Հարցեր, որոնք այդպես էլ չեն հնչելու

Ազգային ժողովի հանձնաժողովներում ընթանում են անցած տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկումները։ Քննարկումներին, եթե, իհարկե, դրանք կարելի է քննարկում անվանել, մասնակցում են բացառապես իշխող խմբակցության պատգամավորները։ Ընդդիմությունը, մեկ ամսից ավելի է, ինչ խորհրդարանում չէ, չի մասնակցում նաև բյուջեի կատարման քննարկումներին։ Ու դա լավ առիթ է իշխանությունների համար՝ տպավորություն ստեղծելու, թե փայլուն արդյունքների են հասել։

Թեև կառավարությունը հերթական անգամ ձախողել է բյուջեի կատարողականը. թերակատարել է բյուջեի ինչպես՝ եկամուտների, այնպես էլ՝ ծախսերի ծրագիրը։

Չի կարողացել վերականգնել նաև տնտեսության կորուստները, որոնք ունեցանք նախորդ տարվա ընթացքում։ Մինչդեռ, շատ երկրներ արդեն անցած տարի ոչ միայն հետ բերեցին կորուստները, այլև մտան զարգացման փուլ։

Նախորդ տարվա 7,4 տոկոս անկումից հետո, 2021թ. Հայաստանում արձանագրվեց 5,7 տոկոս տնտեսական աճ՝ 1,7 տոկոսային կետով ավելի ցածր, քան եղել էր անցած տարվա անկումը։

Այն պարագայում, երբ հերթական անգամ կառավարությունը գնաց մեծ քանակությամբ վարկային միջոցներ ներգրավելու ճանապարհով։ Պետական պարտքն ավելացրեց ևս 1 մլրդ 257 մլն դոլարով՝ հասցնելով 9 մլրդ 226 մլն դոլարի։ Ընդ որում, դա արեց հիմնականում թանկ փողերի հաշվին։

Անցած տարվա ընթացքում կառավարությունը պետական պարտքը համալրեց գրեթե 16 տոկոսով։

Բայց նույնիսկ այդ պայմաններում մեր տնտեսությունը չվերականգնվեց, ինչը խոսում է կառավարության իրականացրած տնտեսական ու բյուջետային քաղաքականության անարդյունավետության մասին։

Բյուջեի կատարումը, բնականաբար, ինքնանպատակ չէ, և այն ունի՝ ինչպես զուտ տնտեսական, այնպես էլ՝ հատկապես սոցիալական նշանակություն։

Տնտեսության մասով կառավարության «ձեռքբերումներն» ակնհայտ են։

Հիմա տեսնենք, թե ի՞նչ է շահել մեր հասարակությունն անցած տարվա բյուջեի կատարողականի արդյունքում։

Տարին, ինչպես հայտնի է, առանձնացավ բարձր գնաճով, ինչը բյուջեի եկամուտների ապահովման առումով, անշուշտ, ունեցավ դրական նշանակություն։ Տարբեր գնահատումներով, գնաճի արդյունքում բյուջեի եկամուտներն ավելացել են 3,5-4 տոկոսով։ Բայց դա տեղի է ունեցել սպառողների գրպանի հաշվին։

Գնաճի հաշվին բյուջեն համալրվել է, իսկ սպառողներն աղքատացել են։

Տասներկուամսյա գնաճն անցած տարի Հայաստանում հասավ 7,7 տոկոսի՝ 2,2 տոկոսային կետով ավելի բարձր, քան նախատեսված թիրախային ցուցանիշի վերին սահմանն է։ Սննդամթերքի գնաճն ավելի բարձր էր և գերազանցեց 13 տոկոսը։

Ի՞նչ է արել կառավարությունը մարդկանց գնաճից պաշտպանելու ու նրանց սոցիալական խնդիրները մեղմելու ուղղությամբ։

Ո՛չ աշխատավարձ է բարձրացրել, և ո՛չ էլ թոշակ ու նպաստ։ Սոցիալական իրավիճակը երկրում ավելի է սրվել՝ բարձր գնաճի ու հասարակության հիմնական մասի եկամուտների չավելացման կամ դանդաղ աճի հետևանքով։

Խորացել է ոչ միայն աղքատությունը, այլև սոցիալական բևեռացումը։ Հարուստներն ավելի են հարստացել, աղքատները՝ աղքատացել։

Աղքատության մակարդակի վերաբերյալ անցած տարվա ցուցանիշները դեռ չկան, բայց հնչող գնահատականները, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից, խիստ մտահոգիչ են՝  կապված աղքատության խորացման հետ։ Եթե իրականանան այդ գնահատականները, ապա կունենանք աղքատության այնպիսի բարձր մակարդակ, ինչպիսին չունեինք անգամ իշխանափոխությունից առաջ։  Աղքատության վերաբերյալ պաշտոնական ցուցանիշները կլինեն այս տարվա վերջին, և դրանում կհամոզվենք։

Հիշեցնենք, որ 2020թ. տվյալներով ևս աղքատությունը մեր երկրում խորացել է։

Ահա սա է իշխանությունների իրականացրած բյուջետային ու տնտեսական քաղաքականության արդյունքը։ Այդ քաղաքականությունը բերել է նրան, որ մեր երկրում աղքատությունը մի բան էլ խորացել է։ Չնայած իշխանությունների հայտարարություններին, հասարակության հիմնական մասի եկամուտները շատ ավելի դանդաղ են ավելանում, քան նրանք կրում են գնաճի իրական ազդեցությունը։ 7,7 տոկոսանոց գնաճի պայմաններում բազմաթիվ են այն առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնց թանկացումների տեմպն անգամներով ավելի բարձր է։

Կառավարության աշխատանքի «արդյունավետության» ու «ձեռքբերումների» մասին է խոսում նաև այն, որ մեր երկիրը մեծ տեմպերով դատարկվում է։

Անցած տարի երկրից հեռացավ ու չվերադարձավ ավելի քան 73 հազար քաղաքացի։

Նման ահռելի արտագաղթի տեմպ վերջին տարիներին երբևէ չէր եղել։

Ու վատն այն է, որ այս տարի էլ այն շարունակվում է։ Միայն տարեսկզբի առաջին 3 ամիսներին երկրից գնացել և չի վերադարձել 8 հազարից ավելի քաղաքացի։

Անկախ նրանից, թե ինչով է պայմանավորված արտագաղթը, դրա պատճառները թաքնված են, առաջին հերթին՝ իշխանությունների իրականացրած քաղաքականության մեջ։ Ամենաշատը մարդիկ հեռանում են այն պատճառով, որ ապագա չեն տեսնում այդ քաղաքականության մեջ։

Պակաս դեր չունեն նաև սոցիալական խնդիրները։ Իշխանությունները գրեթե ոչինչ չեն անում մարդկանց սոցիալական կարիքները բավարարելու համար։

Ժամանակին ներառական տնտեսական աճից էին խոսում, որի արդյունքները պետք է զգային բոլորը։ Բայց այսօր տնտեսության մեջ ձևավորվող եկամուտները հասարակության մեծամասնությանը պարզապես անհասանելի է։ Դրա պատճառն իշխանությունների կողմից իրականացվող սոցիալական քաղաքականությունն է և ձևավորվող եկամուտների անհամաչափ բաշխումը։

Այսքանից հետո ինչ էլ ասի կառավարությունը, ինչ ձեռքբերումներ ու հաջողություններ էլ ներկայացնի, դրանք լինելու են դատարկ խոսակցություններ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս