Սա ապահովագրությո՞ւն է, թե՞ վարկ, արդյո՞ք ստիպողաբար վարկի տակ գցելը Սահմանադրության խախտում չէ. Վարորդները՝ ԱՊՊԱ-ն թանկացնելու մասին
Փետրվարի 7-ից ԱՊՊԱ-ն թանկացավ 3000 դրամով: Այս մասին հունվարի 27-ին հաղորդագրություն էր տարածել Հայաստանի ավտոապահովագրական բյուրոն: Բոնուս-Մալուս համակարգի փոփոխություններն էլ կլինեն մարտի 1-ից: Այս որոշումն առաջացրել է վարորդների զայրույթը, քանի որ, ըստ նրանց, թանկացումն անհիմն է:
Վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատուրովը 168.am-ին հայտնեց, որ երկուշաբթի օրը՝ փետրվարի 14-ին, Ազգային ժողովում տեղի է ունենալու քննարկում՝ կապված ԱՊՊԱ-ի թանկացման հետ։
Իրենք ներկայանալու են 7 անձից բաղկացած կազմով, որպեսզի ներկայացնեն տիրող իրավիճակը։
Լինելու են ներկայացուցիչներ՝ Ապահովագրական բյուրոյից, Ոստիկանությունից, Կենտրոնական բանկից:
Վարորդներն էլ նշեցին, որ իրենց հետաքրքրում է՝ ինչո՞ւ չեն զրոյացնում բոլորի դասերը, ինչո՞ւ են վնասի գնահատման ժամանակ առաջ քաշում մաշվածության հարցը՝ ասելով, թե լուսարձակի մաշվածություն կա, եթե այդ լուսարձակն աշխատել է 10 տարի ու դեռ այդպես 20 տարի էլ կաշխատի, եթե չվնասեն։
«Ես կուզեի իմանալ՝ Մալուսի փոփոխության հետ կապված ի՞նչ միջոցներ է նախատեսվում խփող-թռնողների դեմ պայքարելու համար ու, ընդհանրապես, սա ապահովագրությո՞ւն է, թե՞ վարկ: Արդյո՞ք ստիպողաբար վարկի տակ գցելը Սահմանադրության խախտում չէ:
Թանկացումն իրավազուրկ գործողություն է։ Վարորդը խախտում է կատարել, դրա համար գոյություն ունի տուգանքի չափ, որը կախված է նաև վթարային իրավիճակ ստեղծելու հետ։ Վարորդի արարքի համար երկրորդ պատիժը հակասահմանադրական է»,- ընդգծեց վարորդներից մեկը։
Մեկ այլ վարորդի էլ հետաքրքրում է՝ եթե ունի մի քանի մեքենա, և տա վարձակալության, և ամիսը մեկ մի վարորդ փոխվի, ինչո՞ւ պետք է լավ կամ վատ վարող վարորդի պատմությունը հարվածի սեփականատիրոջ գրպանին:
Ավելին, վարորդների փոխանցմամբ, օրինակ, եթե մեկն ունի 1000 դոլար արժողությամբ 1991 թվականի արտադրության «Օպել» մակնիշի մեքենա, ու վթարի հետևանքով մեքենան ջարդուփշուր լինի, դա՞ է ավելի շատ վտանգավոր, թե՞ 2020 թվականի արտադրության թանկարժեք մեքենային թեթև հարվածելը: Արդյոք ճի՞շտ է գումարայինով վարորդի ռիսկային խումբը գնահատելը, թե՞ սա քայլ է, որը զուտ ուղղված է բիզնեսին, քանի որ կարևորվում է փողը, այլ ոչ թե վարորդների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Ապահովագրական բյուրոյի տնօրեն Վաղինակ Եղիազարյանը հանդիպեց վարորդներին, պատասխանեց նրանց հարցերին:
«Եթե սակագների համեմատ՝ հատուցումների անբավարարություն կա, կամ պատահար ունեցողներինը շատ պետք է թանկացնես, կամ բոլորինը՝ ինչ-որ չափով, իսկ նրանցը՝ ավելի շատ: Իսկ այն, որ ասում են՝ 300 տոկոսով թանկանալու է, դա զրպարտություն է: Չի կարող պատահական խոշոր պատահար լինելուց՝ 300 տոկոսով բարձրանա: Ամենաբարձրը 8 դաս է, որը միջինն ապահովում է 100 տոկոս, ոչ թե՝ 300: Եթե վաղը կամ մյուս օրն այս սակագներն ավելի անհատական ձևավորվեն, բնականաբար, որը որ ցածր վնասաբեր է, շատ ավելի ցածր կլինի:
Բոնուս-Մալուս համակարգի անհատական ռիսկերի գնահատման համակարգի անցում որ ասում ենք՝ ոչինչ չի փոխվում: Սկզբունքը նույնն է, ինչ 2 տարի առաջ: Դասերի, տոկոսների մեջ ինչ-որ փոփոխություններ կան, բայց սկզբունքը լրիվ նույնն է: Այստեղ քաղաքական որոշում չի կայացվել: Կոնկրետ որոշում է՝ հիմնված հաշվարկի վրա: Բոնուս-Մալուս համակարգը բոլոր երկրներում միտված է վարորդների վարքագծի վրա ազդելու»,- ասաց Վաղինակ Եղիազարյանը: