
Խորհրդարանի բանաձևերը Փարիզի պաշտոնական դիրքորոշումը չեն. Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, չի արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը։ Այս մասին երեկ լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: «Խորհրդարանականների այս նախաձեռնությունը Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չէ և ընդունվել է միանգամայն անկախ՝ համաձայն իշխանությունների տարանջատման սկզբունքի»,-ասել Է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը հայտնի է։ Նա հիշեցրել է ԱԳ նախարար Կատրին Կոլոնի հայտարարություններն այն մասին, որ Ֆրանսիան շարունակելու է կողմերին հորդորել՝ առաջ շարժվել բանակցություններում, որպեսզի օգտվի խաղաղության հասնելու հնարավորությունից. «Հենց այս ոգով էր, որ հանրապետության նախագահը Պրահայում անցկացրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը, մասնավորապես, հանգեցրեց Հայաստանի տարածքում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը»: