«Գործակալները վխտում են Հայաստանում. իրականացվում է «Տապան» օպերացիան». Հարութ Արթին Առաքելյան
Ադրբեջանում Իրանի կողմից հովանավորվող «Հոսեյնիուն» կոչված իսլամական դիմադրություն շարժումը բավականին ուշագրավ հրապարակում է կատարել՝ ընդգծելով, որ Ալիևն ու Փաշինյանն ամերիկյան մեծ խաղի (Գոբլ 3 և ՆԱՏՕ), ռուսական (Մեծ Խորհրդային Միության վերածնունդ), անգլիական (Մեծ Թուրան), թուրքական (թաքֆիրներ և օսմանյան վերածնունդ) և սիոնիստական (տարբեր ծածկույթներով մշտական ներկայություն Իրանի սահմաններում) գլուխկոտրուկի մասնիկներն են:
Հրապարակման մեջ նաև ընդգծվում է, որ Իմամ Խամենեին վերջին երկու տարվա ընթացքում սահմանել է Իսլամական Հանրապետության պարտավորությունը և դիմադրության առանցքը Զանգեզուրի հարցում, նշել է համակարգի կարմիր գծերը։ Ըստ հրապարակման՝ թշնամին լավ գիտի, որ չի կարող այդ գործողությունն ավարտին հասցնել՝ Հայաստանի տարածքը գրավելով, և եթե նա նման սխալ թույլ տա, ապա կկանգնի Իսլամական հեղափոխության կոշտ ուժի առջև:
«Այդ իսկ պատճառով թշնամիները փորձում են իրավական ճանապարհով լուծել այս հարցը Հայաստանի հետ և այս պահին դիվանագիտության ճնշման և գերակայության լծակի համար օրակարգ են դնում ռազմական օկուպացիայի հարցը՝ նշված ծրագրերին համապատասխան»,- ասված է «Հոսեյնիուն»-ի հրապարակման մեջ:
Այս հրապարակումը դավադրության տեսություն չի՞ հիշեցնում, թե՞ իսկապես այս բոլոր ուժերի շահերը հակադրվում են Իրանի, նաև՝ Հայաստանի շահերին, և ի՞նչ քայլերի կարող է դիմել Իրանը, եթե Հայաստանը որոշի Սյունիքով միջանցք տալ Ադրբեջանին:
Այս հարցերի շուրջ 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում զրուցեցինք իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանի հետ:
«Իրանի քաղաքական համակարգն այնպիսին է, որ եթե երկրի առաջնորդն ինչ-որ հայտարարություն է անում, դա պետական խնդիր է, այդ պետության կարմիր գծերն է ցույց տալիս: Թեհրանում Խամենեին թե՛ Էրդողանի, թե՛ Պուտինի հետ հանդիպմանը մատնանշեց, որ Հայաստանի հետ սահմանը հազարամյակների սահման է և պետական կարմիր գիծ է համարվում:
Եթե մեր հարևանը խոսում է մեր երկրի սահմանի մասին, որ՝ չտան, դա նաև նշանակում է, որ այդ խոսքը վերաբերում է Հայաստանին: Բայց մինչ այդ թեման ռազմական էսկալացիայի մասին էր, ու Իրանը զգուշացնում էր, որ ռազմական մուտք չլինի, եթե լինի, հակադարձելու են:
Բայց արդեն «Հոսեյնիուն»-ի հայտարարությունը զգուշացում էր Հայաստանին, որ՝ իրավական ճանապարհով չգնաք նման քայլի, որ մեր և ձեր սահմանները նվիրեք թուրքերին, որովհետև դրանից հետո Իրանը՝ որպես երրորդ կողմ, չի կարող դա բողոքարկել: Եթե մենք այդ սուվերենությունը տանք թուրքերին կամ Ադրբեջանին, կորցնելու ենք Իրանի հետ սահմանը, և Իրանի համար դա շատ լուրջ անվտանգային խնդիրներ է ստեղծելու, դրա համար Իրանն անդադար դրա մասին խոսում է: Եթե խոսում է, ուրեմն՝ ինչ-որ գործընթաց կա, որը կարող է՝ մեր հասարակությունից թաքուն է արվում, բայց ի վերջո, պետություններն իրենց անվտանգային գործակալություններով կարողանում են ինֆորմացիաներ ստանալ»,- ասաց նա:
Իրանագետը շեշտեց, որ «Ալիևն ու Փաշինյանը մեծ խաղի մասնիկներ են» ձևակերպումն իրականությունն է արտացոլում. «Եթե մենք նայենք, թե 2018թ. հետո Հայաստանում ինչ գործընթաց է տեղի ունենում… և այն ժամանակ անգամ Հայաստանում խելամիտ վերլուծաբաններն ասում էին, որ սա մի ծրագիր է, որով մեր երկրում թուրքական խաղ է գնալու: Այդ թուրքական խաղում շատ բնական է, որ Թուրքիային հակադրվող չլինի, պետք է պասերով խաղալ լինի: Անգամ նախքան պատերազմը Փաշինյանն ու Ալիևը պասերով խաղում էին: Այդ պասերով խաղերն անընդհատ շարունակվում են, ասում են՝ ռազմական էսկալացիայի վտանգ կա, այս գյուղը պետք է դատարկենք, ավելի շուտ պետք է անենք, և այդ ամբողջը պասերով արվում է:
Այդ նույն խաղն է գնում, եթե դրան գումարում ենք Իսրայելի նպատակները տարածաշրջանում, Իսրայելի գործակալական ցանցի ներթափանցումը թե՛ Հայաստան, թե՛ Ադրբեջան՝ խորհրդականների մակարդակով, նարատիվներ ձևավորողներ, որոնք հիմնականում տանում են սիոնիստական գիծը»:
Նա շեշտեց՝ Հայաստանում վխտում են տարբեր տեսակի գործակալները.
«Անգամ արևմտամետ կոչված գործակալական ցանցերը հիմա ռուս արևմտամետների օգնությամբ, ասենք՝ Խոդորկովսկու միջոցով, նաև Հայաստանում ցանցեր ունեն, Հայաստանում աշխատում են, գրասենյակ ունեն թե՛ Երևանում, թե՛ Ստամբուլում: Այդ օպերացիան կոչվում է «Տապան», որքանով որ բացահայտվել է: Ամեն դեպքում, այդ գործակալական ցանցերը՝ լինեն հակառուսական, պրոուկրաինական, Ուկրաինայի անկախություն տոնող, բոլորը մտնում են այնտեղ: Հայաստանում կան նաև Հյուսիսային Կովկասի անջատողական նկրտումներ ունեցող պարագլուխներ, որ ինչ-որ արևմտամետ կուսակցությունների հետ աշխատում են: Կա իսրայելական ցանցը, որոնց մուտքը 2018 թվականից հետո շատ ուժեղացավ՝ հիմնականում խորհրդականների մակարդակով, որոնք սխալ նարատիվներ էին ձևավորում, որն ի շահ Հայաստանի չէր»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում