Բանաձևերը թեև պարտադիր իրավաբանական ուժ չունեն, սակայն քաղաքական նախադեպի առումով չափազանց կարևոր են. Միջազգայնագետ

Ֆրանսիայի խորհրդարանի Ստորին պալատը նոյեմբերի 30-ին ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին նման բանաձև էր ընդունել խորհրդարանի Վերին պալատը

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ՝ Ֆրանսիայի խորհրդարանի պալատների Հայաստանին աջակցող բանաձևերը թեև պարտադիր իրավաբանական ուժ չունեն, սակայն քաղաքական նախադեպի առումով չափազանց կարևոր են:

«Սա մի կողմից՝ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, մյուս կողմից՝ Գործադիր իշխանության վրա՝ պահանջելով գնալ հստակ հայտարարությունների և գործողությունների:

Կարդացեք նաև

Բնականաբար, սա համաձայնեցված գործընթաց է քաղաքական կուսակցությունների և քաղաքական ղեկավարության միջև: Իհարկե, գործադիրը փորձում է հնարավորինս չեզոքություն պահպանել, որովհետև Ֆրանսիան դե յուրե շարունակում է լինել ՄԽ համանախագահ պետություն, բայց, միևնույն ժամանակ, Ադրբեջանում շատ լավ հասկանում են՝ եթե չլիներ իշխանության համապատասխան դիրքավորումը, ապա նման բանաձևեր ուղղակի չէին ընդունվի՝ այն էլ միաձայն»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց միջազգայնագետը:

Սուրեն Սարգսյանն այս գործընթացը համարում է ինչպես՝ Ադրբեջանին ուղղված մեսիջ, այնպես էլ՝ միջազգային հանրությանը՝ նկատելով, որ սա նախադեպ կարող է լինել այլ պետությունների օրենսդիր մարմինների համար:

Հիշեցնենք, որ ի թիվս այլ դրույթների՝ բանաձևը կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք, իսկ կառավարությանը՝ շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը), առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում, ինչպես նաև՝ Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը:

Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։

Նկատենք, սակայն, որ ավելի ուշ լրատվամիջոցներում տեղեկություն հրապարակվեց, որ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, թե՝  «Խորհրդարանականների այս նախաձեռնությունը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ընդունվել է միանգամայն անկախ՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի»:

Տեսանյութեր

Լրահոս