«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել». ինչ կարելի է Փաշինյանին, չի կարելի լրատվամիջոցներին

Հոկտեմբերի 13-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն հետևյալ հարցադրումներով.

1. Ինչն է պատճառը, որ մինչև հիմա ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչությունը ղեկավար չունի:

2. 44-օրյա պատերազմի ընթացքում քանի՞ սպա է զոհվել, եթե հնարավոր է, թույլատրելիի սահմաններում՝ մանրամասնել, օրինակ, քանի գնդապետ, փոխգնդապետ և այլն:

3. Պատերազմից առաջ և հետո քանի զորամաս կամ զորամասային շինություն է 0-ից կառուցվել, այսպես ասած, դասական քարե շինություն:

Կարդացեք նաև

Մոտ մեկ ամիս հետո պաշտպանական գերատեսչությունը պատասխան գրություն է ուղարկել, որտեղ ոչ մի հարցի չեն պատասխանել:

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված Ձեր 13.10.2022-ի հարցմանը՝ հայտնում ենք.

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը 2022-ի հունվարի 19-ին հրապարակել է զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը, ուստի անհրաժեշտ տեղեկատվությունը կարող եք ստանալ investigative.am կայքի էջից:

Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի և ՀՀ կառավարության 13.03.1998 թ. N 173 որոշման ցանկի 3-րդ, 8-րդ կետերի պահանջները՝ մնացած հարցադրումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է»,- նշված է Պաշտպանության նախարարության գրության մեջ:

Փաստորեն այն, որ պատերազմի մեջ գտնվող երկիրը, արդեն մի քանի ամիս է՝ չունի ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ, և այն ղեկավարվում է պաշտոնակատարի մակարդակով, դա չի վտանգում երկրի անվտանգությունը, այդ թվում՝ հակառակորդին ինչ-ինչ ենթադրություններ անելու առիթ տալով, բայց որ պետք է թույլատրելիի սահմանում պատասխանեն, թե ո՞րն է պատճառը, հիշում են պետության անվտանգության մասին:

Բայց այդ նույն ուժային և իրավապահ կառույցներն անտեսեցին, երբ պատերազմի ժամանակ ռազմական պլաններ, ընթացքի մեջ գտնվող օպերացիաներ էին հրապարակվում կամ հանրայնացվում երկրի ղեկավարի, գլխավոր հրամանատարի կողմից: Կամ, երբ հենց Պաշտպանության նախարարությունը ռազմական անգարների լուսանկարներ էր հրապարակում:

Ինչ վերաբերում է վերջին 4 տարիներին 0-ից զորամասերի կառուցմանը, որը նույնպես հրապարակման ենթակա չի համարել պաշտպանական գերատեսչությունը, ապա Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությանը հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության գալով սկսեց հրապարակել բանակի վերաբերյալ տվյալներ, որոնք նախկինում անթույլատրելի էին համարվում, և ինչին քաջատեղյակ էին լրատվամիջոցները:

Օրինակ, Նիկոլ Փաշինյանը մինչև 2020 սեպտեմբերի 27-ին պատերազմի ժամանակ առ ժամանակ կոնկրետ նշում էր, թե քանի զորամասում է սննդի կազմակերպման նոր համակարգը ներդրվել:

Բայց սա դեռ համեմատաբար «անմեղ» փաստ է:

Պատերազմից ամիսներ առաջ՝ 2020 թվականի մայիսի 16-ին Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիսի ընթացքում, երբ հերթական 100 փաստն էր ներկայացնում Նոր Հայաստանի մասին, հրապարակել էր գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություններ:

«Առաջնագծում տեղադրվել են թվով 23 նոր մարտական (կրակային) դիրքեր։ Սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման նոր սարքեր՝ ջերմատեսիլ, ցերեկային և համակցված տեսախցիկներ:

Արդյունաբերական էլեկտրական հոսանքով ապահովվել են 148 մարտական (կրակային) դիրքեր և հենակետ, մշտական ջրով՝ 235, տեղադրվել են արևային էներգիայով սնուցվող 330 վահանակներ: Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով»,- ասուլիսի ժամանակ մանրամասնել էր Փաշինյանը:

Դրանից մեկ շաբաթ առաջ՝ 2021թ մայիսի 5-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարել էր՝ բանակի հետ կապված հրապարակելու է գաղտնիության էլեմենտներ պարունակող տեղեկություն, ընդ որում, ամբիոնի մոտ կանգնած ելույթ ունեցողը տեքստը կարդում էր բջջային հեռախոսից:

«Գաղտնիության էլեմենտներ կան, բայց ես հարկ եմ համարում հրապարակել. «2018-2020 թվականների ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, զինվորների կենցաղի ապահովման կառույցները` 2,7 անգամ, հավաքովի գետնատնակների թիվը՝ 5.9 անգամ: Բացի այս, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանները 55 անգամ են ավելացել, քառաթև հավաքովի գետնատնակները՝ 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակները՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1.3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1.4 անգամ,- գաղտնազերծել էր նա և անցել զինատեսակների թվաքանակի ներկայացմանը,- Հրաձգային զենքերի և մերձամարտի միջոցների թիվն աճել է 1.8 անգամ, հրետանային միջոցներ՝ 7.3 անգամ, օպտիկական սարքեր և սարքավորումներ՝ 3.5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկայի քանակն աճել է 2.3 անգամ, ինքնաթիռային և «Կոպտեր» տեսակի ԱԹՍ-ներ՝ 6.8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ»:

Չթվարկենք այն դեպքերը, երբ Նիկոլ Փաշինյանը գաղտնիություն պարունակող տեղեկություններ է հրապարակել ու հայտարարություններ է արել Զինված ուժերի ռազմական տեխնիկայի վիճակի, զինվածության մակարդակի մասին:

Ի դեպ, պատերազմից ամիսներ առաջ էլ՝ 2020թ. մարտի 19-ին Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ տեղեկություններ էր հայտնել նաև երկրի պարենային ապահովվածության վերաբերյալ, որը ամբողջ աշխարհում պետական գաղտնիք համարվող տեղեկություն է.

