թվականի վերափոխման ռազմավարության մեջ՝ «Ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա մարմին»։ Իհարկե, սա այն թեմաներից է, որ շատ մանրամասնել չի սիրում, բայց մյուս կողմից էլ՝ բավարար չափով քննարկել ենք, և օրենքի նախագիծն էլ շրջանառվել է․․․»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում