ԱԽ քարտուղարը նշել է ԳՇ պետ չունենալու գլխավոր պատճառը

2022թ. փետրվարի 24-ից Հայաստանը ԶՈՒ Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ չունի, երբ այդ պաշտոնից ազատեցին Արտակ Դավթյանին: Գրեթե նույնքան ժամանակ՝ փետրվարի 18-ից, թափուր է նաև ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը:

Միգուցե պաշտպանության նախարարությունն այս փաստերը չի՞ համարում բանակի հեղինակությանը վնասող, բայց դրանք ոչ միայն հարվածում են բանակի վարկանիշին, այլև երկրի անվտանգությանը:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ով էլ ղեկավարի բանակի, այսպես ասած, ռազմական մասը, երկրի անվտանգության ամրապնդման հարցում, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվելու:

Ամեն դեպքում, պատերազմի մեջ գտնվող երկրում ԳՇ-ն չի կարող 3 ամիս առանց ղեկավարի մնալ, իսկ խնդիրն այն է, որ այս 3 ամիսը կարող է դառնալ 6 ամիս, նույնիսկ՝ ավելին:

«Սիվիլնեթի» հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, թե չգիտի՝ ե՞րբ Հայաստանը կունենա ԳՇ պետ:

Իսկ պատճառն այն չէ, որ չկան կադրեր, արժանավոր գեներալներ:

«Դա գալիս է մեր ունեցած վերջին 4 տարվա փորձից, ինչը մեզ համար որոշակի դժվարություններ է ստեղծել: Խնդիրը նրա մեջ չէ, որ չունենք արժանավոր գեներալ: Դրանք այլ հարցեր են: Մի քիչ դժվար է բանակի և անվտանգության վերաբերյալ նմանատիպ հարցերը հրապարակային քննարկել»,- նշել է Արմեն Գրիգորյանը:

168.amանդրադարձել է Փաշինյանի օրոք փոխված ԳՇ պետերի քանակին, հրամանագրային և ոչ հրամանագրային պատճառներին:

Իսկ դիտարկմանը՝ չունե՞նք այնպիսի գեներալ, բարձրաստիճան սպա, որը համահունչ լինի իշխանությունների՝ բանակի բարեփոխումների քաղաքական պատվերին, ԱԽ քարտուղարը պատասխանել է .

«Անհրաժեշտ են այդպիսի կարողություններ, կառավարման կարողություններ, բազմաթիվ խնդիրներ կան, նաև՝ անհրաժեշտություն կա համոզված լինելու, որ որպես ԳՇ պետ՝ բարեփոխումների այս փուլը երկարաժամկետ կկարողանա մեկ մարդ իրականացնել, որը նախատեսված է առնվազն մինչև 2026 թվականը, որ կարողանանք արդյունավետ աշխատել»:

Միաժամանակ, Արմեն Գրիգորյանն ասել է, որ մինչ այս ԳՇ-ն՝ ի դեմս պետի, ներգրավված է եղել բանակի բարեփոխումների առարկայական գործընթացում և որոշակի ներդրում ունեցել:

168.am-ի տեղեկություններով, Արտակ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնում, իրապես, ակտիվ մասնակցություն ունեցել է Փաշինյանի իշխանության սկսած բանակի «բարեփոխումների» մշակման աշխատանքներում:

ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում նշվում է, որ Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների մեկնարկած լայնածավալ գործընթացը բաղկացած է և՛ կառուցվածքային, և՛ բովանդակային փոփոխություններից: Այսինքն, ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն կփոխվի:

Այն է՝ կառավարությունը ձգտելու է զինծառայության ժամկետների կրճատմանը՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի։

Արտակ Դավթյանն ինքն է մի քանի անգամ այս մասին խոսել. «Կարծում եմ, որ ժամկետային ծառայությունը պետք է պահպանվի։ Ուրիշ հարց է, որ քննարկում ենք ժամկետների կրճատման հարցը, և այլն»:

Անդրադառնալով ԳՇ պետ չունենալու՝ Արմեն Գրիգորյանի նախանշած պատճառին, ստացվում է, որ այս պահին գեներալները չեն ցանկանում իրենց վրա պատասխանատվություն վերցնել՝ առաջ տանելու Փաշինյանի՝ բանակի մշուշոտ կամ ոչ մշուշոտ տեսլականը, որը նաև պատերազմից հետո արտաքին գործոնների ակտիվացման կամ գլխավոր խաղացողների թելադրանքի տրամաբանության մեջ է:

Սա վկայում է նաև այն, որ զինված ուժերում Նիկոլ Փաշինյանին անվերապահ չեն վստահում:

Ինչ վերաբերում է պատերազմի մեջ գտնվող երկրում ամիսներ շարունակ ռազմական հետախուզության պետ չունենալուն, ապա կարելի է ասել, որ գործնականում 2020-ի պատերազմից դասեր չենք քաղել: Իսկ այն ժամանակ դեռ այս պաշտոնը թափուր էլ չէր:

2021թ օգոստոսի 29-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ Արտաքին հետախուզական ծառայություն Հայաստանը մինչ այսօր էլ ունեցել է, որը գործել է ԱԱԾ կառույցի ներսում։

Հակադարձմանը՝ հետաքրքիր է, որ եթե կար նման ծառայություն, ինչո՞ւ ժամանակին չենք զգուշացրել, որ, ենթադրենք՝ պատերազմ կարող է սկսվել սեպտեմբերի վերջին, ունեցե՞լ ենք նման հետախուզական վերլուծություն, Արմեն Գրիգորյանը պատասխանել էր.

«Միացյալ Նահանգները, ունենալով աշխարհի հզորագույն հետախուզական ծառայություններից մեկը, 2001թ. սեպտեմբերի 11-ի մասին հստակ ինֆորմացիա և կանխարգելման գործողությունների հնարավորություն չի ունեցել։ Մենք արձանագրում ենք, որ էդպիսի խնդիր ունեցել ենք, նաև որպեսզի հետագայում մենք կարողանանք մեր կարողություններն ավելացնել անվտանգության սպառնալիքները գնահատելու մասով, որոշում ենք կայացրել, որ էսպիսի կառույց ստեղծենք: Բայց սա միայն, կարելի է ասել, արտաքին հետախուզության խնդիր չի, սա ընդհանուր հետախուզական համայնքի խնդիր է, որպեսզի անվտանգության բոլոր կառույցները կարողանան շարունակական սպառնալիքների գնահատում կատարել և դրա միջոցով նաև կարողանան կանխարգելիչ գործողությունների առաջարկություններ ներկայացնել»:

2021-ի մարտի 12-ին նույն լրատվամիջոցի հետ զրույցում ՀՀ ԱԽ քարտուղարն ասել էր՝ Ադրբեջանը դեռ 2020-ի հուլիսին պիտի Արցախի ուղղությամբ մարտական գործողություններ իրականացներ, սակայն մտափոխվել է:

«Հուլիսյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը նպատակ է ունեցել միանգամից ռազմական գործողությունները տեղափոխել Արցախի շփման գիծ, բայց հետագայում հրաժարվել է այդ մտքից և այդ գործողություններին չի դիմել: Այս անգամ ինչի են կարողացել դա անել, դա հավելյալ Թուրքիայի օգնությանը դիմելն էր: Թուրքիայի ինտենսիվ մասնակցության արդյունքում է դա եղել: Այսինքն, Թուրքիան հավելյալ հնարավորություններ է տվել, օրինակ, F-16-ի, որը Թուրքիան տրամադրել է: Մեր տեխնոլոգիաները F-16-երի տեսանկյունից խնդիրներ չեն կարող լուծել: Այսինքն, էդ պահի իրավիճակում եղել է Ադրբեջանը, հետագայում Թուրքիան ավելի մեծ ինտենսիվությամբ է մտել Ադրբեջան, ավելի մեծ օգնություն է ցուցաբերել»,- մանրամասնել էր Գրիգորյանը:

Այս վերջին՝ 2022-ի մայիսի 31-ին «Սիվիլնեթին» տված հարցազրույցում, խոսելով 2020-ի պատերազմը կանխատեսել-չկանխատեսելուց, Գրիգորյանը նշել է.

«Այն մեսիջները, որ տարբեր տեղերից էինք ստանում, օրինակ, նման գնահատական ունեինք, բայց որ հարցում էինք անում, երբեմն հերքվում էր դա, որը մեզ որոշակի չափով խճճել է»:

Արմեն Գրիգորյանը, իհարկե, չի ասում, թե ո՞ւմ են հարցում արել, որ հերքվել է պատերազմի սկսման հավանականությունը՝ պետական ինստիտուտների՞ն, թե՞ միջազգային գործընկերներին: Կամ ո՞վ է եղել գնահատական տվողը:

Նիկոլ Փաշինյանը, օրինակ, նույն միտքն արտահայտելիս ավելի հստակ է եղել https://168.am/2021/09/17/1579809.html:

2021-ի աշնանը նա ԱԺ-ում հայտարարել էր՝ «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ»:

Մեկ այլ առիթով Փաշինյանը դարձյալ ԱԺ-ում հայտարարել էր.

«Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնվել այդ գնահատականի հետ»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը սլաքը կոնկրետ ուղղել է երկրի համապատասխան ուժային կառույցներին՝ Գլխավոր շտաբ (ԳՇ), Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), մեղադրել կամ իրենց գործը լավ չանելու, կամ՝ իրենից պատերազմի սկսման հավանականությունը և ժամկետը թաքցնելու մեջ:

Մյուս կողմից, 2020-ի նոյեմբեր 16-ին Ազգային ժողովում պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, թե արդյո՞ք տիրապետել ենք այն ռազմահետախուզական տվյալներին, թե ի՞նչ պոտենցիալի առջև ենք կանգնած, արդյո՞ք ՊՆ-ն համապատասխան հաշվարկ արել և Ձեզ ներկայացրել է, Նիկոլ Փաշինյանն իր պատասխանի մեջ հետևյալ միտքն էր արտահայտել.

«…մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու»:

Նշենք, որ 2020-ի օգոստոսին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր Թուրքիայի կողմից սադրանքների կամ հստակ գործողությունների մասին, ինչը չէր հերքել նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Մասնավորապես, factor.amի հետ զրույցում վերծանելով ԱԽ-ի՝ 21.08.2020թ. նիստի արձանագրությունը, Արմեն Գրիգորյանն ասել էր. «Օնիկ Գասպարյանը ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, մեր հրապարակած թղթում էլ դա երևում է… Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի (ի դեպ, Արմեն Գրիգորյանը սկզբում ասում է՝ արևելյան ուղղությամբ, հետո երևի հիշում է, որ Թուրքիան ՀՀ-ի արևմուտքում է,- Մ.Պ.):

Արմեն Գրիգորյանը վստահեցնում է, թե պատերազմի կանխատեսման ՀՀ կարողությունների բարձրացման վրա աշխատում են, և, որ այս հարցում կարևոր է արտաքին հետախուզության ստեղծումը: Այսինքն, այն խնդիրները, որոնց բախվել են 2020-ի պատերազմի ժամանակ, փորձում են լուծել: Այս վստահեցումն այնքան ծիծաղելի չէր լինի, եթե ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնը թափուր չլիներ, ունենայինք արտաքին հետախուզության խոստացված հզոր կառույցը, և այլն: Ավելին, այսօր շատ ավելի մտահոգիչ վիճակում ենք այս առումով:

Գուցե Արմեն Գրիգորյանի հույսն ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերված Հայաստանի առաջին տիեզերական արբանյակն է, որից արված լուսանկարները պիտի օգտագործվեն նաև սահմանների պաշտպանության համար։ Այն դեպքում, երբ մասնագետների կարծիքով, արբանյակը մեծ լուծողականությամբ քարտեզներ ստանալու համար չէ, նրա դիտակներն այդքան մեծ կարողություններ չունեն: Այսինքն, հնարավորությունները բավարար չեն օգտագործելի հետախուզական լուսանկարներ կատարելու համար: Փոխարենը հստակ է՝ արբանյակը կարող է օգտագործվել սահմանազատման գործընթացում, ինչպես նաև կոմերցիոն նպաստակներով, ինչի մասին խոսել է և՛ ԱԽ քարտուղարը, և՛ իշխանամերձ Արծրուն Հովհաննիսյանը: Մասնավորապես, ՀՀ-ն կարող է նկարահանումներ անել արբանյակից և կոմերցիոն նպատակներով վաճառել նկարահանած այն կադրերը, որոնք պետք են այլ կազմակերպություններին:

Տեսանյութեր

Լրահոս