«Սննդի բավականին լավ պաշարներ ունենք. շաքարավազ` 201 օրվա, սա՝ երեկ չէ առաջին օրվա դրությամբ, հավի միս` 64 օրվա, ձեթի 38 օրվա պաշար ունենք: Բայց միևնույն ժամանակ՝ իմ ձեռքի տակ տեղեկանք կա, որ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում` 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, և այդպես շարունակ` արևածաղկի, դդմի սերմ, սառեցված միս, նույնիսկ` կարտոֆիլ: Լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով` բենզինով և դիզելային վառելիքով: Եվ հիմա ներմուծվում է»,- մանրամասնել էր նա:

Հիմա հարց՝ ո՞ր տեղեկություններն են վտանգավոր երկրի, զինված ուժերի անվտանգության համար և որո՞նք են պետական գաղտնիքի մասին օրենքի խախտում՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակածնե՞րը, թե՞ մեր հարցերից մեկի հնարավոր պատասխանը, օրինակ, եթե ասվեր՝ 4 տարում 1 կամ 4 զորամաս է կառուցվել: Ադրբեջանի ոչ ժողովրդավար ղեկավարությունն անընդհատ կառուցվող զորամասերի մասին տեղեկություններ է տալիս՝ նշելով նաև դրանց տեղակայման վայրերը, որոնք, երբեմն, վերաբացվում են 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած հայկական զորամասերի վայրերում:

ՀՀ Պաշտպանության նախարարության կոնկրետ այս հարցին չպատասխանելը ենթադրության տեղիք է տալիս՝ գուցե 0-ից ոչ մի զորամաս՝ դասական քարե շինություն չի՞ կառուցվել, և այն, ինչ որ կար Արցախում, այն, ինչ գործում է ՀՀ ԶՈՒ ենթակայության տակ, նախկինների՞ց էր մնացել:

Լրատվամիջոցի հարցման նպատակը բանակի և երկրի անվտանգությունը վնասելը չէ, և շատ լավ իրազեկված ենք, թե ինչ է պետական գաղտնիքը, և տարածվող որ տեղեկությունը պետք է լինի խիստ սահմանափակ, ուստի այդ հարցում որևէ խնդիր չենք տեսնում, բայց եթե դա արվում է օրենքի շրջանակում, և ոչ կամայական, կամ կողմնակալ:

Ինչ է ստացվում՝ երկրի ղեկավարը, գերագույն հրամանատարը պետական գաղտնիքի մասին օրենք կարո՞ղ է խախտել, և որը կարող է անտեսվել…

Անդրադառնալով զոհված սպաների թվաքանակի վերաբերյալ հարցին և ՊՆ-ից մեզ փոխանցված պատասխանին, ապա նախ նշենք, որ 44-օրյա պատերազմից հետո նմանօրինակ հարցադրման նպատակն էր կոտրել հանրության մի շրջանակում տարածված այն տպավորությունը, որն ընդհանրացվել է 2-3 դեպքի հիման վրա, թե հրամանատարները համատարած փախել են՝ զինվորին մենակ թողնելով կռվի դաշտում:

Իսկ ինչ է անում Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը, ցույց է տալիս Քննչական կոմիտեի «դռան տեղը»:

Թերևս, նման հակիրճ ու խուսափողական պատասխան տալու համար 5 օրն էլ բավարար էր կամ գուցե հարցի էությունն այլ կերպ են ընկալել, այլապես ինչպես հասկանալ՝ ՔԿ-ին հղում տալը, որտեղ ընդհանուր թիվ է նշվում:

Ավելին, Պաշտպանության նախարարությունում փաստորեն տեղյակ չեն, որ ՔԿ-ն 2022-ի հունվարի 19-ից հետո էլ է ընդհանուր ցուցակ հրապարակել:

Ինչ վերաբերում է՝ զոհվածների թվից սպաների թիվն առանձնացնել-չառանձնացնելու թույլատրելիության հարցին, ապա տեղեկացնենք, որ Զինծառայողների ապահովության հիմնադրամի կայքում տեղադրված ցուցակում ընդգրկված զոհված անձանց անվան կողքին գրվում է նրա ով լինելը՝ ժամկետային զինվոր, կամավոր, պահեստազորային շարքային, ենթասպա, սպայական անձնակազմ:

«Ձեզ բացակա չենք դնի» տեսահոլովակներում նույնպես տեղեկություն կա, թե ով է զոհվածը, ավելին, սպայական կոչումն է նշվում, ի դեպ, «Զինուժն» էլ իր ռեպորտաժներում պատերազմում զոհված սպաներին անդրադառնալիս նշում է կոչումները:

Գուցե Պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը շահագրգի՞ռ չէ, որ փաստերով հերքվեն քաղաքական պնդումները, թե հրամանատարները համատարած լքել են մարտի դաշտը, թե՞ այլ պատճառ կա:

Տեսանյութեր

Լրահոս