«Վախն առաջ է գալիս հավատքի պակասից». Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյան
Վախը հոգեբանական երևույթ է, որը, լույս աշխարհ է գալիս մարդու հետ և նրան ուղեկցում ողջ կյանքի ընթացքում: Վախով ենք դուրս գալիս տաքուկ ու փափուկ մայրական որովայնից, բղավում ու բողոքում և ողջ կյանքում փորձում հաղթահարել այդ զգացումը: Իսկ թե ի՞նչ հոգեբանական երևույթ է վախը, ինչպե՞ս կարող է ազդել մարդու ներաշխարհի վրա՝ մեզ օգնեց հասկանալ Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը Վախը զգուշությո՞ւն է, հոգեվիճա՞կ թե հիվանդությո՞ւն: Երեքին էլ կարող է հանգեցնել, նայած, որ տեսանկյունից ենք մոտենում: Նախ ասեմ, որ կա լավ և վատ վախ:
Լավ վախն այն է, երբ մարդը վախենում է սխալներ գործելուց. երբեք երկրորդ անգամ ձեռքը վառվող կրակին չի մեկնի, ավտոմեքենան արագ չի վարի: Օրինակ, օգտակար վախ է, երբ ես վախ ունեմ, որ լավ քահանա չեմ, լավ մարդ չեմ կամ լավ մասնագետ չեմ:
Բայց նաև վատ վախի երկու տեսակ կա: Մեկն ինքնավստահության բացակայությունն է, որը ձախողման է հանգեցնում: Օրինակ, երբ երեխան վախենում է, որ չի կարող դասը սերտել, այդ վախը նրան այն աստիճանի է հասցնում, որ նա իսկապես չի կարողանում: Դա հոգեբանական երևույթ է, հիվանդագին վախ: Բայց քրիստոնյա մարդը ինքնավստահ պետք է լինի` գիտակցելով, որ ինքը ստեղծված է Աստծո պատկերով, որ Աստված միշտ իր կողքին է: Եվ կա վախի մի տեսակ, որին անձկություն ենք ասում: Դա շատ վտանգավոր վախ է, այդ դեպքում մարդիկ հաճախ դեպրեսիայի են մատնվում: Այդ վախն ինչո՞վ է արտահայտվում:Նախ ասեմ, որ անձկությունն առաջ է գալիս հավատքի պակասից: Հավատքը մեզ օգնում է հասկանալ, որ Աստված միշտ մեր կողքին է:
Սա ամենավտանգավոր վախն է: Ինքնաքննադատությամբ ենք զբաղվում, մտածում ենք` մեղավոր ենք, Աստված մեզ չի սիրում, մեր մտերիմները չեն սիրում, անարժան ենք այդ սիրուն… Նման մարդիկ պետք է դիմեն քահանային, գուցե կարիք լինի` նաև հոգեբույժին… Դուք նման հոգեվիճակով շատ մարդկանց հետ եք շփվում: Առավել շատ ինչի՞ց են վախենում մարդիկ:Նկատել եմ, որ մարդիկ շատ են վախենում մահից, նույնիսկ չեն սիրում մահվան մասին խոսել:
Բայց չէ՞ որ ինչպես մի օր ծնվեցինք, մի օր էլ պետք է մահանանք,: Եկեք վայելենք մեզ տրված կյանքը: Մենք ենք հաճախ ստեղծում մեր վախերը: Նաև հիշողություններն են վախի պատճառ դառնում. եթե երեխան տեսնում է, թե ինչպես են ծնողները վիճում, կամ հայրը մորը հարվածում է, դա միշտ իր ենթագիտակցության մեջ է մնում ու հետագայում կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Վախն ի՞նչ հիվանդություններ կարող է առաջացնել և բուժման ի՞նչ մեթոդներ կան:Երբ մարդը ֆիզիկապես տկար է, դա կարող է իր հոգեկանի վրա ազդել: Ֆիզիկապես հիվանդ մարդիկ հաճախ են վախով պարուրվում, հուսալքվում:
Նրանց պետք է սիրելիի, հարազատի, հոգևորականի մխիթարությունը, որպեսզի չտկարանան նաև հոգեպես: Օրինակ, երբ կինս քաղցկեղ ուներ, ցավեր ուներ, փառք Աստծո, իր կողքին էին ամուսինը, զավակները: Սա օգնեց փարատել ցավը, ու նրա ֆիզիկական ցավը հոգեկան ցավ չդարձավ: Մենք` հայերս, լավ խոսք ունենք` ցավդ տանեմ: Այդ ցավը պետք է տանի քո հարազատը, մտերիմը: Պետք է աջակցություն ունենաս մտերիմներիդ շրջապատում: Նաև շատ կարևոր է օրվա մեջ 10-15 րոպե առանձնանալ և թվել այն ամենն, ինչ Աստված տվել է քեզ: Կամաց-կամաց կտեսնես, որ կյանքում ավելի շատ դրական, քան բացասական բաներ կան: Կենտրոնացիր դրականի վրա: Բայց կա վախ, որը միայն բժիշկը կարող է բուժել և, թերևս, միայն դեղերով:
Այդ դեպքում քահանան չի անցնում իր գիտությունից այն կողմ, այլ մատնացույց է անում հոգեբույժին: Որքան հասկացա, վախից ձերբազատվելու համար ցանկությունից զատ նաև համբերություն է պետք:Իհարկե, ընդհանրապես համբերությունը ամենից լավ բանն է: Յուրաքանչյուրս էլ անցնում ենք վախի, դեպրեսիայի միջով: Պետք է հաղթահարենք այդ ամենը` միշտ իմանալով, որ Աստված մեր կողքին է: Եվ նորից կրկնեմ` մենք միշտ պետք է իմանանք, որ ինչ էլ անենք՝ Աստված մեզ սիրում է: Ես միշտ այս օրինակն եմ բերում. երբ զավակդ չարիք է գործում, շարունակում ես սիրել նրան: Ճիշտ է, թերևս, զավակդ պետք է պատժվի կատարածի համար, սակայն ծնողի սերը դրանից չի նվազում: Եթե Աստվածային սերը լինի, վախն ինքնաբերաբար կանհետանա:
Մեկն ինձ ասել է. «Եթե դեպրեսիայի մեջ ես, դուրս եկ, շնչիր, ծաղիկների մեջ քայլիր, երկնքին նայիր և զգա տիեզերքի շարժումները»… Ապրիր Աստծո օրենքներով, զգա Նրա ներկայությունը քո կյանքում և ժամանակի ընթացքում կտեսնես, որ այդ վախը կվերանա …