ԱԱԾ-ն՝ Մուրադ Փափազյանին վերաբերող որոշման մասին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը հուլիսի 13-ի երեկոյան ժամանել էր Երևան, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ նրա մուտքն արգելել էին:
Ցայսօր ՀՀ ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն հրաժարվում էին մեկնաբանություններ տալ այս աղմկահարույց որոշման վերաբերյալ և միայն այսօր եղավ պաշտոնական պարզաբանում վարչապետի աշխատակազմի կողմից. պարզվեց՝ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է 2021թ․ հունիսի 1–ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության դեմ կազմակերպված ակցիայի համար՝ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի «գ» և «զ» կետերի հիմքով:
«Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Փաշինյանի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում»,- նշված է կառավարության պարզաբանման մեջ:
168.am-ը կապ հաստատեց Ազգային Անվտանգության ծառայության լրատվական բաժին՝ տեղեկանալու՝ արդյո՞ք ԱԱԾ-ն հաստատում է վարչապետի աշխատակազմի տարածած պարզաբանումը, ի պատասխան՝ ԱԱԾ-ից տեղեկացրին. «Ինչ որ կա պաշտոնական հաղորդագրությամբ, ղեկավարվում ենք դրանով. դրանից ավել ինֆորմացիա չենք կարող տալ»:
Դիտարկմանը, թե Մուրադ Փափազյանը պաշտոնական հաղորդագրության մեջ նշված ամսաթվից՝ 2021 թ. հունիսի 1-ից հետո պարբերաբար եղել է Հայաստանում, ինչո՞ւ է նրա՝ ՀՀ մուտքն արգելող որոշումը կայացվել հուլիսի 13-ի այցի ժամանակ միայն, ԱԱԾ աշխատակիցն արձագանքեց՝ այդ հարցերին բանավոր չեն կարող պատասխանել:
168.am-ը գրավոր հարցում ուղղեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով.
«1. Հաշվի առնելով հանգամանքը, որ Մուրադ Փափազյանը նախորդ տարվա հունիսի 1-ից հետո պարբերաբար այցերով եղել է Հայաստանում, խնդրում ենք տեղեկացնել, թե ինչո՞ւ հենց այս այցի ժամանակ կայացվեց նրա մուտքն արգելող որոշումը:
2. Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նշվում է, որ նա «ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկն է»: Խնդրում ենք հայտնել՝ ովքե՞ր են մյուս անձինք՝ ըստ ԱԱԾ-ի:
3. Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց գերատեսչությունը կողմ չէ Ազգային անվտանգության ծառայության՝ սփյուռքահայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգը խստացնող փոփոխություններին, ապա հավելել, որ իրենց դիրքորոշումը հայտնի են դարձրել. ԱԱԾ-ում քննարկվե՞լ է Զարեհ Սինանյանի դիրքորոշումը:
4. Ինչո՞վ է պայմանավորված ԱԱԾ-ի կողմից հիշյալ նախագծի առաջարկումը»:
Պատասխանները ստանալուն պես՝ կհրապարակենք: