Պատերազմի ժամանակ Զատուլինն Աննա Հակոբյանի համար ՄԱՐԴ էր, իսկ հիմա իրենց ընտանիքի համար՝ անցանկալի անձ

Այսօր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակը» գրեց, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, և Զատուլինն այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։

Զատուլինը փաստացի համալրեց վերջին ժամանակներս Հայաստանում անցանկալի անձ հայտարարված հայամետ, իրենց հայանպաստ գործողություններով հայտնի անձանց ցանկը:

Ամիսներ առաջ Հայաստան ժամանած Մուրադ Փափազյանին թույլ չտվեցին օդանավակայանի տարածքից ոտք դնել երկիր: Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահն է, ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի նվիրյալ, ով սուր քննադատության էր ենթարկում Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը:

Ֆրանսահայ Մուրադ Փափազյանից հետո Հայաստան մտնել արգելվեց ՀՅԴ Հայ Դատի Նիդեռլանդների հանձնախմբի ատենապետ Մասիս Աբրահամյանին և վերջինիս դստերը՝ Սյունե Աբրահամյանին:

Կարդացեք նաև

Հերթը փաստորեն Կոնստանտին Զատուլինինն էր, ով ամենօրյա ռեժիմով ռուսական առաջատար լրատվամիջոցներում ու հեռուստաալիքներում պաշտպանում էր հայկական շահը:

Տառացիորեն օրեր առաջ ռուսական РОССИЯ 1 հեռուստաալիքի եթերում Կոնստանտին Զատուլինը «փակեց» ադրբեջանական լոբբիստ Իգոր Կորոտչենկոյի բերանը:

Ուշագրավ է, որ կայքը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հիշեցրել էր, որ «իր հրապարակային հարցազրույցներում Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար»:

Այս մանկամիտ ձևակերպումն արդեն իսկ ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի անձնական շարժառիթներն ու Զատուլինի մուտքը Հայաստան սեփական սնանկության դրսևորումներով հիմնավորումը: Հայաստանի բնակչության առնվազն կեսը Փաշինյանին մեղադրում է պատերազմում կրած պարտության համար. ի՞նչ է, նրանց նո՞ւյնպես սպառնում է Զատուլինի ճակատագիրը:

Ի դեպ, Կոնստանտին Զատուլինն անցանկալի անձ է նաև Ադրբեջանում, միայն թե Ադրբեջանը նրան «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Արցախ այցի համար:

Մի ուշագրավ հանգամանք ևս:

Պատերազմի ամենաահազարհուր օրերին՝ հոկտեմբերի 14-ին, երբ արդեն հանձնված էին Ջրականն ու Հադրութը, Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Կոնստանտին Զատուլինի հերթական հայանպաստ հարցազրույցի սքրինշոթը, որում վերջինս ասել էր, որ անձամբ ինքը վաղուց է ճանաչել Արցախի Հանրապետությունը, և հայերեն ու անգլերեն լեզուներով գրել՝ «ՄԱՐԴ մնացած ՄԱՐԴԸ»: Գրառումն ուղեկցված էր սրտիկ սթիքերով ու Հայաստանի ու Ռուսաստանի դրոշներով:

Հիմա արդեն Կոնստանտին Զատուլինն անցանկալի անձ է Հայաստանում, որովհետև քննադատում է Փաշինյանի ռեժիմը:

Տեսանյութեր

Լրահոս